«Մինչև այդ մեխանիզմը չսարքենք, քանի ջոկատ ուր էլ մտնի, ոչինչ չի փոխվի». Վազգեն Մանուկյան. «Անկախ»
Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող, ՀՀ առաջին վարչապետ, 1992-1993 թթ. պաշտպանության նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
– Պարո´ն Մանուկյան, երկու շաբաթից ավելի «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված էր ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքը, փողոցում էլ ցույցեր էին ընթանում ի պաշտպանություն զինյալների: Ինչպե՞ս եք գնահատում առկա իրավիճակը և ի՞նչ հնարավոր ելքեր եք տեսնում:
– Մեր երիտասարդությանը թվում է, թե տեղի ունեցողը, երբ զինված մի ջոկատ փորձում է ազդել քաղաքականության վրա, բացառիկ երևույթ է մեր պատմության մեջ: Բայց այդպես չէ: Սա նախապատմություն ունի և առաջին դեպքը չէ: Ղարաբաղյան շարժման ժամանակ և Սումգայիթից հետո «Ղարաբաղ» կոմիտեն սկսեց զինված ջոկատներ ստեղծել: Առաջինը եղել է աֆղանական ջոկատը, որն ինձ էր ենթարկվում՝ որպես «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող ղեկավարի: Այդպես էր կոչվում, քանի որ անդամները ԽՄ բանակում մասնակցել էին Աֆղանստանի պատերազմին և ռազմական փորձ ունեին: Հետագայում առաջացան բազմաթիվ այդպիսի ջոկատներ, որոնց մի մասը ենթարկվում էր «Ղարաբաղ» կոմիտեին, մյուս մասն ինքնուրույն էր գործում, եղան նաև դեպքեր, երբ առիթից օգտվելով՝ ստեղծվեցին ջոկատներ, որոնք հիմնականում հետապնդում էին տնտեսական շահեր:
Քանի որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներս ուսյալ մարդիկ էինք ու լավ գիտեինք պատմությունը, զգուշանում էինք, որ հանկարծ առաջին հանրապետության պես «մաուզերիստների» շարժումներ չսկսվեն, երբ ջոկատներն իրենք էին մտնում քաղաքականության մեջ ու որոշում, թե ինչն էր ճիշտ ու ինչը՝ սխալ:
Դա կործանարար էր առաջին հանրապետության համար, և թույլ չէինք տա, որ կրկնվեր: Եվ դրա համար 1990 թվականին իշխանության գալուց հետո խնդիր դրվեց հայրենասիրությամբ առաջնորդվող ջոկատները միավորել ու բանակի պես մի բան ստեղծել: Քանի որ դեռևս անկախ չէինք, ԽՍՀՄ կազմում էինք, իսկական բանակ ստեղծել չէինք կարող: Ոստիկանության ներքին զորքեր կային, երիտասարդներին կոչ արեցինք մտնել այդտեղ, իսկ ով չի մտնի, պիտի զինաթափվի: Եղան բազմաթիվ ջոկատներ, որոնք մտան, բայց նաև եղան ջոկատներ, որոնք ինքնուրույն քաղաքականություն սկսեցին վարել: Օրինակ՝ Սարի թաղի Վրեժի ջոկատը, որը սահման էր գնում ու ինքնուրույն գործողություններ իրականացնում՝ առանց պետությանը ենթարկվելու. փորձ կատարեց գրավելու հեռուստատեսության ստուդիան, նույնը ՀԱԲ-ն էր և այլն: Եվ պետությունն իր առջև խնդիր դրեց այդ ջոկատները զինաթափել:
Մեծ դժվարությամբ զինաթափեցինք Սարի թաղի Վրեժի խումբը: Ես՝ որպես վարչապետ, կարգադրեցի զինաթափել ՀԱԲ-ը: Գիշերը ոստիկանության կողմից հարձակում կատարվեց ՀԱԲ-ի շտաբի վրա, երկու զոհ ունեցանք: Մի պահ եղավ, որ ջոկատներն այլևս ինքնուրույն քաղաքական դերակատարություն չունեին: Դա կարևոր էր, որովհետև քաոսային վիճակով պետությունն առաջ տանել հնարավոր չէր: Հիշում եմ՝ այն ժամանակ Մամեդովն էր Ադրբեջանի վարչապետը, երբեմն-երբեմն հեռախոսով խոսում էինք:
Երկուսս էլ ասում էինք` ի՞նչ անենք, ջոկատներն են սահմանի վրա հարձակում իրականացնում: Մի օր էլ զանգեցի ու ասացի` եթե այսուհետ կրակեն ձեզ վրա, իմացեք՝ ես եմ հրամայել, մեր ջոկատները լրիվ վերահսկողության տակ են, դուք էլ հասեք դրան, այդ դեպքում միայն իմաստ կլինի սահմանային դեպքերի վերաբերյալ բանակցել: Այդ հարցում մենք առաջ ընկանք Ադրբեջանից ու Վրաստանից: Մաուզերիստների շարժում երրորդ հանրապետությունում չեղավ: Դրանից հետո, իհարկե, պոռթկումներ եղան: Առաջինը հոկտեմբերի 27-ն էր: Այն տղաները, որոնք Ազգային ժողով մտան ու այդ արյունալի ողբերգությունն իրականացրեցին, իրենց ներքին մղումներում որոշակի հայրենասիրական արդարացում ունեին. նրանք կարծում էին, որ պետությունը վատ ղեկավարներ ունի, և եթե Վազգեն Սարգսյանը չլինի, ամեն ինչ կկարգավորվի:
