Ղազախստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Նազարբաևն օգնել է բարելավել Պուտինի և Էրդողանի հարաբերությունները
Ղազախստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է գործի դրել իր հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ` վերականգնելու Մոսկվայի և Անկարայի կապերը, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը:
«Մեր ղեկավարը, հաշվի առնելով Ղազախստանի մտերիմ հարաբերությունները թե´ Ռուսաստանի, թե´ Թուրքիայի հետ, ինչպես նաև իր բարի հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հետ, իհարկե, օգտագործել է իր կապերը, որպեսզի ինչ-որ չափով նպաստի նրանց միջև հարաբերությունների բարելավմանը ինքնաթիռի հայտնի դեպքից հետո: Ինչ վերաբերում է Hurriyet թերթին և դետալներին, որոնք այդտեղ պարունակվում են, ապա, որպես օրենք, մենք նման դետալները պաշտոնապես չենք մեկնաբանում, այդպես ընդունված է դիվանագիտական պրակտիկայում»,- լրագրողներին ասել է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական Hurriyet Daily News թերթը գրել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտի կարգավորման հարցում որպես միջնորդներ հանդես են եկել թուրք գործարար Ջավիդ Չաղլարը, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Ինչպես պարբերականի հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը, «Ջավիդ Չաղլարը շատ կարևոր դեր է կատարել» հարաբերությունների վերականգնման հարցում, ինչպես և Նազարբաևը, որը «ցուցադրել է Թուրքիայի հետ մեծ բարեկամություն»:
Բացի այդ` ռուս-թուրքական ճգնաժամը մեղմելու հարցում իր դերն է ունեցել «գեներալ Հուլուսի Աքարի հայրենասիրական նախաձեռնությունը»: Միաժամանակ, Քալընը չի հայտնել, թե ինչպես են միջնորդները նպաստել կոնֆլիկտի հաղթահարմանը:
Hurryiett-ի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի խոսքով` ապրիլի վերջին Հուլուսի Աքարը հայտնել է Էրդողանին, որ խնդիրը հնարավոր է հաղթահարել Չաղլարի օգնությամբ, որը Nergis Holding ընկերության ղեկավարն է, տեքստիլի բիզնես ունի նաև Դաղստանում:
Նշվում է, որ Չաղլարը ծանոթ է շրջանի ղեկավար Ռամզան Աբդուլաթիփովի հետ, որը շփումներ ունի ՌԴ նախագահի հետ նրա օգնական Յուրի Ուշակովի միջոցով:
Էրդողանը հավանության է արժանացրել պլանին, գրում է պարբերականը:
Կալընը շփվել է Ուշակովի հետ, որը Պուտինին ուղղված նամակի սևագրի հեղինակն է:
Դրանից հետո սկսվել է մաքոքային դիվանագիտությունը, որի շրջանակում նամակը մի քանի անգամ խմբագրվել է:
Աղբյուրների խոսքով` հունիսի վերջին Պուտինի հետ հանդիպումից հետո Նազարբաևը Անկարայում Ղազախստանի դեսպանի միջոցով Կալընին հաղորդել է, որ Պուտինը պատրաստ է ընդունել նամակը:
Նազարբաևը նամակը փոխանցել է ՌԴ նախագահին Յուրի Ուշակովի միջոցով: