Ալիևի հյուրասիրած թեյը գերել է Պուտինին

Հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերություններն աշխարհում ամենաբացառիկ ու ամենաաննախադեպ հարաբերություններն են։ Ձևով՝ բարեկամական, բովանդակությամբ՝ թշնամական լինելու իմաստով։ Դժվար է գտնել աշխարհի երկու այլ պետությունների միջև բարեկամության նախադեպ, որի կողմերից մեկն ինտենսիվորեն, հետևողականորեն ու անմնացորդ կերպով հարաբերվում է կողմերից մյուսի թշնամու հետ։ Հարաբերվում է ոչ թե սովորական կերպով, դիվանագիտորեն, այլ հարաբերվելով՝ ուժեղացնում է վերջինիս, ամրապնդում է նրա ռազմական պոտենցիալը, որի նպատակը «դարավոր բարեկամության» մյուս սուբյեկտի ոչնչացումն է։

Բավական է հետևել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում կատարված փոխայցելությունների ժամանակացույցին ու դրանց ընթացքում հնչած հայտարարություններին՝ համոզվելու համար, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն այլևս մեր ռազմավարական սպառնալիքն է։

Օգոստոսի 8-ին Բաքու է մեկնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որտեղ Ալիևի տանը թեյելուց ու Մոսկվա վերադառնալուց հետո ընդունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ու Հայաստանին շնորհավորում ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում արձանագրած 10 տոկոս տնտեսական աճի համար։ Ապա Մոսկվա է մեկնում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, զուգահեռաբար՝ Մոսկվա է այցելում Հայաստանի պաշտպանության նախարար Օհանյանը։ Պաշտոնական հաղորդագրություններում, բնականաբար, չի մանրամասնվում, թե ով ինչի համար է մեկնում Մոսկվա, և ում ինչի համար են կանչում Մոսկվա։

Բայց դրան հաջորդած պաշտոնական հաղորդագրություններն ասում են, որ Հասանովի ու Օհանյանի մոսկովյան այցերից հետո Բաքու է մեկնում Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն և Բաքվում հայտարարում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները քննարկելու բան ունեն ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյունից։

Նրան ընդունած Ալիևն էլ ասում է, թե «Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների մակարդակը թույլ կտա բազմաթիվ հարցեր լուծել` կապված տարածաշրջանային անվտանգության հետ»։
«Խոսելու բան կա ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասով»,- Բաքվում հայտարարում է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն, ում հետ Ալիևն արդեն քննարկում է տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ի՞նչ են Բաքվում պայմանավորվել Պուտինն ու Ալիևը, որի մասին Ռուսաստանի նախագահը, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, իրազեկել է Հայաստանի նախագահին։ Ի՞նչն է ստիպել Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովին՝ Մեկնել Մոսկվա, որտեղ գրեթե միաժամանակ եղել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Եվ վերջապես ի՞նչ հարցեր չի կարողացել Մոսկվայում քննարկել կամ լուծել Հասանովը, որի պատճառով նրա այցից գրեթե անմիջապես հետո Շոյգուն մեկնել է Բաքու՝ խոսելու անձամբ Ալիևի հետ։

Ո՞վ ի՞նչ է ստանալու և ո՞վ ի՞նչ է հանձնելու ռուս-ադրբեջանական այս աննախադեպ մերձեցման արդյունքում, որն ուղեկցվում է ռուս-թուրքական վերամերձեցված հարաբերություններով։ Այս և բազմաթիվ հարցերի պատասխաններ Հայաստանում որևէ մեկը չի տալիս։ Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները Հայաստանում փորձում են ստանալ՝ ռուսական և ադրբեջանական լրատվությանը հետևելով։

Որովհետև Հայաստանը վաղուց տարածաշրջանային անվտանգության մասնակից ու նախաձեռնող լինելուց՝ վերածվել է տարածաշրջանային անվտանգության սպառողի։ Անվտանգության, որի մասին որոշումներ են կայացնում Ալիևն ու Շոյգուն։

Հայ-ռուսական դարավոր բարեկամությունն իսկապես աննախադեպ է։ Դժվար, ոչ թե դժվար, այլ անհնար է գտնել աշխարհում բարեկամության որևէ այլ օրինակ, որը հիմնված է բարեկամ կողմերից մեկի կողմից՝ մյուսի վերացմանը։ Հայ-ռուսական բարեկամությունն աննախադեպ է ու նաև բացառիկ, որովհետև, փաստորեն, այլևս դրա շարժիչ ուժը ռուս-ադրբեջանական բարեկամությունն է։
Խաչատուր Աբովյանի ականջը կանչի։

Տեսանյութեր

Լրահոս