«Սերժ Սարգսյանը ևս պետք է իր լիազորությունները վայր դնի՝ զինաթափվի, և հետո բանակցային լուծում գտնի». Րաֆֆի Հովհաննիսյան

«Եթե Սերժ Սարգսյանը պահանջ է դնում, որ դիմացինը զինաթափվի, նոր խոսի, ինքը ևս պետք է իր լիզորությունները վայր դնի՝ զինաթափվի, և հետո նոր մեր պահանջատեր քաղաքացիների հետ այսօրվա ազգային օրակարգի վրա կենտրոնանա: Այսօրվա վիճակը շարունակությունն է նրա, որ 5 տարի առաջ ընտրությունները չունեցան արդար լուծում»,- այսօր Խորենացի փողոցում մեկնարկած «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի աջակիցների և համախոհների հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ ինքը որպես մտահոգ քաղաքացի է մասնակցում ցույցին:

Ըստ նրա՝ լավ օրից չէ, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել. «Ափսոս, որ կորցրել ենք մի սպա, բայց ժամանակն է, որ ժողովուրդը միանա, ոտքի կանգնի և իր իրավունքների տերը դառնա»:
«Սասնա ծռերի» տղաներին Րաֆֆի Հովհաննիսյանը «հակաահաբեկիչ» անվանեց:

«Ժողովուրդը պետք է զորակից մնա մեր զինակից եղբայրներին, իշխանությունը պետք է վայր դնի իր լիազորությունները և հավասարը հավասարի հետ խոսի, բանակցային լուծում գտնի, այլապես հակառակը կբերի արյունահեղության: Հիմա գտնվում ենք շատ վտանգավոր պահի»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր ասել էր , որ Րաֆֆի Հովհաննիսյանը Խորենացի փողոցում ընթացող հանրահավաքներին չէր մասնակցում առողջական խնդիրների պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս