«Լուծում կգտնվի՝ կա՛մ ոչնչացնելու, կա՛մ խեղելու». Հրանուշ Խառատյանն արյունոտ լուծում է կանխատեսում
«Այս պահի ըմբոստացումը պայմանավորված էր ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ կատարվող զարգացումներով, մասնավորապես՝ Կազանյան փաստաթղթի շուրջ տիրող անորոշությամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով՝ սա լրացուցիչ փաստվում է հետևյալ հանգամանքով. «Հենց օրերս մենք տեսնում ենք, թե ԵՏՄ մեր գործընկերները լրացուցիչ ջանքեր են գործադրում՝ ՄԽ անդամ Թուրքիային ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղակի քննարկումներին կողմ դարձնելու ուղղությամբ: Ռուս-թուրքական և ադրբեջանական նոր դաշինքի ձևավորում ու պուտինամերձ շրջանակներում զգալի քննարկում, որ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումն արդեն ակնհայտ է՝ մեզ համար առավել ցավալի տարբերակով: Հրապարակ են նետված գաղափարներ, որոնք աստիճանաբար պետք է բյուրեղանան ու կայացման մոտեցնեն: ՊՊԾ գնդի գրավումը զգալի չափով պայմանավորված էր հենց այս հանգամանքի վրա ազդելու նկատառումներով»:
Անդրադառնալով այս օրերին հրապարակ նետված մի շարք նամակներին՝ նա ասաց, որ բոլոր այդ գրառումները շատ հասկանալի մի սնուցման ակունք ունեն. «Այս բոլոր նամակները բանակցության տարբերակ ընդհանրապես չեն տալիս: Շատ կատեգորիկ պահանջ կա՝ զենքը վայր դրեք և հանձնվեք: Նույնիսկ ակնարկ չկա՝ իշխանություններին հորդորել, որ գուցե ինչ-որ խնդիրների շուրջ հնարավո՞ր լինի համաձայնության գալ, ու մեր հասարակությունը խուսափի այն հնարավոր ծանր հետևանքներից, որ կարծես նախատեսվում է ու արդեն իսկ ընթացքի մեջ է»:
168.am-ի հարցին՝ ի՞նչ լուծումներ է տեսնում ստեղծված իրավիճակից, ազգագրագետը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ կան բանական և կանխատեսելի լուծումներ: Բանականն այն կլիներ, եթե իշխանությունները հենց Ժիրայր Սէֆիլյանի հետ սկսեին բանակցել ու լուծումների տարբերակները նրա հետ քննարկել: Բայց սա իսպառ մերժվում է իշխանությունների կողմից: Ես անձամբ մի տասը տարբերակ հանրայնացրել եմ՝միջանկյալ լուծումներով տեսնում եմ, օրինակ, քաղբանտարկյալների ազատումը: Բայց քանի որ այդպիսի պատրաստակամություն չկա, իմ կանխատեսած լուծումն արյունոտ լուծումն է: Ես կարծում եմ՝լուծում կգտնվի՝ կա՛մ ոչնչացնելու, կա՛մ խեղելու: Գնդի տարածքում գտնվող մարդկանց հյուծելու այս գործընթացը տեսնելով՝ կարծում եմ՝ դժվար չի լինելու հենց գրոհով վերցնել այդ տարածքը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: