«Հիմա այն պահն է, երբ Հայաստանը պետք է փոխի գործընթացի վեկտորը». Արամ Գ. Սարգսյան

«Այն, ինչ հիմա կատարվում է մեր տարածաշրջանում, իր ամբողջական ազդեցությունն է թողնելու նաև Հայաստանի վրա»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Ըստ նրա՝ մեզ համար երկու գլխավոր հարց կա. մեկը՝ տարածաշրջանային տնտեսական ծրագրերից դուրս չմնալը, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հարցում մեր հստակ դիրքորոշումը ներկայացնելը:

Նա նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահներն ասում են, որ տարածքային ամբողջականության սկզբունքը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պետք է բալանսավորված լինեն: Ըստ Ա. Սարգսյանի՝ այստեղ արդեն իսկ բացարձակ հակասություն կա, որովհետև, նրա բնորոշմամբ, դա խոսում է նրա մասին, որ Իլհամ Ալիևի բանաձևն է աշխատում:

«Ալիևն ասում է՝ «Ես պատրաստ եմ ինքնավարության ամենաբարձր մակարդակը տրամադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, բայց իմ տարածքում»: Հայաստանն ասում է՝ «ԼՂՀ-ն երբևիցե չի լինելու Ադրբեջանի կազմում»: Որպեսզի ասեք՝ չի լինելու, պետք է հիմնավորեք՝ ինչու չի կարող տարածքային ամբողջականությունն աշխատել ազգերի ինքնորոշման իրավունքների հետ կապված: ԼՂՀ-ի ժողովուրդն ինքնորոշվել է շատ վաղուց, դա բոլորիս համար փաստ է, բայց մենք չեն կարողանում դա դարձնել բանակցային գործընթացի հիմնական սկզբունք: Այսինքն՝ դա պետք է լինի քննարկման առարկա, որ ԼՂՀ-ն ձևավորվել է օրինական ճանապարհով և չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ եթե մենք մնանք այդ տիրույթում, որ պետք է բալանսավորված լինի, կնշանակի՝ մենք պետք է ստիպված լինենք համաձայնվել, որ դա իրոք ինքնավարության մակարդակով է լինելու»,- նշեց Ա. Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ եթե պետք է խոսվի որևէ տարածք հանձնելու մասին, ապա պետք է նրանք մեզ վերադարձնեն Շահումյանը, Գետաշենը և այլն. «Ստացվում է՝ մենք պետք է համարենք, որ Տիգրանակերտն ադրբեջանական քաղաք է եղել, եթե մենք Աղդամը չենք համարում մեր հայրենիքը: Տիգրանակերտը հենց Աղդամի տարածքում է ձևավորված, հիմա դա սակարկության առարկա դարձնելն ուղղակի աններելի է: Հիմա այն պահն է, երբ Հայաստանը պետք է փոխի գործընթացի վեկտորը: Անպայման մենք պետք է բացատրենք, թե ինչու ենք պնդում, որ չի կարող ԼՂՀ-ն գոյատևել Ադրբեջանի կազմում այն կարգավիճակով, որ իրեն առաջարկում են»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս