«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Սարգսյան-Պուտին հանդիպումից բեկում պետք չէ սպասել». Սկակով

«Երևանյան դեպքերը դժվարացնում են ԼՂ հակամարտության բուն բանակցային գործընթացը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի հարցերով ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Նա նշեց, որ Ռուսաստանն արտաքին քաղաքական ակտիվ գործունեության է անցել՝ փորձելով գրավել նոր դաշնակիցներ, ինչն Արևմուտքի հետ դիմակայության պայմաններում շատ ավելի կարևոր նշանակություն է ստանում: Ըստ Սկակովի, Մոսկվան փորձում է խորացնել հարաբերություններն Իրանի հետ, որի պատճառով համաձայնեց համագործակցության՝ այս նոր եռակողմ ձևաչափով, ինչը, դեռ դժվար է ասել, թե ինչ արդյունքներով կավարտվի այս երեք երկրների համար՝ հաշվի առնելով այդ համագործակցության գլխավոր նպատակի՝ «Հյուսիս-Հարավ» ծրագրի անհեռանկարայնությունը: «Թերևս, այս պահին երեք երկրների նախագահները բավարարվում են ահաբեկչության դեմ պայքարի և ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարի մասին հայտարարություններով և միմյանց հետ կիսվում ապագային միտված ցանկություններով, դրանց արդյունավորումն այս պահին տեսանելի չէ»,- նկատեց Սկակովը:

Նրա կարծիքով՝ այս համագործակցությունը Ռուսաստանի համար կարևոր է քարոզչական տեսանկյունից, քանի որ ցույց է տալիս, որ Ռուսաստանն ունի դաշնակիցներ, ավելին, խորացնում է համագործակցությունը, նոր ձևաչափեր ձևավորում:

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա մերձեցմանը՝ Սկակովը նշեց, որ այս մերձեցումը ևս իր ամենանախնական փուլում է: Դա, Սկակովի համոզմամբ, չի լինի այնքան վստահելի ու կայուն, որքան ռուս-թուրքական միջադեպից առաջ էր: «Պարզապես համատեղ շահերը շատ են, և կարևոր նախագծերի շուրջ Թուրքիան և Ռուսաստանը կվերսկսեն համագործակցությունը: Դա է փաստում այսօր Պուտին-Էրդողան հանդիպումն ու արված հայտարարությունները»,- ասաց Սկակովը:

Անդրադառնալով օգոստոսին 10-ին Ռուսաստանում կայանալիք Պուտին-Սարգսյան հանդիպմանը և խոսակցություններին, թե Ադրբեջանի և Թուրքիայի հետ սերտ քաղաքական հարաբերությունների փուլում Մոսկվան կպարտադրի Հայաստանին Ղարաբաղի շուրջ առկա շրջանների վերադարձի միջոցով կարգավորել ԼՂ հակամարտությունը, նա ասաց, որ կարգավորման ծրագրերի մասին խոսելն անիմաստ է: Դա, նրա որակմամբ, ավելի լավ են հասկանում հակամարտող և միջնորդ երկրների նախագահները:

Ուստի, Սկակովի խոսքով, այսօր քննարկվում են միայն իրավիճակի կայունացման ու հետագա բանակցությունների հետ կապված հարցերը: «Ռուսաստանի դիրքորոշումը Բաքվում հստակեցրեց ՌԴ նախագահ Պուտինը: Նա նշեց, որ Ռուսաստանը կցանկանար, որ հաղթողներ ու պարտվողներ չլինեն, այլ լինի փոխընդունելի լուծում: Այս պահին կարծում եմ, որ կարգավորման ծրագրեր չկան կամ, եթե նույնիսկ կան, դրանք չեն քննարկվելու՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի տրամադրվածությունը: Երևանում տեղի ունեցած դեպքերը ևս բուն բանակցությունները դժվարացնում են, քանի որ իրադարձությունների ընթացքում հստակ կոչեր և պահանջներ հնչեցին: ՀՀ իշխանությունները, իմ կարծիքով, դրանք հաշվի կառնեն:

Ուստի, կարծում եմ, որ վաղը նախագահները մտքեր են փոխանակելու վերջին տարածաշրջանային և ներքին զարգացումների վերաբերյալ, ուստի վաղվա հանդիպումից բեկում պետք չէ սպասել»,- նման համոզմունք հայտնեց Սկակովը:

Տեսանյութեր

Լրահոս