![](/banners/BeFunky-design.jpg)
«Թշնամին անընդհատ հրետակոծում էր մեր զորամասի տարածքը. այն գտնվում էր ուղիղ նշանառության տակ»
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/856404.jpg)
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, Հայոց բանակի արդեն նախկին զինծառայող, 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի մասնակից Հարություն Մովսիսյանը զորացրվել եւ տուն է վերադարձել պետական պարգեւով՝ «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանը, Հարություն Մովսիսյանն իր եղբայր Գարիկի հետ միասին Մարտակերտի ուղղությամբ տեղակայված զորամասի կազմում մասնակցել է ապրիլյան հերոսամարտերին, եւ նրանց ծնողներն անսահման երջանիկ են, որ իրենց որդիները ոչ միայն ողջ ու առողջ են դուրս եկել պատերազմական գործողություններից, այլ նաեւ նրանցից մեկը տուն է վերադարձել պետական պարգեւի արժանացած:
Հարությունի եւ Գարիկի հայրը՝ Հայկ Մովսիսյանը, ասաց. «Բառերով դժվար է նկարագրել, թե մեր ընտանիքով ու հարազատներով ինչ ապրումների մեջ էինք ապրիլի առաջին օրերի ընթացքում: Մենք ընդամենը այս երկու տղաներն ունենք, ովքեր այդ ծանր օրերին միասին գտնվում էին պատերազմի մեջ: Մեր հույսը մնացել էր միայն Աստծուն: Հպարտ եւ ուրախ եմ, որ ավագ որդիս ողջ ու հերոսացած տուն դարձավ եւ հավատում եմ, որ նույն կերպ էլ կրտսեր տղայիս կդիմավորեմ մեկ տարի հետո»,- ասաց Հայկ Մովսիսյանը:
Ապրիլյան հերոսամարտերից առած դասերի եւ նշանակության, Հայոց բանակի մարտունակության, իր հրամանատարների սխրալի կերպարների, ապագա անելիքների մասին «Արմենպրես»-ի հետ կիսվեց Հարություն Մովսիսյանը:
«Երբ սկսվեցին պատերազմական գործողությունները, ես մարտական հատուկ հանձնարարություն ստացա՝ պահպանել մեր գնդի դրոշը: Թշնամին անընդհատ հրետակոծում էր մեր զորամասի տարածքը, որն անօդաչու թռչող սարքերի կողմից հայտնաբերվել էր եւ գտնվում էր ուղիղ նշանառության տակ: Կարճ ժամանակի ընթացքում մեր զորամասի ողջ անձնակազմը դիրքավորվեց թշնամուն արդեն անտեսանելի տեղում, եւ նա ստիպված աննպատակ հրետակոծում էր միայն շինություններն ու զորամասի դատարկ տարածքը:
Գնդի դրոշը տեղափոխել ենք Ներքին Հոռաթաղ գյուղ, որտեղ էլ կազմակերպել ենք նրա ուժեղացված պահպանությունը: Դիմակայել ենք թշնամու կրակահերթերն ու հարձակումները՝ տալով համարժեք պատասխան նրա յուրաքանչյուր գործողության դիմաց: Բարեբախտաբար, մեր զորամասը շատ կորուստներ չտվեց, բացի նրանից, որ տարածքի ականապատման ժամանակ ականի պայթյունից մեր ծառայակից Նորայր Զախարյանը կորցրեց ոտքը: Իսկ ես պետական պարգեւի արժանացել եմ հատուկ մեր դրոշի պահպանության հանձնարարությունն անթերի կատարելու համար»,- ներկայացրեց Հարություն Մովսիսյանը:
Նա խոսեց նաև ապրիլյան հերոսամարտերի հաղթանակը կռած իր հրամանատարների մասին: «Անկեղծ ասած, մինչ ապրիլյան հերոսամարտերը մենք մեր հրամանատարներին հարգում էինք որպես սովարական մարդկանց ու հրամանատարների՝ ըստ արժանվույն չգնահատելով նրանց դերն Արցախն ազատագրելու գործում: Ապրիլյան հերոսամարտի ընթացքում մենք հասկացանք, թե մեր հրամանատարների համար ինչպիսի նշանակություն ունի ազատագրված յուրաքանչյուր թիզ հողի պաշտպանությունը, թե ինչ քաջ ու հայրենասեր մարդիկ են նրանք՝ մեծարանքի արժանի: Մենք էլ մեզ հպարտ ենք զգում, որ այդ ծանր օրերին եղել ենք նրանց կողքին, հայրենիքի պաշտպանության դիրքերում: Եղբորս տեսակցելու նպատակով հաճախակի կլինեմ մեր զորամասում, կտեսակցեմ նաեւ հրամանատարներիս ու ծառայակիցներիս, կշարունակեմ ուսումս Երեւանի ճարտարագիտական համալսարանում, այսուհետ հայրենիքիս ու ծնողներիս կծառայեմ խաղաղ աշխատանքում: Բայց եթե, Աստված չանի, թշնամին նորից փորձի պատերազմ սկսել, ես կամավոր կգնամ իմ զորամաս եւ կգլխավորեմ մեր հրա ձգային դասակի իմ ջոկը, որ վստահված էր ինձ»,- նշեց Հարությունը:
Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանի հավաստմամբ՝ այս պահի դրությամբ Հայոց բանակի շարքերում ծառայում են 63 ձորագյուղցիներ:2016 թվականի ամառային զորակոչի ընթացքում Ձորագյուղից հայոց բանակ են զորակոչվել 11 նորակոչիկ, զորացրվել եւ տուն են վերադարձել 9 ժամկետային զինծառայող:»Գյուղապետարանի կողմից դրամական խրախուսանքի են արժանանում սոցիալապես անապահով եւ ծնողազուրկ երեխաները: Հարությունը սոցիալապես անապահով ընտանիքից է, ով եւս արժանացել է նաեւ մեր դրամական խրախուսանքին»,- ասաց համայնքի ղեկավարը
Խոսրով Խլղաթյան