Այդ դեպքը, բացի վնասից, ոչ մի օգուտ չբերեց Հայաստանին, այսինքն՝ մի անգամ էլ ապացուցվեց, որ ահաբեկչական գործողություններով պետության, հասարակության առջև դրված խնդիրները չեն լուծվում:
Բացարձակապես անընդունելի է, որ զինված մի փոքր ջոկատ վերցնում է այդ ֆունկցիան իր վրա, այն, ինչ տեսանք այս դեպքում: Լավ բաներ են ասում, հայրենասիրական մղումներ ունեն, բայց դա ոչինչ չի նշանակում, բոլոր այսպիսի գործողությունների հետևում կանգնած են բարի նպատակներ, բայց արդյունքը լինում է ողբերգական պետության համար: Իհարկե, կա ընդհանուր դժգոհություն իշխանություններից:
Մեր երկրում մեծ տեղ ունեն կոռուպցիան, անարդարությունները, դատական համակարգը չի համապատասխանում այն խնդիրներին, որոնք դրված են պետության առջև, շատ հարցերում տանուլ ենք տալիս, մեր տնտեսությունը այն ձևով չի զարգանում, ինչպես մենք կուզենայինք: Բացի մնացած բացասական երևույթներից, ստեղծվեց մի պետություն, որտեղ այն անհատները, որոնք իրենց ուսերի վրա տարան հեղափոխության և պատերազմի ծանր բեռը, հիմնականում հայտնվեցին ծանր սոցիալական վիճակում, պետության ուշադրությունից դուրս: Մյուս կողմից՝ հարստացան անհատներ, որոնց մի զգալի մասը, ունենալով ձեռներեցության շնորհք, ազնիվ ձևով կազմակերպեց իր գործը, բայց դրա հետ մեկտեղ հսկայական կարողություն ձեռք բերեցին ոչ օրինական ճանապարհով, ոչ մի օգտակար ընդունակություններով չօժտված պատահական մարդիկ, միայն շնորհիվ նրա, որ հնարավորություն ունեին օգտագործելու իշխանության լծակները: Այդ ամենը տարիների ընթացքում ավելացնում էր դժգոհությունը: Բայց այդ հարցերը լուծվում են այլ ճանապարհով, ոչ թե զինված ուժի միջոցով:
Մի կողմ թողնենք, որ այդ գործողություններն օրինական չեն, մի կողմ թողնենք, որ այդպիսի դեպքերի ընթացքում արյուն է թափվում: Պետական տեսանկյունից ավելի կարևոր է, որ այդպիսի գործընթացն արդյունավետ չէ, խարխլում ու թուլացնում է պետությունը, հնարավորություն է տալիս դրսի ուժերին միջամտելու մեր ներքին պետական կյանքին, և դա հասարակության մեջ առաջացնում է ճեղքեր, որոնք մնում են շատ երկար ժամանակ: Ֆրանսիայի նախագահ (1974-81 թթ.) Ժիսկար դ’ Էստենը, վերլուծելով Ֆրանսիայի ժողովրդի ներկա խնդիրները, նշում է, որ 1789 թ. Ֆրանսիայի հեղափոխության ճեղքերը չեն վերացել նույնիսկ մինչև այսօր: Արդյունավետ չէ, որովհետև պատմական փորձը ցույց է տալիս, որ այսպիսի գործընթացը համարյա երբեք չի բերում հաղթանակ, իսկ այն բացառիկ դեպքերում (օր.՝ Ֆիդել Կաստրոյի զինված ապստամբությունը), երբ հաջողվում է այդ ճանապարհով փոխել իշխանությունը, ոչ մի խնդիր չի լուծվում: Ստեղծվում է նոր՝ հեղափոխական իշխանություն («հերոսների իշխանություն»), որն ավելի անարդար ու դաժան է լինում, քան նախորդը, և նորից հասարակությանը պետք է լինում լուծել այն խնդիրները, որոնք պատճառ են դարձել ապստամբության:
– Բայց ինչո՞ւ ոչ առաջ կամ ոչ հետո, այլ հենց այս պահին, և նաև ասվում է, որ այս քայլին դիմել են, որովհետև այլընտրանք չեն տեսնում, որ փոփոխության հասնելու բոլոր եղանակները սպառվել են: Ձեր կարծիքով արդյոք սպառվե՞լ են Հայաստանում փոփոխություն իրականացնելու մյուս բոլոր ճանապարհները:
– Արդեն գոյություն ունեցող դժգոհության վրա ավելացան և մեծ նշանակություն ունեցան քառօրյա պատերազմը և դրա արդյունքները, առաջացած հիասթափությունը, տպավորությունը, որ իշխանությունները ոչ մի դաս չքաղեցին այդ քառօրյա պատերազմից: Չեմ բացառում, որ քառոօրյա պատերազմի այլ արդյունքների դեպքում նման երևույթներ կարող էին տեղի ունենալ Բաքվում: Երկրորդ` այդ ֆոնի վրա առաջացան խոսակցություններ, որ Հայաստանին պարտադրում են միակողմանի զիջումներ Ղարաբաղի հարցում, և Հայաստանի ղեկավարությունը համաձայնում է պարտադրանքին: Եթե համոզվածություն կա, որ հասարակության ճնշումները չեն ազդում իշխանության քաղաքականության վրա, ապա իշխանության փոփոխությունը պետք է փորձել կատարել ընտրությունների միջոցով: Այս պայմաններում կարող էր ձևավորվել հզոր ընդդիմադիր ուժ, որը գալիք ընտրութէյուններին գնար հաղթանակի՝ իր ձեռքը վերցնելով մեր պետության առջև կանգնած խնդիրների լուծման պատասխանատվությունը:
Բայց շատերը նշում էին, որ այդ ճանապարհով, սկսած 1995 թ., ոչ մի արդյունքի հնարավոր չի եղել հասնել: Ընտրությունների արդյունքները կեղծվում են: Իշխանությունը միշտ ինքն իրեն վերարտադրում է: Բայց եթե ընտրությունների մեխանիզմը չաշխատի, ինչ-որ հեղափոխական ուժ իշխանությունը վերցնի, միևնույն է, պրոբլեմը նույնն է մնալու: Եթե չի գործելու ընտրությունների մեխանիզմը, մենք երբեք ոչ մի բանի չենք հասնի: Միացյալ Նահանգներում 30-ական թվականներին լրիվ կոռումպացված ընտրություններ էին: Դիքենսը XIX դարի Անգլիայի ընտրությունները նկարագրում է որպես կոռուպցիայի ու ստի վրա հիմնված ընտրություններ:
Կարող եք կարդալ, թե Շոտլանդիայում ոնց են ընտրություններ եղել: Բայց բոլոր այդ պետությունները կարողացել են առանց մեծ ցնցումների այդ մեխանիզմն աշխատեցնել: Կարծում եմ, որ Հայաստանում էլ դա հնարավոր է, առջևում ընտրություններ են, բավականին մեծ աշխատանք ու գումարներ են պահանջվելու միասնական և ուժեղ ընդդիմություն ունենալու համար, որի ղեկավարները պետք է լինեն ազնիվ, նվիրված, բարձր մակարդակ ունեցող մարդիկ: Կազմակերպվելով, աշխատելով կարելի է այդ մեխանիզմն աշխատեցնել:
Դրա հետ միասին պետք է լինի որոշակի գաղափարախոսություն, պատկերացում մեր պետության, հասարակության, կառուցվածքի և խնդիրների վերաբերյալ (Թուրքիայում այժմ տեղի ունեցող պայքարի մեջ, բացի ամեն ինչից, երկու գաղափարախոսթյան որոշակի պայքար կա): Ազնվությունը, արդարությունը, օրենքների պահպանումը, կոռուպցիայի վերացումը գաղափարախոսություն չեն, այդ դրույթները պետք է լինեն ցանկացած գաղափարախոսության մեջ: Այս հարցին կանդրադառնանք, երբ խոսենք Ղարաբաղի հարցի մասին:
Փոփոխությունների միակ ճանապարհը ընտրություններն են: Մինչև այդ մեխանիզմը չսարքենք, քանի ջոկատ ուր էլ մտնի, ոչինչ չի փոխվի:
– Ինչպե՞ս եք գնահատում պետական մակարդակով արձագանքը իրադարձություններին և տեղի ունեցողի պատճառները չքննարկելու մոտեցումը:
– Երկու բան պետք է տարանջատել: Նախ՝ երևույթը պետք է վնասազերծվի, որից հետո սկսվի քննարկում: Պատահական չէ, որ Հանրային խորհուրդը դիմեց նախագահին, որ ամեն կերպ խաղաղ այս վիճակից դուրս գանք, որից հետո իշխանությունը պետք է նստի հասարակության հետ լայն երկխոսության Ղարաբաղի ու բազմաթիվ այլ հարցերի շուրջ: Եթե ռազմական ճնշման տակ են սկսվում այդպիսի քայլեր, դա կարող է գայթակղություն առաջացնել, որ հաջորդ անգամ մեկ ուրիշը նման վիճակում ռազմական ճանապարհով փորձի հարց լուծել: Հետևաբար բոլոր երկրներում մինչև չեն հանդարտվում այսպիսի դեպքերը, փոփոխությունների մասին խոսք չի լինում: Հանդարտվելուց հետո նոր խոսվում է, քննարկվում, թե որոնք էին դրդապատճառները և ինչն էր պետք փոխել:
Հարցազրույցը`Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: