«Ամբողջ մարդկության համար արտառոց է, որ առաջին պահին ահաբեկիչ գնահատված մարդիկ համաժողովրդական աջակցության են արժանանում». Պարույր Հայրիկյան

«Ամբողջ մարդկության համար արտառոց է, որ առաջին պահին ահաբեկիչ գնահատված մարդիկ այսպիսի, կարող եմ ասել՝ համաժողովրդական աջակցության են արժանանում։ Սա աննախադեպ բան է, բայց մենք պիտի ինքներս մեզ համար հասկանանք, թե որպես ահաբեկիչ ներկայացված մեր եղբայրներն ինչ հիմնական շարժառիթ են ունեցել»,- այս մասին քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքի ընթացքում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով, բացատրությունը մեկն է՝ քաղաքական ճանապարհով հարցերը լուծում են ստանում այն երկրներում, որտեղ քաղաքական դաշտ կա, գործունեության քաղաքական միջավայր, իսկ այսօր Կոմունիստական կուսակցության բարքերին փոխարինում է Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) այն ներբերագներով, որ ստեղծում է կամ թույլ տալիս, որ ստեղծվեն այլ կուսակցություններ, որոնք իրեն ենթակա է դարձնում։

Նրա խոսքով՝ ճիշտ են բոլոր նրանք, ովքեր դժգոհություն են արտահայտում քաղաքական ուժերից, քանի որ դրանց եթե ոչ հիմնական մասը, ապա 90 տոկոսը կամակատար է դարձել։
Նա նշեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները, վեր կանգնելով ամեն ինչից, որոշեցին իրենց զոհաբերել հանուն նրա, որ «մեր աչքերը բացվեն», և այդ հարցում հասան հաջողության։

Ըստ Պ. Հայրիյանի՝ հանգուցալուծման մի քանի տարբերակ կա. առաջինի և երկրորդի դեպքում կլինի արյունահեղություն, միակ տարբերակը, որ զոհեր չլինեն, այն է, որ Սերժ Սարգսյանը հեռանա։

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը պետք է շատ լավ հասկանա, որ անգամ մի հոգու քթից եկող արյունը շատ ավելի թանկ արժե, քան իր իշխանությունը։ Հայրիկյանը նշեց, որ ապստամբներն ունեն շատ լուրջ պատճառ՝ Սահմանադրության կեղծումը չի կարող ներվել։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը պետք է իր հրաժարականից առաջ ձևավորի անցումային կառավարություն.

«Անցումային կառավորությունը մտնում է պառլամենտ, պառլամենտը չի հաստատում նրա ծրագիրը, Սերժ Սարգսյանը՝ որպես նախագահ, կատարում է իր վերջին քայլը՝ արձակում է պառլամետը, նշանակում է նոր ընտրություններ, և դրանից հետո Հայաստանում հաստատվում է կայուն, խաղաղ վիճակ՝ ոստիկանները գնում են իրենց տուն, տղաները դուրս են գալիս, առանց որևէ մեկի նկատմամբ խափանման միջոց հաստատելու աշխարհում ընդուված կարգով տեղի է ունենում արդար արդարադատություն»,- ասաց նա՝ նշելով, որ խնդրի լուծման ճանապարհը սա է։

Տեսանյութեր

Լրահոս