«Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները կարող են նաև արտաքին ուժերի աջակցությամբ լինել». Արմեն Պետրոսյան

«Ըստ էության, Թուրքիայում տեղի ունեցողը նախապես և բավական մանրակրկիտ կերպով կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձ է: Մինչ այս առկա տեղեկատվության համաձայն՝ ենթադրելի է, որ զինվորականների որոշակի խմբի կողմից է կազմակերպված, գուցե նաև ՝ գյուլենական շարժման, զուգահեռ պետության մասնակցությունը լինի այս գործընթացներում»,-168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ հավելելով՝ քանի որ դեռևս տեղեկատվությունը բավական սուղ է, թուրքական լրատվամիջոցները բավականին լուրջ վերահսկողության տակ են, գործում են թերություններով, անջատումներով, կազմակերպիչների մասին հստակ տեղեկատվություն ստանալ դեռևս հնարավոր չէ. «Բայց ակնհայտ է, որ բավականին լուրջ շրջադարձային գործընթացներ են, որոնց վատագույն սցենարը կարող է լինել քաղաքացիական պատերազմը, ինչի հետևանքները կարող են աղետալի լինել»:

Մեր զրուցակիցը նկատեց՝ արդեն իսկ պարզ է, որ Էրդողանն ու նրա գլխավորած վարչակարգը չեն հանձնվի. «Էրդողանի վերջին կոչն առ այն, որ նա փորձում է պատասխանել զինվորականներին՝ նաև քաղաքացիական բնակչությանը փողոց դուրս բերելով: Այսինքն, կախված հակամարտ կողմերի հնարավորություններից, նաև քաղաքացիական պատերազմի բավական լուրջ սպառնալիք կա»:

168.am-ի հարցին՝ Հայաստանի վրա ինչպե՞ս կանդրադառնան այս իրադարձությունները, փորձագետը պատասխանեց. «Ոչ միայն Հայաստանի, այլ առհասարակ տարածաշրջանի համար Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները բավական կարևոր են: Բնականաբար, մեզ առավել ձեռնտու է կայուն և կանխատեսելի հարևանը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքներին կամ գործելաոճին, մենք պետք է ամենայն աչալրջությամբ ու զգոնությամբ հետևենք զարգացումներին, քանի որ յուրաքանչյուր գործընթաց, որքան էլ վտանգավոր լինի, նաև հնարավորություններ է ստեղծում, ու անհրաժեշտության դեպքում՝ օգտագործել ստեղծած իրավիճակը ի շահ Հայաստանի»:

Ա. Պետրոսյանի խոսքով՝ Թուրքիայի մասնատման հնարավորություն ևս կարող է առաջանալ, եթե բանը հասնի քաղաքացիական պատերազմի, ըստ նրա՝ սեփական շահերը կփորձեն հետապնդել քրդերը, մի շարք այլ էթնոկրոնական խմբեր:«Պարզապես, քանի որ գործընթացը դեռ սկզբնական փուլում է, դեռևս հստակ տեղեկատվություն չկա, թե հեղաշրջում իրականացնողներն ինչ հնարավորություններ ունեն, ովքեր են, ինչի կարող են հասնել, դժվար է հստակ կանխատեսումներ կատարել: Գուցե նաև մի քանի օրվա ընթացքում Էրդողանին հաջողվում է իշխանությունը վերականգնել, բայց այն, որ սա շատ լուրջ հարված էր նրա հեղինակությանը, և գործող վարչակարգի հիմքերին, ակնհայտ է»:

Փորձագետը մի կարևոր փաստի վրա ուշադրություն հրավիրեց. «Ընդամենը 2 օր առաջ Թուրքիայում նոր օրենք ուժի մեջ մտավ՝ ԶՈՒ անձնակազմի մասին օրենքը, որն, ըստ էության, թույլ էր տալիս կառավարությանը բանակն օգտագործել սեփական շահերի համար: Այսինքն՝ Էրդողանն այս օրենքի միջոցով բոլոր լիազորությունները ձեռք էր բերում՝ բանակն անգամ իր նեղ նպատակների համար օգտագործելու առումով: Բնական է, որ նման արձագանքներ կլինեին, որովհետև ավանդաբար այդ երկրում լուրջ դերակատարություն ունեցող բանակը, որը մինչ այս կարողացել է 4 անգամ հեղաշրջում իրականացնել, չէր կարող ենթարկվել մի անձի, որը երկիրը տանում էր բացարձակ միապետության:

Այն, ինչին Էրդողանը հասցրել էր երկիրը վերջին մի քանի տարվա ընթացքում, կարող էր բերել սրան, որովհետև Թուրքիան շատ լուրջ ճգնաժամային իրավիճակում է, ու ես չեմ բացառում, որ այս գործողությունները կարող են նաև արտաքին ուժերի աջակցությամբ լինել. Խոսքը մասնավորապես Արևմուտքի մասին է, քանի որ Էրդողանը ամբողջությամբ անվերահսկելի էր դարձել ու իր գործողություններում հաճախ շրջանցում էր և Բրյուսելի, և Վաշինգթոնի շահերը, և բավական ինքնուրույն ու վտանգավոր խաղ էր խաղում:

Ռուսաստանի միջատությունը հավանական չեմ համարում, քանի որ նախ Մոսկվան չուներ էական հնարավորություններ, և բացի այդ` երկու երկրների հարաբերությունները կարգավորման փուլում են գտնվում»:

Տեսանյութեր

Լրահոս