«Իշխանությունները պարտավոր են հրապարակային հայտարարել, որ ՀՀ-ում որևէ օտար ռազմական տեխնիկա, զինվոր, վարձկան չի լինելու, չի օգտագործելու մեր ապստամբ ազատամարտիկների և մեր ժողովորդի դեմ». Արմեն Մարտիրոսյան
Խորենացի փողոցում սկսված հանրահավաքում քիչ առաջ մեկնարկել են ելույթները: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ելույթ ունենալով՝ ասաց, որ իշխանություններն այսօր անցել են տոտալ քարոզչական գրոհի:
«Փորձում են ահաբեկել և մեր ապստամբ ազատամարտիկներին, և քաղաքացիներին: Ընդ որում, օգտագործվում է նաև տեխնիկա, հատկապես՝ ուղղաթիռներ: Այսօր շատ օգտագործեցին: Ցավալին այն է, որ տեղեկատվություն կար, որ այդ ուղղաթիռները ռուսական ռազմաբազայի կողմից են գալիս: Այսօր ևս մի տեղեկություն սփռվեց, իբրև թե Կադիրովը Հայաստան տղաների հետ կռվելու համար պատրաստ է չեչեններ ուղարկել:
Ուրեմն՝ իշխանությունները պարտավոր են հրապարակային հայտարարություն անել, որ Հայաստանում որևէ օտար ռազմական տեխնիկա, որևէ օտար զինվոր, որևէ օտար վարձկան չի լինելու, չի օգտագործելու մեր ապստամբ ազտամարտիկների և մեր ժողովրդի դեմ:
Ցանկացած պարագայում խնդիրը մնում է նույնը՝ կան ինքնազոհ ապստամբ ազատամարտիկներ, որոնք պատրաստ են իրենց կյանքի գնով կամրջել մեր հաղթանակը, կա խորը ճգնաժամի մեջ թաղված Հայաստան, որն ունի բազմաթիվ խնդիրների լուծման անհրաժեշտություն, և կա ժողովուրդը, որը պետք է տեր կանգնի և՛ իր երկրին, և՛ իր ապստամբ ազատամարտիկներին, և՛ իր ապագային, որովհետև միայն միասնական ժողովուրդն է իր կամքը պարտադրում, միայն միասնական ժողովուրդն է, որ կարող է հաղթանակ տանել, և միայն միասնական ժողովուրդն է, որ Հայաստանին կարող է ապահովել պայծառ ապագա: Ուրեմն մենք չունենք այլ ճանապարհ, քան հաղթանակն է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: