«Արթիկում շինարարական աշխատանքները շարունակվում են. ջրհեղեղից տուժած բնակիչները վերանորոգում են տները»
Արթիկի Անկախության 25 հասցեի բնակիչ Գրիգոր Բիչախչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մեր հրապարակումից հետո, վարչապետի հրամանով՝ ևս մեկ միլիոն դրամ են հատկացրել իրենց տան վերանորոգման համար: Նա նաև նշեց, որ 400 հազար դրամ էլ «Հայբիզնեսբանկն» է տրամադրել:
Հիշեցնենք, որ Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Բիչախչյաններն ու մյուս բնակիչները հայտնվել էին անելանելի վիճակում՝ զրկվելով տնից, մշակված այգիներից: Արթիկում մեզ հետ զրույցում Գրիգոր Բիչախչյանն այն ժամանակ ասել էր. «4 մլն 596 հազար դրամ փոխհատուցում են տվել… Դա համարում են վնասի փոխհատուցում: Ի՞նչ փոխհատուցում, ամբողջ տունն ավերվել է, ասում են՝ փոխանցում ենք, այդ փոխանցման գումարով սարքեք: Սա ինչպե՞ս սարքես: Այսքան ժամանակ սեյսմիկ ծառայությունից մարդ չի եկել, որ նայեն՝ տունը պիտանի՞ է, պիտանի չէ՞, սարքելու ենթակա՞ է, թե՞ ոչ: Քարերը մեջը մնացել են, սա հանես՝ որտե՞ղ լցնես, ի՞նչ անես»: Նա նաև նշել էր. «Վարչապետն անձամբ եկավ, ասաց՝ սա վթարային տուն է, մարդ չմտնի այստեղ… Վարչապետը գնաց, բոլորն ասացին՝ բնակելի տարածք է, մաքրեք՝ ապրեք»:
Այսօր Գրիգորը տեղեկացրեց, որ տան վերանորոգման աշխատանքները սկսել են, մինչ վերանորոգման ավարտը վարձով են ապրելու. «Արթիկում շինարարական աշխատանքները շարունակվում են, մյուս բնակիչներն էլ են տները վերանորոգում: Տրված գումարով միայն շինանյութն ենք գնել, մենք ենք վերանորոգման աշխատանքներն իրականացնելու, դրան հերիքում է: Բայց գույքի, տեխնիկայի համար չի հերիքի»:
Մեր զրուցակցի խոսքով՝ դեռ ջրատարը լիովին մաքրված չէ. «Քարերի թափոններ կան մեջը, պատերը վերանորոգված չեն»:
Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ջրհեղեղից տուժած արթիկցիները բնականոն կյանքի կարող են վերադառնալ միայն մի քանի ամիս անց: