«Եթե հեղաշրջման փորձն արտաքին ուժերի կողմից կազմակերպված լիներ, կարծում եմ՝ հաջողություն կունենար». Հակոբ Չաքրյան
«2006թ. դատավարություններով Էրդողանը հարյուրավոր սպաների ձերբակալել էր, բանակին զրկել էր երկրում ներքաղաքական կյանքին միջամտելու հնարավորությունից: Իսկ վերջին շրջանում խոսվում էր այդ ձերբակալվածների կողմից ստեղծված ինչ-որ խմբի մասին, որոնց մեջ կային զորահրամանատարներ, ու խոսվում էր նաև այդ խմբի չեզոքացման մասին: Նրանք հավանաբար որոշել են հեղաշրջում կատարել՝ քանի դեռ Էրդողանը չի հասցրել իրենց չեզոքացնել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայում զինվորականների կողմից իրականացված հեղաշրջման փորձին՝ նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նա այն կարծիքին չէ, որ հեղաշրջման փորձ կատարողները սատարվում են արտաքին ուժերի կողմից. «Եթե արտաքին ուժերի կողմից կազմակերպված լիներ, կարծում եմ՝ հաջողություն կունենար: Խոսքը քաղաքական աջակցության մասին է: Եթե հեղաշրջման փորձ կատարողները դա ունենային՝ այն կհաջողեր»:
Երկու օր առաջ Թուրքիայում նոր օրենք ուժի մեջ մտավ՝ ԶՈՒ անձնակազմի մասին օրենքը, որը, ըստ էության, թույլ է տալիս կառավարությանը բանակն օգտագործել սեփական շահերի համար:
Փորձագետ Արմեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշել էր՝ բնական է, որ նման արձագանքներ կլինեին, որովհետև ավանդաբար այդ երկրում լուրջ դերակատարություն ունեցող բանակը, որը մինչ այս կարողացել է 4 անգամ հեղաշրջում իրականացնել, չէր կարող ենթարկվել մի անձի, որը երկիրը տանում էր բացարձակ միապետության: Այս կապակցությամբ թուրքագետ Հակոբ Չաքրյանն ասաց.
«Եթե ԶՈՒ գլխավոր շտաբն ամբողջությամբ անցներ հեղաշրջման կողմնակիցների շարքերը, ապա հեղաշրջումը հաջողություն կունենար: Գլխավոր շտաբը կիսվել է՝ հեղաշրջման կողմնակիցների և նրա հակառակորդների: Հետևաբար՝ այստեղ միմյանց հետ էին բախվում: Այսինքն՝ հեղաշրջման փորձ կատարողները պայքարում էին և այն սպայակույտի դեմ, որը դեմ է, միաժամանակ պայքարում էին իշխանությունների, ժողովրդի դեմ, որովհետև ժողովուրդն էլ էր փողոց դուրս եկել»:
Թուրքագետից հետաքրքրվեցինք՝ տեսնո՞ւմ է քաղաքացիական պատերազմի վտանգ Թուրքիայում.
«Հեղաշրջման փորձը, փաստորեն, ձախողվել է: Քիչ առաջ էլ վարչապետն իր ելույթում ասաց, որ փորձը ձախողվեց, իրենք վերահսկում են: Բայց նաև ժողովրդին կոչ արեց, այնուամենայնիվ, դուրս գալ փողոցներ՝ Թուրքիայի դրոշներով: Հետաքրքիր է՝ եթե լիարժեք չեզոքացվել են հեղաշրջման կողմնակից զինվորականները, և իրենք վերահսկում են երկրում իրադրությունը, էլ ի՞նչ կարիք կար ժողովրդին այդպիսի կոչով դիմելու: Վարչապետ Բինալի Յըլդըրըմից մոտ մեկ ժամ առաջ էլ Էրդողանն էր նման կոչեր արել: Ըստ էության, դեռ ամեն ինչ չի հանդարտվել, կամ վախենում են երկրորդ փորձից: Հեղաշրջման փորձը համատեղ ջանքերով գլխավորապես նախաձեռնել էին թուրքական ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարությունն ու ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը»:
Իսկ քրդերի մասով նա նշեց, որ, եթե հեղաշրջում կատարվի երկրում, ապա նրանց վիճակն էլ ավելի կծանրանա. «Բանակը քաղաքացիական իշխանություններից ավելի կոշտ կվարվի քրդերի դեմ»:
Վերջում պատասխանելով հարցին՝ Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կունենան Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, թուրքագետն ասաց.
«Հայաստանի վրա որևէ ազդեցություն չի ունենա, քանի որ, անկախ նրանից՝ Թուրքիայում բանա՞կը կգա իշխանության, քաղաքացիական իշխանությո՞ւն կլինի, այդ իշխանությունը կոալիցիո՞ն կլինի, իսլամամե՞տ կլինի, թե՞ սոցիալ-դեմոկրատ՝ միևնույն է, Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ թշնամական է եղել ու այդպես էլ կմնա: Անցած 25 տարիների ընթացքում տասնյակ կառավարություններ են փոխվել, բայց Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ բացարձակապես չի փոխվել»: