Բաժիններ՝

Ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորումը

Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածեց մի ուշագրավ հաղորդագրություն, համաձայն որի՝ Երևան է ժամանում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը: Ըստ հաղորդագրության՝ պատվիրակությունը Երևան է այցելում երկկողմ բանակցություններին մասնակցելու, ինչպես նաև՝ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով:

Հաղորդագրությունը տպավորություն ստեղծեց, թե նոր համաձայնագիր է նախապատրաստվում ստորագրման համար, այնինչ, պարզվում է, ՀՀ և ՌԴ ԶՈՒ համատեղ խմբավորում կա վաղուց, պարզապես դրա գործառույթների կամ այդ խմբավորման գործունեության վերաբերյալ տեղեկատվություն գրեթե չի եղել, բացի այն, որ խմբավորումն անցկացրել է վարժանքներ:

168.am-ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հաղորդագրության մեջ խոսք է գնում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի համատեղ խմբավորման մասին, որի հրամանատար է վերջերս նշանակվել գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե զարմանալու, առավել ևս՝ քննարկելու ոչինչ չկա:
«Այդ համաձայնագիրը միշտ եղել է, պարզապես աշխատանքների ընթացքում վերավավերացման հարցեր են առաջանում, երկարացման հարցեր, խմբավորման հնարավորությունների փոփոխման հարցեր: Դա նոր բան չէ, միշտ էլ եղել է, քննարկումներ, հարցեր են լինում, դա նոր որևէ զորախումբ չի, որևէ նոր բան չի ենթադրում»,- փորձեց բացատրել Արծրուն Հովհաննիսյանը:
Ի պատասխան մեր այն հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծում այդ խմբավորումը, Հովհաննիսյանն ասաց, որ չի կարող ասել, դա մասամբ փակ տեղեկատվություն է: «Այդ խմբավորման կազմում 102-րդ ռազմաբազան է և այն հայկական ստորաբաժանումները, որոնք ընդգրկված են եղել»,- ասաց նա: Վերջինս նաև հստակեցրեց, թե ընդհանրապես ընդունված չէ ստորաբաժանման գործառույթների մասին տեղեկանալ:

168.am-ի հետ զրույցում Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը բացատրեց, թե ինչ խնդիր է լուծում հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորումը: Նա նշեց, որ այդ խմբավորումները ներառում են Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի ՀՕՊ զորքերը:

Կարդացեք նաև

«Նրանց հիմնական խնդիրներն են՝ սեփական անձնակազմերի պաշտպանությունը ՀՕՊ այլ համակարգերից: Այսինքն՝ այս զորքերը գործում են ՀՕՊ-ի հետ համակարգված, պարտավոր են դիտարկել օդային տարածքը և այն ամենը, ինչ վերաբերում է հիմնականում ՆԱՏՕ-ի ուղղությունից սպասվող վտանգներին՝ անհրաժեշտության դեպքում որոշում կայացնելով արձագանքել վտանգներին: Այսինքն՝ եթե ինչ-որ ինքնաթիռ և ուղղաթիռ է, օրինակ, Թուրքիայից մոտենում ՀՕՊ միասնական գոտուն, խնդիր է դրվում՝ օդ բարձրացնե՞լ ինքնաթիռ, թե՞ ոչ, կամ ի՞նչ միջոցներով արձագանքել սպառնալիքին, եթե դա գնահատվում է սպառնալիք: Այս խմբավորումները ստեղծված են զինված հարձակման ադեկվատ արձագանքի համար և գործում են ՀՕՊ-ի հետ միասին այն երկրներում, որտեղ Ռուսաստանը բազաներ ունի»,- ասաց Ցիգանոկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս