«Հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Հայաստանը ևս պետք է ներառվի տարածաշրջանային տարանցիկ ցանցի մեջ». Ստանիսլավ Տարասով
«Մոսկվա-Թեհրան-Բաքու առանցքի գոյությունը կասկածի տակ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով երեկ Բաքվում կայացած Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթաժողովին, որին մասնակցում էին այդ երկրների նախագահները:
Տեղեկացնենք, որ եռակողմ ծավալուն գագաթաժողովից հետո Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին միայն մեկ փաստաթուղթ՝ համատեղ հռչակագիր, որով արձանագրեցին միասին աշխատանքները շարունակելու վճռականություն՝ առանց միմյանց գործերին միջամտելու: Հռչակագրում երեք երկրների նախագահները քննադատության էին ենթարկել պատժամիջոցների քաղաքականությունը, ահաբեկչությունը՝ իր բոլոր դրսևորումներով: Սրան զուգահեռ՝ նրանք Կասպից ծովը որակեցին խաղաղության, բարեկամության, անվտանգության և համագործակցության գոտի: Հանդիպման արդյունքներով ստորագրված հռչակագրով կողմերը հաստատել են, որ միջազգային տրանսպորտի «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագիծը մոտ ապագայում կիրականացվի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում Իրանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել խողովակաշարային ենթակառուցվածքների օգտագործումը Կասպիցով ածխաջրածինների փոխադրման համար:
Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում նշեց, որ այս արտառոց ձևաչափով գագաթաժողովի արդյունքները դեռևս երկար պետք է քննարկվեն և վերլուծությունների ենթարկվեն, քանի որ հանդիպման ընթացքում նախանշվել են երկարաժամկետ ծրագրեր: Սակայն, ըստ նրա, դեռ վաղ է խոսել Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքի մասին, քանի որ այս եռակողմ ձևաչափի կենտրոնները Թեհրանն ու Մոսկվան են, որոնք շահագրգռված են միմյանց հետ հարաբերությունների զարգացմամբ:
«Ադրբեջանը՝ որպես այս նախաձեռնության հեղինակ, ընդունող կողմն էր, ուներ առավելություն, սակայն քաղաքական նախաձեռնությունը Մոսկվայի և Թեհրանի ձեռքում է, իսկ եղբայրական Ադրբեջանն ու Թուրքիան դեռ պատրաստ չեն դուրս գալ իրենց ավանդական քաղաքականության ազդեցությունից, ինչը կասկածի տակ է դնում այս եռակողմ առանցքի գոյությունը և ապագան»,- ասաց Տարասովը՝ հավելելով, որ առանցքի հիմքը «Հյուսիս-Հարավ» միջանցքի ծրագիրն էր, բայց դա դեռ իրագործելի չի թվում:
Ըստ նրա, սակայն, երեք երկրները կարող են զարգացնել առևտրատնտեսական կապերը էներգետիկայի և Կասպյան ավազանում նավթագազային ռեսուրսների մշակման ոլորտների վրա հատուկ շեշտադրությամբ:
Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ Ադրբեջանի դերակատարությունն այս ծրագրում տարանցիկ երկիր լինելն է: Ավելին, Տարասովի կարծիքով՝ նման երկրի դերակատարություն կարող է ստանձնել Հայաստանը ևս, և կարող են այս երկու տարանցիկ ուղղությունները զարգանալ զուգահեռաբար: «Իմ համոզմամբ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հավասարակշռությունը պահպանվի, պետք է նման մի գագաթաժողով անցկացվի Հայաստանի մասնակցությամբ: Չէ՞ որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի՝ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Մի կողմից՝ այս եռակողմ համագործակցությունը կարող է զսպող ազդեցություն ունենալ Ադրբեջանի նկատմամբ, մյուս կողմից՝ Ադրբեջանը կարող է մտածել այս երկրների նկատմամբ ճնշումներ բանեցնելու մասին: Եթե փորձ արվի Հայաստանին ևս ինտեգրել այս տարանցիկ ցանցի մեջ, ապա Ադրբեջանը ստիպված կլինի փոխել իր քաղաքականությունը»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե տարածաշրջանային զարգացումներն ընթանում են՝ շրջանցելով Հայաստանը, որը գուցե նսեմացնի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ազգային շահերը, Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս անգամ ևս փորձեց օգտվել ՌԴ նախագահի ներկայությունից՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ադրբեջանական դիրքորոշումն առաջ մղելու և Ռուսաստանին Ադրբեջանի օրակարգը թելադրելու նպատակով: Սակայն, ըստ Տարասովի, ՌԴ նախագահը նախօրեին բավականին հստակ էր իր մեկնաբանություններում, որոնք վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորմանը:
«ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը կողմերին պատրաստի լուծումներ չի պարտադրում, այս հարցում անհրաժեշտ է հավասարակշռված փոխզիջում Հայաստանի և Ադրբեջանի միջև: ՌԴ նախագահը Ալիևի հետ հանդիպմանը նաև շեշտեց, որ ռուսական կողմը ձգտելու է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը կլինի կոմպրոմիսային, բայց ընդունելի երկու կողմերի համար, որպեսզի այդ հարցում հաղթողներ ու պարտվողներ չլինեն: Այսպիսով՝ ՌԴ նախագահը հստակեցրեց, որ չի պատրաստվում խաղարկել հայկական և ղարաբաղյան «խաղաքարտերը»»,- նման համոզմունք հայտնեց Ստանիսլավ Տարասովը: