Բաժիններ՝

«Դա այն ծայրահեղ կոմպրոմիսն է, որին բուժանձնակազմի աշխատակիցներն ինչ-ինչ պատճառներով գնացել են և ինչ-որ ցուցմունք տվել են». «Սասնա ծռերի» փաստաբան

«Կցանկանայի անդրադառնալ կալանքների և մեղադրանքների ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթին, ինչի մասին վկայող բազմաթիվ փաստեր կան մեր ձեռքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբի տղաներին պաշտպանող փաստաբանների խմբի փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նա նշեց, որ խմբի բոլոր անդամների մեղադրանքները բացարձակապես նույնն են, դատարան ներկայացած միջնորդությանը կից նյութերը նույնպես նույնն են. «Նույնն էր նաև Արթուր Սարգսյանի (հաց բերողի) մեղադրանքը և կալանքի միջնորդությանը կից նյութերը, նա ևս մեղադրվում էր այն բանում, որ հուլիսի 17-ին խմբի կազմում տղաների հետ մուտք է գործել գնդի տարածք, գրավել է, և այլն: Այսինքն՝ մի քանի օր գերլարված աշխատանքը պետական մարմինների՝ ԱԱԾ-ի և Հատուկ քննչական ծառայության, տվել է այս անորակ պրոդուկտը, որն իրավունքի հետ և օրենքի տառի առումով բացարձակ անպիտան է: Ակնհայտ է, որ որոշումներն ուղղակի քաղաքական են եղել»:

Նա նկատեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները բուժաշխատողներին պատանդ վերցնելիս պետությանը պահանջ էին ներկայացել՝ շտապ բուժօգնություն ՓԲԸ-ին գնդի տարածք ուղարկել հերթափոխ, որպեսզի փոխարիներ այնտեղ գնվող բժիշկներին: Ըստ փաստաբանի՝ այս պահանջն ինքնին օրինական է, որովհետև այս պահանջի բավարարումը գտնվում է պետության դրական պարտավորությունների տիրույթում:

«Պետությունը պարտավորություն է կրում մարդու կյանքի և առողջության պահպանման համար, և կոնկրետ այս դեպքում՝ կյանքի իրավունքի պաշտպանությունը, այդ թվում՝ նաև գնդի տարածքում գտնվող տղաների կյանքի ապահովումը, պետության դրական պարտավորությունն է եղել, պետությունը պատավոր է առանց որևէ պահանջ ներկայացնելու՝ շտապ բուժօգնություն ուղարկել և փոխարինել այնտեղ գտնվող բուժօգնության անձնակազմին, որպեսզի վիրավորների կյանքի իրավունքն ապահովվեր: Այս պահանջը չի կարող դիտվել՝ որպես 218 հոդվածով նախատեսված հանցակազմի ամբողջականացում, հետևաբար՝ պետությանն այս պահանջի առաջադրումը չի կարող համարվել՝ որպես պատանդներին ազատ արձակելուն ուղղված պահանջ»,- նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ ոչ միայն բուժանձնակազմի հարցազրույցների, այլև բազմաթիվ այլ իրավիճակների «տաք-տաք» մատուցումն է կարծես եղել պետության գործողությունների հիմնական տրամաբանությունը, որովհետև բազմաթիվ դրվագներով «տեսնում ենք պետության ներկայացուցիչների կողմից այնպիսի անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ պահվածք, որն ինքնին օրենքի և մարդու իրավունքների խախտում է հանդիսանում, այդ թվում՝ կյանքի իրավունքի խախտում»:

Նա մասնավորեցրեց, որ խոսքը վերաբերում է վիրավորումներին, դիպուկահար կրակին, հատկապես՝ Արթուր Սարգսյանի ուղղությամբ արձակված 40-ից ավելի դիպուկահար կրակոցներին, «որոնց արդյունքում նա ուղղակի հրաշքի շնորհիվ ողջ է մնացել»:

Տ. Եգորյանի բնորոշմամբ՝ բուժանձնակազմից ցուցմունքներ են կորզվել և փորձ է արվել հիմնավորել, որ այդ բուժաշխատակիցներն իրենց կամքին հակառակ՝ գտնվել են պատանդի կարգավիճակում:

«Այդ ցուցմունքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բուժաշխատողների օգտագործած ձևակերպումներն ու բառապաշարը չափազանց մեղմ է, այն չի համապատասխանում այն որակումներին, որոնք հնարավոր է տալ 218 հոդվածով նախատեսված արարքը որակելու համար: Մեզ թվում է՝ դա այն ծայրահեղ կոմպրոմիսն է, որին բուժանձնակազմի աշխատակիցներն ինչ-ինչ պատճառներով գնացել են և ինչ-որ ցուցմունք տվել են: Մենք խիստ կասկածի տակ ենք դնում այդ ցուցմունքների թույլատրելիությունը քրեական դատավարության տեսանկյունից»,- ասաց Տ. Եգորյանը:

Փաստաբանը նաև հայտնեց, որ երկու ոստիկանների մահվան համար դեռևս որևէ մեկին որևէ մեղադրանք առաջադրված չէ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս