Բաժիններ՝

«Ժողովուրդը սպասում է իշխանությունների խոսքին, սպասում է հանգուցալուծման». Դավիթ Գյուրջինյան

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի կարծիքով՝ զինված հարձակումը ՊՊԾ գնդի վրա վերածվեց համաժողովրդական շարժման, քանի որ իշխանությունները սխալներ թույլ տվեցին: «Նրանք ժողովրդի հետ չխոսեցին: Ժողովուրդը սրտաբաց խոսք չլսեց, ընդհակառակը՝ Օպերայի բակում, հարակից տարածքներում զբոսնող մարդկանց շատ հաճախ «հրավիրում էին» Ոստիկանություն: Այդ «հրավիրելը» լինում էր բռնությամբ, անհիմն։ Մենք տեսանք, թե ինչպես են, օրինակ, նշանավոր գեղանկարչին՝ գլուխը սեղմելով՝ նստեցնում ոստիկանական մեքենա, տեսանք, թե ինչպես են 70-ամյա պատկառելի կնոջը՝ թևերը ոլորած տանում: Ուզում եմ մտածել, թե ինչ կարող էր անել այդ կինը, երբ նա խաղաղ նստած էր: Այնտեղ կարող էին ևս այդպիսի կանայք նստած լինել, նրանք վտա՞նգ են ներկայացնում Հայաստանի համար։ Իհարկե, այդ ընթացքում անպայմանորեն ասում են՝ «հարգելիս». այդ բարեկիրթ դիմելաձևն այս օրերին խայտառակ ձևով արժեզրկվեց: Մեզ ժամանակ է պետք, որ այդ բառն իր ճիշտ իմաստով կարողանանք գործածել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց լեզվաբանը՝ նկատելով, որ ժողովուրդը մտածում է՝ անպաշտպան է, քանի որ ժողովրդի ներկայացուցիչներից բացի՝ ոչ ոք չի քննարկում, թե ինչո՞ւ այսպես եղավ:

Նրա դիտարկմամբ՝ տարիներ շարունակ ժողովրդի կարծիքն անտեսվել է. «Ժողովուրդը քամահրական վերաբերմունքի է արժանացել: Մարդիկ աշխատանք չունեն, ընտանիքները կիսված են, հազարավոր մարդիկ հեռացել են Հայաստանից: Արտագաղթն աղետ է երկրի համար, մեր երկիրը լուրջ խնդիրներ ունի: Այս ամենը վերլուծելուց հետո՝ մենք կարող ենք հասկանալ՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ մարդիկ ըմբոստացան»:

Դ. Գյուրջինյանի կարծիքով՝ մարդիկ սպասում են իշխանությունների խոսքին, սպասում են հանգուցալուծման:

168.am-ի հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ իշխանությունները բանակցությունները վերսկսելու քայլեր չեն անում, նաև կարծիքներ կան՝ եթե այլ երկրներում նման բան լիներ, իշխանությունները միանգամից կոչնչացնեին, նա պատասխանեց. «Ժողովրդի հետ էլ չեն խոսում: Ժողովրդի հետ խոսում են, իհարկե, թվարկեցի՝ ինչպես. «գրկած», բռնությամբ, քարշ տալով՝ տանում են ինքնությունը պարզելու: Այլ երկրների փորձը չեմ կարող ասել, գուցե՝ այո, կոչնչացնեին, բայց այդ գունդը գտնվում է քաղաքի կենտրոնում, բնակելի հատվածում, հազար ու մի հարց կա: Եվ ովքե՞ր են այդ մարդիկ. Հայաստանի, Արցախի համար իրենց կյանքը դրած մարդիկ են: Ժողովրդի համակրանքը հիմնականում նրանց կողմն է»:

Կարդացեք նաև

Մեր ճշտող հարցին՝ ժողովրդի ցասումի՞ց են վախենում իշխանությունները, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել: Մեր ժողովրդի մեջ մի զանգված կա, որն անտարբեր է կամ սաստիկ վախեցած: Նրանք ցասման ցույցերի չեն գնա, բայց սրտանց կողմ են փոփոխություններին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս