«Կամուրջ դեպի լույս» բարեգործական կազմակերպությունը ՊՆ-ին 232 արկղ օգնություն է տրամադրել
Ամերիկյան «Կամուրջ դեպի լույս» (Bridge 2 light) բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն այս տարի հուլիսին 60 կգ-անոց 232 արկղ է տրամադրել, որոնց մեջ կան ուսապարկեր, քնապարկեր, գիշերային տեսանելիության սարքեր, սնունդ և այլն: Կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Փարիզ Կասմանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ արկղերն արդեն ՊՆ պահեստում են, պետք է տեսակավորել և տեղափոխել զորամասեր: «Հուլիսի 17-ին սկսված դեպքերի պատճառով աշխատանքները հետաձգվեցին, հիմա էլ պատասխանատուներն արձակուրդում են: Նախարարին նամակ ենք գրել, որ 50 արկղը հատկացնեն Գյումրիին, 50-ը՝ Նոյեմբերյանի Բաղանիս սահմանամերձ գյուղին, մնացածը պետք է տարվի Ղարաբաղ և բաժանվի»,- ասաց Փ. Կասմանյանը:
Բացի զինվորական օգնությունից, նշեց Փ.Կասմանյանը, «Կամուրջ դեպի լույսն» իրականացնում է նաև տնտեսական աջակցություն: Ըստ նրա՝ կազմակերպության նախագահ Ժաննա Կասմանյանի Հայաստան այցելության ընթացքում գյուղական ծրագիր է իրականացվել, մասնավորապես՝ խոզի գոջիներ են բաժանվել, ապա մեկնել են Գյումրի, որտեղ «SOS Գյումրիի» բնակարանների հատկացման ծրագրում չընդգրկված 5 ընտանիքների, որոնք վագոն-տնակներում են ապրում, նվիրել են սառնարաններ, մանկական մահճակալ, հաց թխելու վառարաններ և այլն, նաև ԱՄՆ-ից հրավիրվել է վիրաբույժ, և 20 մարդ ստացել է անվճար բուժօգնություն, կատարվել են վիրահատական միջամտություններ:
«Առձեռն գումար չի հատկացվում, մեր նպատակն ընտանիքների սոցիալական վիճակի բարելավումն է»,- նշեց Փ.Կասմանյանը:
Նա տեղեկացրեց, որ կազմակերպությունը բավականին մեծ օժանդակություն է հատկացրել նաև 163 դպրոցին, որն ունի ներառական կրթության դասարաններ. «Նրանց ծրագրերին բավականին մեծ օժանդակություն է նախատեսված, բավականին մեծ գումար է ներդրվել: Այդ նույն դպրոցում են սովորում նաև վթարված ուղղաթիռի զոհված օդաչուի 2 երեխաները: Վերանորոգվում է մեծ զինվորական դասասենյակ, աշխատանքները սկսված են, փոխել ենք դռները, այժմ պատերն ենք վերանորոգում, իսկ ՊՆ-ն հատկացնում է ամբողջ զենքն ու զինամթերքը: Նպատակը մատաղ սերնդին զինվորական կրթությանը ծանոթացնելն է»:
Փ.Կասմանյանի խոսքով՝ ընտրվել է 163 դպրոցը, որովհետև ներառական կրթության երեխաները մինչև 5 տարեկանը հաճախում են հարևանությամբ գտնվող, Առաջին տիկնոջ հովանու ներքո գործող ներառական կենտրոն. «163 դպրոցն իր 2 մասնաշենքն է հատկացրել նրանց, դպրոցի 7 մասնաշենքերից մուտք կա դեպի ներառական կենտրոն, որտեղ մինչև 6 տարեկան երեխաներին նախապատրաստում են, որից հետո նրանք դայակների ուղեկցությամբ պետք է գան դպրոց: Նպատակն է, որ ծնողներին հնարավորություն տանք աշխատելու, ոչ թե ստիպված լինեն երեխայի հետ տանը նստել: Դպրոցում 3 դասարան պետք է հարմարեցվի ներառական երեխաներին, այսինքն՝ լայն դռներ դրվեն, հարթակներ կառուցվեն, մանկավարժի, լոգոպեդի և սոցաշխատողի հարց լուծվի»:
Խոսելով ապագայի ծրագրերից՝ Փ.Կասմանյանը նշեց նաև, որ գյուղական համայնքներին բաժանելու են ժամանակակից մեղվի փեթակներ, որոնցից մեղրն առանց մարդու միջամտության է քամվում, և Հադրութի զորամասերից ստացված ահազանգի հետ կապված՝ նախատեսվում է դիզվառելիքով աշխատող ամենագնաց սահնակներ նվիրել ՊՆ-ին: