«ՌԴ-ից ձեռք է բերվել զինտեխնիկա նախկին համաձայնությունների շրջանակում». Սեյրան Օհանյան

Հայաստանի կարևոր խնդիրներից է սեփական ռազմական տեխնիկա ստեղծելու հարցը, ինչի ուղղությամբ կատարվում են համապատասխան քայլեր: Այս մասինհայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` մինչ մեր երկրում շարունակվում են սեփական զինտեխնիկայի արտադրության զարգացման գործընթացները, Հայաստանը շարունակում է նաև ռազմատեխնիկական համագործակցությունն այլ երկրների հետ:

«Ռազմատեխնիկական համագործակկցության շրջանակներում շարունակվել է արտերկրից, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերվել համապատասխան սպառազինություն և ռազմական տեխնիկա` նախկին համաձայնությունների շրջանակում: Միջազգային երաշխիքների ձևավորման հարցում շարունակել ենք համագործակցությունը ԱՊՀ և Հյուսիսատլանտյան Դաշինքի երկրների հետ` և’ երկկողմ և’ բազմակողմ բանակցությունների շրջանակներում: Հիմնական խնդիր ունենալով բարձրացնել մեր փոխգործունակության աստիճանը` պետք է պատրաստ լինենք ցանկացած խնդրի կատարման համար, հատկապես միջազգային կայունության և անվտանգության հարցերում»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Օհանյանը նաև ասաց, որ Ռուսաստանի կողմից տրված 200 մլն դոլար վարկի շրջանակներում բոլոր պայմանագրերը ռուսական կողմի հետ կնքված են, և զենքի մատակարարումը Հայաստան արդեն սկսվել է՝ առանց, սակայն, մանրամասնելու, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը․

«Ինչ վերաբերում է այն հարցին, որը որ իրականության մեջ շրջանառության մեջ է արդեն երկար ժամանակ՝ վարկի տրամադրմանը ՌԴ-ից և դրա շրջանակներում սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռք բերմանը, գրեթե ամբողջությամբ պայմանագրերը կնքված են, համաձայնեցված են, ներպետական գործընթացները ավարտված են: Ամբողջությամբ այդ համաձայնությունները կան, աշխատանքները ընթացքի մեջ են: Դեռ ավելին՝ առկա միջոցներից, նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում սպառազինության ներկրումն այսօր ընթացքի մեջ է և իրականացվում է: Ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտի հետ մենք համագործակցություն ենք իրականացնում, հատկապես ժամանակակից միջոցների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ձևավորման համար: Ես գտնում եմ, որ գոյություն ունեցող պայմանագրերը մեր ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցության շրջանակներում մանրակրկիտ ուսումնասիրվել, վերլուծվել են, և այդ ժամանակահատվածի համար բավականին լուրջ աշխատանք է կատարվել, և չէր կարող Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնպես աներ, որ այդ պայմանագրերում մեր շահերը լիարժեք ընդգրկված չլինեին:

Եվ կարծում եմ, որ, հաշվի առնելով այդ ամենը, մեր ռազմավարական գործընկերը իր պայմանագրային պարտականությունները կատարելու է՝ եթե Հայաստանի Հանրապետությունը ագրեսիայի ենթարկվի»:

Տեսանյութեր

Լրահոս