Բաժիններ՝

«Եթե ես իշխանությունում լինեի, կանեի նույնը, ինչ արել եմ Մարտի 1-ի օրը». Վարդան Օսկանյան

Երևանում ՊՊԾ գնդի գրավման հետևանքով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը լուծելու ելք է տեսնում «Համախմբում» կուսակցության նախագահ, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Այսօր իր կողմնակիցների հետ Խորենացի փողոց եկած նախկին ԱԳ նախարարն ասաց, որ եկել է ասելու, որ ժամանակն է իսկապես հարցը բերել քաղաքական հարթություն, փորձել հարցին տալ քաղաքական լուծում:

«Եթե՝ այո, իշխանությունն ուզում է այս ամենից հաղթող դուրս գալ, ապա իրոք փակուղային իրավիճակ է, և սա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ: Բայց սա այն խնդիրը չէ, որ պետք է հաղթել, այստեղ հաղթելու հարց չկա: Մենք խնդիրը պետք է կարողանանք դնել ազգային, պետական հարթության վրա, ոչ թե՝ ներքաղաքական, կուսակցական, իշխանական, սա շատ ավելի վեր է այդ բոլորից: Եթե հարցը դիտարկենք միայն իրավական հարթության մեջ, դա կարող է բարդություններ առաջացնել, սակայն սա քաղաքական ակցիա է, և սրան պետք է տալ քաղաքական լուծում՝գիտակցելով, որ այդ քաղաքական լուծումն ունենալու է իրավական որոշակի հետևանքներ: Քաղաքական լուծում՝ իրավական հետևանքներով»,- ասաց նա:

Հավաքվածներն Օսկանյանին հակադարձեցին՝ ասելով, որ իշխանությունները բանակցում են: Սակայն, ըստ Օսկանյանի, իշխանություններն այսօր կոշտ դիրքորոշում են որդեգրել, ժամանակն է դա մեղմել, դնել քաղաքական հարթության վրա և սրան փորձել քաղաքական լուծում տալ:

Նա նշեց, որ հստակորեն կարճ ժամանակում այս հարցի քաղաքական լուծումը տեսնում է, պարզապես իշխանության կողմից քաղաքական կամք է պետք: Նա չասաց, թե ինչպիսի լուծում է տեսնում: Օսկանյանը միայն տեղեկացրեց, որ, եթե հնարավորություն լինի, հենց այդ պատճառով է Խորենացի փողոց գնացել, հասկանալով, որ պահը ճգնաժամային է ու կարող է վատ հետևանքներ ունենալ, ուղղակի արյունահեղություն լինել, կարող է լուծում տրամադրել:

Կարդացեք նաև

Օսկանյանն իր խոսքում նաև ընդգծեց, որ այստեղ է նաև՝ հաշվի առնելով նման իրավիճակների իր փորձը: Հարցին, թե այսպիսի ճգնաժամի փորձ ասելով՝ նկատի ունի Մարտի 1-ը՞, պատասխանեց՝ այո: «Նայեք՝ այսօր բոլորս ահազանգում ենք ՝ ո՞ւր են իշխանությունները, ո՞ւր են, որերորդ օրն է: Այսօր վարչապետն ինչ-որ մի բան է ասել, ավելի լավ է՝ չասեր: Ո՞ւր են իշխանությունները, մարդիկ պետք է կարողանան պատասխանատվություն վերցնել իրենց վրա, ժողովրդի աչքին նայեն, խոսեն, բացատրեն՝ ինչ է եղել, լուծումներ առաջարկեն: Այսօր ես եթե իշխանությունում լինեի, կանեի նույնը, ինչ արել եմ ես Մարտի 1-ի օրը»,- վստահությամբ նշեց նախկին նախարարը:

Դիտարկմանը, թե՝ չէ՞ որ արյուն հղվեց, Օսկանյանը պատասխանեց այսպես. «Բայց հետո հղվեց, չէ՞: Բայց ես երբ խոսեցի, նպատակ ունեի դա կանխելու: Երեկ տեսաք՝ ինչ եղավ, չէ՞, գլուխներ ջարդվեց, բայց այստեղ էլ կարա արյուն հղվի, չէ՞: Բայց մեկը պետք է վերցնի, չէ՞, պատասխանատվություն: Քաղաքական իշխանությունն ի՞նչ է նշանակում: Այդ պատասխանատվությունը դու պետք է վերցնես քո վրա, որպեսզի կարողանաս իսկապես խոսել ժողովրդի հետ»:

Նա նշեց, որ 2008-ին շատ հստակ բանակցությունների կոչեր է արել, դա իր նախաձեռնությունն է եղել: Սակայն նա նաև հորդորեց ետ չգնալ՝ ասելով, որ նախկինի փորձից պետք է սովորել, բայց այսօր մեր առջև այլ ճգնաժամ կա, ուստի այդ ճգնաժամի լուծումը պետք է դիտարկել: Նրա համոզմամբ՝ այսօր արյունահեղությունը երկրին պետք չէ: «Ես մեր զոհվածի ընտանիքին իսկապես ցավակցում եմ, այդպիսի բան Հայաստանում չպետք է լինի, մենք դա թույլ չպետք է տանք՝ հատկապես Մարտի 1-ից հետո: Բայց ես տեսնում եմ, որ մենք դրա եզրին ենք: Դա է ինձ այսօր մղել գալ այստեղ, որովհետև հետո ափսոսալու ենք»,- ասաց Օսկանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս