Ամփոփելով Բաքվի եռակողմ գագաթաժողովի արդյունքները. Պուտինի, Ալիևի ու Ռոուհանիի հաջորդ հանդիպումը կանցկացվի Իրանում
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին և Իլհամ Ալիևը երեկ Բաքվում կայացած գագաթաժողովի ժամանակ նախանշել են տարածաշրջանում համագործակցության կոնկրետ նախագծերը, հայտնում է RIA Novosti-ն:
Կարևորներից են Կասպից ծովում իրականացվելիք նոր նախագծերը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:
Ալիևի խոսքով` եռակողմ հանդիպումը հագեցած էր, երեք երկրների ղեկավարները կարողացել են քննարկել միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ և համագործակցության կոնկրետ նախագծեր:
Երեք երկրների նախագահների հաջորդ հանդիպումը, ինչպես առաջարկել է Իրանի նախագահը, պետք է անցկացվի Իրանում: Ծրագրվում է, որ այցը նախապատրաստելու նպատակով Թեհրանում կհանդիպեն ինչպես երեք երկրների ղեկավարները, այնպես էլ տրանսպորտի և էներգետիկայի նախարարները: Ալիևը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին առաջարկի համար:
Ելույթ ունենալով գագաթաժողովում` Պուտինն ասել է, որ երեք երկրների առաջ ծառացած են նույնատիպ խնդիրներ և մարտահրավերներ, ինչպիսիք է գլոբալ տնտեսական ճգնաժամը: Նրա խոսքով` Ադրբեջանն ու Իրանը Ռուսաստանի համար բարի հարևաններ են և կարևոր գործընկերներ:
Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր:
Պուտինը Բաքվում անցկացրել է նաև առանձին խորհրդատվություններ Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ:
Եռակողմ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Կասպյան նախագծերին: Պուտինը ասել է, որ նոր նախագծերը, այդ թվում` տրանսպորտի և էներգետիկայի, կարող են դիվերսիֆիկացնել եռակողմ առևտրա-տնտեսական կապերը:
Ալիևը իր հերթին հայտարարել է, թե պետական նավթային SOCAR ընկերությունը հետաքրքրված է Իրանի և Ռուսաստանի հետ Կասպյան նախագծերի շուրջ համագործակցությամբ:
Նա նաև առաջարկել է ստեղծել էներգամիջանցք Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հասնել հուսալի էներգետիկ միջանցքի ձևավորմանը: Տվյալ միջանցքը կարող է ապահովել էներգափոխանակությունը երեք երկրների միջև և դուրս գալ նոր շուկաներ»,- ասել է Ալիևը:
Հանդիպման արդյունքներով ստորագրված հռչակագրով կողմերը հաստատել են, որ միջազգային տրանսպորտի «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագիծը մոտ ապագայում կիրականացվի:
«Ներկայումս Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կա երկաթուղային հաղորդակցություն: Այս տարի մենք որոշում ենք կայացրել, որ Ադրբեջանը կերկարացնի իր երկաթուղային ճանապարհը` մինչև Իրանի հետ սահմանը»,- ասել է Ալիևը:
Եռակողմ գագաթաժողովին նախագահները պայմանավորվել են համատեղ պայքարել միջազգային ահաբեկչության դեմ:
Պուտինի կարծիքով` աչող ահաբեկչական սպառնալիքը իրական վտանգ է ներկայացնում, այդ պատճառով էլ անհրաժեշտ է ավելի սերտորեն համագործակցել:
Այս համատեքստում Իրանի նախագահը նշել է, որ նման եռակողմ ձևաչափով համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի մարտահրավերների դեմ պայքարելու համար:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եռակողմ գագաթաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ՌԴ-ի և Իրանի նախագահները քննարկել են նաև Սիրիայի հարցով համագործակցության հարցեր: