Հղի կինը հիվանդանոցում մահացել է. մանկաբարձ-գինեկոլոգը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
2014թ. մահացած հղի Նարինե Շարոյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործը վերաքննիչ դատարանում է։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ «Արմավիր» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հ. Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 2 տարվա ազատազրկման։ Դատարանը վճռել էր նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Այս դատավճիռը բողոքարկել են թե ամբաստանյալը, թե տուժողի իրավահաջորդը, թե մեղադրողը։ Ամբաստանյալի պաշտպանը պահանջել է արդարացնել բժշկին, մեղադրողն ու տուժողի իրավահաջորդը պահանջում են ամբաստանյալին թողնել կրելու դատավճռով նշանակված պատիժը։ Տուժողի իրավահաջորդը պահանջել է նաև բավարարել իր կողմից ներկայացված քաղաքացիական հայցն ամբողջությամբ։
Նշենք, որ 2014թ. հուլիսի 07-ի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 2015թ. փետրվարի 26-ի որոշմամբ բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ինչում է մեղադրվում բժշկուհին
Հ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, 2014թ. հունիսի 28-ին կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, ժամը 11:50-ին 19-20 շաբաթական հղիությամբ բուժօգնության դիմած տուժողին բուժօգնություն ցուցաբերելիս իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով՝ դրանք պատշաճ չի կատարել, այն է` տուժողին մանկաբարձական բաժանմունք ընդունելու և այնտեղ բոլոր հետազոտությունները կազմակերպելու փոխարեն՝ ուղարկել է ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ հնարավոր չի եղել ժամանակին ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները, և ըստ այդմ կատարել բուժական միջոցառումներ, որն էլ պատճառ է հանդիսացել հղիի օբյեկտիվ վիճակի ոչ ճիշտ գնահատմանը, ուշ ախտորոշմանը` միայն 15:50-ին է գինեկոլոգի կողմից ճիշտ ախտորոշվել ընկերքի շերտազատում և մասիվ արյունահոսություն, և նրա մոտ ծանրագույն բարդությունների առաջացմանը, ինչն էլ հետագայում, չնայած ձեռնարկված համարժեք բուժական միջոցառումների կատարմանը, հնարավորություն չի ընձեռել փրկելու տուժողի կյանքը` անզգուշությամբ առաջացնելով բուժվող հիվանդի մահ:
Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը
Ըստ ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի՝ ամբաստանյալ Հ. Հակոբյանը դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել այն մասին, որ 2014թ. հունիսի 28-ին 19-20 շաբաթական հղիությամբ սննդային թունավորում ախտորոշմամբ տուժողը, ամուսնու և սկեսրոջ հետ, դիմել է հիվանդանոց, ասել, որ մեծ քանակությամբ ձմերուկ է կերել, ունի գլխապտույտ, փսխում է, լուծ է: Ինքը կատարել է նախնական հետազոտություն, լսել է երեխայի սրտի բաբախը, կատարել է ներքին զննում, ամեն ինչ նորմալ է եղել, նախնական հետազոտումը տևել է մոտ հինգ րոպե։ Նախնական հետազոտության ժամանակ ծնարան է եկել Արմեն Վարդանյանը, հարցրել է, թե ինչ հիվանդ է, ինքն էլ պատասխանել է, որ սննդային թունավորում ունի, քանի որ մեծ քանակությամբ ձմերուկ է կերել: Իրեն հանձնարարվել է հղիին ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք: Եթե կա սննդային թունավորման դեպք, ապա հրամանի համաձայն՝ իրենք հղիին ուղարկում են ինֆեկցիոն բաժանմունք: Հրամանի համաձայն՝ իրենք այդպես են վարվել տուժողի հետ: Հղիին ինֆեկցիոն բաժանմունք են տարել ամուսինը և սկեսուրը, ավտոմեքենայով: Ժամը 12:15-ին հղին արդեն ինֆեկցիոն բաժանմունքում էր:
Բժիշկներից մեկն ասել է, որ տուժողն իրենց հիվանդն է, իրենք կբուժեն, իսկ հարկ եղած դեպքում գինեկոլոգ կկանչեն: Իր հիշեցմամբ, գնացել է հղիին կոնսուլտացիա անելու, այնուհետև տեսնելով, որ հղին արյուն ունի, բերել է վիրահատության: Ժամը 14:50-ի սահմաններում իրեն կանչել են վիրահատարան: Վիրահատություն է կատարվել, ինքն առաջարկել է պահպանել պտուղը, հղիի մոտ արյունահոսություն չի եղել: Ինքը համաձայն չի եղել վիրահատությանը, սական բժիշկն իրեն ասել է՝ «բա որ հետո վատ լինի՞»: Վիրահատության ժամանակ անեստեզիոլոգը զգուշացրել է իրենց, որ ուշադիր լինեն, քանի որ ճնշումն ընկնում է: Երևանից բրիգադ է կանչվել։ Հեռացվել է արգանդը, սակայն արգանդի հեռացումից հետո արյունահոսությունը չդադարեց:
Նկարագրելով հետագա իրադարձությունները՝ ամբաստանյալը նշել էր, որ ժամը 22:00-ին հղիին տեղափոխել են «Արմենա» ՀԲԿ: Այնտեղ առավոտյան հղիին նորից էին վիրահատել: Դրանից մեկ կամ երկու օր հետո գնացել են տեսակցության, և իրենց ցանկությամբ անգամ մի որոշ գումար են տվել օգնության նպատակով՝ դեղորայք գնելու համար, իսկ հաջորդ օրն արդեն սկսել են իրեն քարկոծել:
Ինչ ցուցմունք է տվել տուժողի ամուսինը
Ըստ դատական ակտի՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված նրա ամուսինը ցուցմունք է տվել, որ համատեղ կյանքի ընթացքում ունեցել են մեկ երեխա։ 2014թ. տեղեկացել են կնոջ հղիության մասին, և վերջինս որպես հղի՝ հաշվառվել է «Արմավիր» ԲԿ-ի գինեկոլոգիական բաժանմունքում, հաճախել կոնսուլտացիաների։
2014թ. հունիսի 27-ին, երբ ընտանիքի հետ միասին գտնվել է իրենց բնակարանում, կինը ձմերուկ է ցանկացել, իսկ ինքը չմերժելով կնոջ խնդրանքը՝ գնել է այն, և ժամը 23։00-ի սահմաններում կնոջ հետ միասին ձմերուկն ուտելուց հետո պառկել են քնելու։ Հաջորդ օրն առավոտյան կինը հայտնել է, որ իրեն վատ է զգում, անմիջապես զանգահարել է բժշկուհուն: Կինն անընդհատ փսխում էր և գլխապտույտներ էլ ուներ: Բժշկուհու ասած դեղը խմելուց հետո շարունակում էր փսխել: Դրանից հետո ինքը և մայրը Նարինեին նույն օրը` ժամը 11։50-ի սահմաններում, տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք, որտեղ կնոջը զննել է բժիշկ Հասմիկ Հակոբյանը, ով տեղեկանալով, որ նախորդ օրը կինը ձմերուկ է կերել, հայտնել է, որ նրա մոտ հղիության հետ կապված խնդիրներ չկան, այլ առկա է սննդային թունավորում, ու կնոջն ուղարկել է ինֆեկցիոն բաժանմունք։
Կնոջը մի կերպ ավտոմեքենայով ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխելուց հետո իրենց են մոտեցել 4-5 բժիշկներ և ասել, թե ինչի՞ են հղիին բերել իրենց մոտ: Ինքը նրանց խնդրել է, որ օգնեն կնոջը, սակայն ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկները ոչ մի օգնություն չեն ցուցաբերել: Կնոջը թողնելով ինֆեկցիոն բաժանմունքում՝ գնացել է Հասմիկի մոտ և ասել, որ իրեն կանչում են ինֆեկցիոն բաժանմունք, սակայն վերջինս իրեն պատասխանել է՝ «գամ՝ ի՞նչ անեմ»: Ինքը շարունակել է օգնություն խնդրել, այդ օրն ինֆեկցիոն բաժանմունքի հերթապահ բժշկի հետ վազքով գնացել են ինֆեկցիոն բաժանմունք: Բժիշկը, տեսնելով, որ կինը հղի է, նշանակել է կաթիլային, և կնոջ վիճակը մի քիչ կարգավորվել է: Երբ ինքն ու կինը միայնակ են եղել ինֆեկցիոն բաժանմունքում, իրեն ասել է, որ ցանկանում է դուրս գալ, ինքը նրան օգնելուց նկատել է, որ սավանն արյունոտված է, և անմիջապես օգնության է վազել: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց և տարել վիրահատարան: Կնոջը Երևանից եկած բրիգադով տեղափոխել են «Արմենիա» ԲԿ և կրկին վիրահատել: Ինքն իմացել է, որ «Արմենիա» ԲԿ-ում բաց անոթը գտել են և բարեհաջող վիրահատել, սակայն հաջորդ օրը կինը մահացել է: