«ՆԱՏՕ-ի փոխարեն՝ Կովկասում կարող է ամրապնդվել ԵԱՀԿ-ի դերակատարությունը». Ալեքսանդր Ռար
«ՆԱՏՕ-ն դեպի Կովկաս չի ընդլայնվելու»,- այս մասին այսօր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնած առցանց մամլո ասուլիսի ընթացքում ասաց ռուսական «Վալդայ» փորձագիտական ակումբի անդամ, գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Կովկասյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնման հնարավորություններին:
Գերմանացի վերլուծաբանը նշեց, որ չի տեսնում նման ընդլայնման հնարավորություն: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն ներկայումս պետք է փորձի Թուրքիային պահել ՆԱՏՕ-ի կազմում, եթե պարզվի, որ արևմտյան հատուկ ծառայությունները կապ են ունեցել Էրդողանի դեմ հեղաշրջման կազմակերպման հետ: «Բայց կարող եմ պատկերացնել ԵԱՀԿ դերակատարության ամրապնդում, այդ թվում՝ Մեզերբերգյան գործընթացի «վերածնունդ», այդ գործընթացը նախաձեռնել էին Մերկելն ու Մեդվեդևը 2009 թվականին»,- ասաց Ալեքսանդր Ռարը: Վերջինս, խոսելով ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններից, ասաց, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ռուսաստանի հետ պատերազմել: Սակայն գերմանացի վերլուծաբանը չի բացառում, որ հարաբերություններում առկա լարվածությունն Ուկրաինայում բռնկի իրական պատերազմ, ինչն Արևմուտքը թույլ տալ չի կարող:
«Հարավային Կովկասում կարող է հրդեհ բռնկվել Լեռնային Ղարաբաղի շուրջ: Բայց այնտեղ ես ՆԱՏՕ-ի դերակատարությունը չեմ տեսնում»,- այս մասին ասաց Ալեքսանդր Ռարը: Վերջինս Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առաջացած խնդիրների լուծման տարբերակը համարում է Լիսաբոնից Վլադիվոստոկ միասնական անվտանգության գոտու ստեղծումը:
Անդրադառնալով Եվրոպայում ահաբեկչության ահագնացող ալիքին՝ Ալեքսանդր Ռարն ասաց, որ իր համար դժվար է խոսել այդ երևույթի պատճառների մասին: «Ես անձնապես կարծում եմ, որ սա Արևմուտքի և Եվրասիայի իսլամական ահաբեկչության դեմ լայնամասշտաբ հակամարտության միայն սկիզբն է, որն ամուր կերպով արմատներ է գցում Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: ՆԱՏՕ-ն չի կարողացել հաղթել իսլամական ահաբեկչությունը ո՛չ Աֆղանստանում, ո՛չ Իրաքում, ո՛չ Լիբիայում: Իսկ եթե ԻՊ-ը և նման այլ կառույցներն արմատներ գցեն այնտեղ, իսկ Արևմուտքը սկսի պատերազմել նրանց հետ, ապա նրանք կտեղափոխեն իրենց պատերազմը Հարավային Եվրոպայի երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիա և Գերմանիա: Սա աշխարհայացքային հակամարտություն է, որի դեպքում բարձր է քաղաքակրթությունների բախման հավանականությունը»,- նշեց նա:
Հարցին, թե տարօրինակ չէ՞, որ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի ընթացքում այս հարցը չքննարկվեց, պատասխանեց, որ ՆԱՏՕ-ն չի կարող և չի պայքարի Եվրոպայի ներսում ահաբեկչության դեմ: Դա, նրա դիտարկումներով, անում է Ոստիկանությունը, ուստի այստեղ հույսը հատուկ ծառայությունների միջև համագործակցությունն է:
«Կարծում եմ, որ տեղեկատվության փոխանակումն ակտիվացել է: ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ չի լքում Աֆղանստանը, որ այնտեղ է շարունակելու պայքարել միջազգային ահաբեկչության դեմ: Չեմ բացառում, որ ՆԱՏՕ-ում պատրաստվում են Լիբիա ներխուժելուն, որտեղ ԻՊ կենտրոնակայանն է: Սիրիայում ՆԱՏՕ-ն նախկինի նման պայքարում է ահաբեկչության դեմ»,- ասաց Ալեքսանդր Ռարը: