«Սասնա ծռերի» հովանավորները

Ինչո՞ւ տեղի ունեցավ հուլիսի 17-ը, ի՞նչը ստիպեց առավելապես հայրենասեր մարդկանցից կազմված «Սասնա ծռեր» խմբին՝ դիմել քայլի, որը, անկախ դրդապատճառներից, մղումների ազնվությունից, նորմալ հասարակություններում ու երկրներում կհամարվեր դատապարտելի՝ հանրայնորեն և օրենքի դաշտում։ Այս հարցերի պատասխանները գտնելու բազմաթիվ փորձեր եղել են, դրանք շարունակվելու են ապագայում։ Շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դարձել այնպիսի պետություն, որտեղ բոլոր խնդիրները կլուծվեն սահմանադրության ու օրենքի շրջանակներում։

Այդ հարցերի պատասխանները եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ առավելապես թաքնված են քաղաքական հարթությունում։ Ավելի ճիշտ, քաղաքականության բացառման հարթությունում։

Շատ են հնչել կարծիքներ, որ հուլիսի 17-ը պատասխանն էր տարիներ շարունակ իշխանությունների կողմից վարվող պետականակործան քաղաքականությանը, անարդարությանն ու քաղաքացիների հարստահարմանը։ Այդ բոլոր կարծիքները արդարացի են, հիմնված են տարիներով կուտակված փաստական ապացույցների վրա։ Բայց այդքանով հանդերձ, հուլիսի 17-ը պատասխանն էր ոչ միայն՝ նշված երևույթներին, այլ խորքում, գուցե առաջին հերթին ու առավելապես՝ իշխանությունների կողմից Հայաստանում քաղաքական համակարգը կազմաքանդելու հետևողական քաղաքականությանը։

Տարիներ շարունակ իշխանությունն ուղղակի և անուղղակի կերպով ամեն ինչ արել է, առանց բացառության, բոլոր քաղաքական ուժերին վարկաբեկելու համար։ Ոմանց գնել է փողով, ուրիշներին՝ պաշտոններով, երրորդներին՝ կոալիցիաներ խցկելով։ Իհարկե, այդ հարցում իրենց մեղքի բաժինն են ունեցել նույն քաղաքական ուժերը, որոնց մեծ մասի ներկայացուցիչները չեն դիմացել գայթակղությանը, մյուսները՝ սպառնալիքներին։ Բայց իշխանությունը ոչ միայն՝ ոչինչ չի արել դա կանխելու համար, այլև ամեն կերպ նպաստել ու արագացրել է քաղաքական ուժերի նվաստացումը՝ վերջնարդյունքում վարկաբեկելով ոչ միայն՝ առանձին կուսակցություններին, այլև քաղաքականությունը՝ որպես գործունեության տեսակ ընդհանրապես։ Իշխանությունը դա արել է տարբեր մեթոդներով, տարբեր գործիքներով։

Դրանցից ամենացցունը, թերևս, տարբեր քաղաքացիական միավորումներին ստվերային ֆինանսական ու քարոզչական աջակցությամբ առաջ մղելն է, քաղաքական ուժերին քաղաքացիական միավորներով փոխարինելը։ Քաղաքական համակարգի աղճատման հիմքում դրվել է «Տարոն ջան, սիրուն չի» ընդհանրական սկզբունքը, այդպիսով իշխանությունը կամ իր համար կարևոր խնդիրները լուծել է քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով, կամ նույնիսկ ինքնաբուխ առաջացած որևէ շարժում հընթացս սկսել է վերահսկել ՝ այդպիսով առաջ մղելով քաղաքացիական նախաձեռնություններին։

Վերջիններս դերակատարությունը, անշուշտ, չափազանց կարևոր է, նրանք ժողովրդավարական համակարգի կարևորագույն բաղկացուցիչն են։ Սակայն, երբ քաղաքացիական նախաձեռնությունները փոխարինում են քաղաքական ուժերին՝ իրենց վրա վերցնելով վերջիններիս գործառույթները, լինում է այն, ինչ ունենք այսօր։

Հասարակությունը, բառի ամենատարողունակ իմաստով, զզվում է բոլոր քաղաքական ուժերից, քաղաքականությունը համարում է ամենաանբարոյական զբաղմունքը և իր խնդիրների լուծումը կապում է ապաքաղաքական միավորների հետ։ Նաև այս երևույթն է ընկած «Սասնա ծռերի» հերոսացման հիմքում։

Քաղաքական ուժերին վարկաբեկելով՝ իշխանությունը լուծել է ներքին բազմաթիվ խնդիրներ, արտաքուստ չեզոքացրել է իշխանությանը սպառնացող վտանգը՝ հսկայական հարված հասցնելով պետությանը, պետության ինստիտուցիոնալ հիմքին։ Իշխանությունը վարկաբեկելով բոլոր քաղաքական ուժերին՝ նրանց հավասարեցրել է իրեն, գուցե այդպիսով նաև ներքին բավականություն ստանալով. եթե վարկաբեկված է իշխանությունը, այն ներկայացնող ՀՀԿ-ն, ապա թող վարկաբեկված լինեն բոլորը։ Այս տղայական մոտեցումը հանգեցրել է նրան, որ Հայաստանում քաղաքական հարցերը սկսել են լուծվել ոչ քաղաքական, միանգամայն այլ ճանապարհներով, այլ գործիքներով ու հարթակներում, որոնցից մեկն էլ զենքն է ու գրավված շինությունը։

Այդպես է լինում, երբ քաղաքականության հիմնական գործիքը՝ գաղափարը, վարկաբեկվում է, այդպես է լինում, երբ գաղափարին փոխարինում է փողը։ Իսկ փողը միշտ սահմանափակ է, և որպես կանոն՝ դրան տիրապետում է միայն իշխանությունը։

Այդպես է լինում, երբ խախտվում է իշխանության ձևավորման սկզբունքը, երբ ընտրության հիմքում դրվում է ոչ թե՝ ծրագրային ու գաղափարական պայքարը, այլ կրկին փողը՝ զուգորդված վարչական, քրեական ու այլ ճնշումներով։ Փողին տիրապետում է իշխանությունը, իսկ խմբերը, ովքեր չեն տիրապետում փողին, երբեմն ու բավական հաճախ տիրապետում են զենքին։ Եվ լինում է այն, ինչ եղավ։

Հայաստանի իշխանությունը ձևի ու բովանդակության հավերժական երկընտրանքում միարժեքորեն ու հավիտյանս ընտրել է ձևը, որով լցրել է այն դատարկությունը, որն առաջացել է բովանդակության բացակայության պատճառով։ Տարիներ շարունակ դա հաջողվել է, քանի որ հասարակությունը՝ ինքը, ավելի շատ ձևի, քան բովանդակության կարիք ու պահանջարկ ունի։ Իշխանությունը բավարարել է այդ պահանջարկը՝ ապավինելով հացի ու տեսարանների հայտնի մեթոդին։

Ժամանակի հետ հացը պակասել է, մնացել են միայն տեսարանները։ Բայց հասարակությունը տեսարաններին անխռով հետևելու համար նվազագույն հացի կարիք ունի, որը գնալով գրեթե վերանում է։

Ձևով փոխարինված բովանդակությունը չի կարող առհավետ լինել, ու օբյեկտիվորեն, ժամանակ առ ժամանակ լինում են ժայթքումներ, պոռթկումներ։ Բայց իշխանությանը դա կարծես այնքան էլ չի մտահոգում։ Մտահոգելու դեպքում իշխանությունը կխոսեր հասարակության հետ։ Ոչ թե տեքստեր կկարդար, այլ կխոսեր։ Բայց Հայաստանում վաղուց խոսքը, իշխանության խոսքը փոխարինվել է ելույթով։ Իսկ ելույթը խոսք չէ։ Տեքստը ոչ թե բառերի շարադրանք է, այլ մտքի, գաղափարի արտահայտությունը։ Իսկ գաղափարի հետ, ինչպես նշեցինք, արել են այն, ինչ արեցին Ոստիկանության ուժերն ու նրանց հովանավորյալ քրեական տարրերը՝ հուլիսի 29-ին։

Քարոզչությունը քաղաքական գործունեությանը, պետական կառավարմանը սպասարկող գործիք է։ Հայաստանում քաղաքականությունն ու պետական կառավարումը փոխարինվել են քարոզչությամբ։ Քարոզչությունը դարձել է ոչ թե՝ սպասարկող միջոց, այլ՝ իմաստ, բովանդակություն։ Քարոզչությունն իշխանությանը կտրել է իրականությունից, քարոզչությունը ստեղծել է մի քանի հակադիր իրականություններ, որոնց բախումն էր նաև հուլիսի 17-ը։

Եվ հարցը, որ այս օրերին հնչում է առավելապես իշխանական ու նրանց սպասարկող շրջանակներում՝ ովքե՞ր էին «Սասնա ծռերի» հովանավորյալները, այս իմաստով՝ ունի շատ կոնկրետ ու հասցեական պատասխան՝ Հայաստանի իշխանությունները, որոնք նպատակասլաց կերպով ապականել են քաղաքականությունն ու քաղաքական համակարգը։

Առջևում խորհրդարանական ընտրություններ են։ Այդ ընտրություններին Հայաստանը պատրաստվում է վարկաբեկված, հեղինակազրկված քաղաքական ուժերով, հասարակության ըմբոստ տրամադրություններով ու այդ տրամադրությունները սպասարկելու պատրաստ՝ ներքին ու արտաքին ստվերային կառույցներով։
Հայաստանը մոտենում է հերթական վտանգավոր շրջափուլին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս