Բաժիններ՝

Հուլիսի 20-ից սպառողները հնարավորություն կունենան «Տաշիր» առևտրի կենտրոնից գնել հայ հայտնի դիզայներների աշխատանքները

Հուլիսի 20-ին «Տաշիր» առևտրի կենտրոնում կմեկնարկի Armenian Brands նախագիծը, որը նպաստելու է հայրենական արտադրության զարգացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Տաշիր ինվեստ գրուպի» տնօրեն Լևոն Հակոբյանը:

«Armenian Brands-ը յուրօրինակ համագործակցության ձևաչափ է, որն իրականացվում է հայաստանյան արտադրողների այն ներկայացուցիչների հետ, ովքեր ունեն արտադրական փակ ցիկլ՝ ունեն դիզայն, մոդելավորում, արտադրանք և իրացում: Միասնական հարթակից վաճառք իրականացնելու պարագայում մենք նախատեսում ենք, որ ապրանքները կունենան մեծ իրացվելիություն, որը շղթայական ռեակցիայով տնտեսության մեջ կմտցնի ակտիվություն և իրացման ծավալների մեծացմանը զուգահեռ՝ կձևավորվեն նոր աշխատատեղեր, ու անհատական պատվերներից մենք կանցնենք սերիական արտադրության: Մենք կունենանք այլընտրանք՝ տարբեր երկրներից ներմուծված նմանատիպ ապրանքներին ու ապրանքանիշերին: Մեր հանրության տարբեր շերտերին կառաջարկենք օգտվել հայ մոդելավորող-դիզայներների ստեղծած արտադրանքից»,- ասաց նա:

Tashir (1)

Նրա խոսքով՝ հայ դիզայներների կողմից առաջարկվող պրոդուկտը որակական ու գնային առումներով բավականին մրցունակ է. «Տեղական շուկայում իրենց արտադրանքը ճիշտ ներկայացնելու և միասնական հարթակից վաճառք իրականացնելու պարագայում բավականին կխթանենք ինչպես՝ հայ հայտնի դիզայներների, այնպես էլ՝ սկսնակների արտադրանքը: Այս պահին մոտ երկու տասնյակից ավելի տնտեսվարողների հետ մենք ունենք համագործակցության պայմանագրեր, որոնք կնքվել են մեկ տարով: Մենք բաց ենք համագործակցության համար, և ովքեր չեն հասցրել առաջնային փուլին մասնակցություն ունենալ նախագծին, պատրաստ ենք իրենց համար նույնպես հարթակ ձևավորել»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ «Տաշիր» առևտրի կենտրոնի 4-րդ հարկը տրամադրվել է նախագծի գործընկեր մասնակիցներին, որոնք իրականացնելու են և՛ իրենց դիզայներական աշխատանքները, և՛ վաճառք. «Նախագծի մասնակից բոլոր գործընկերների հետ ֆիքսել ենք, որ պետք է իրականացնեն վաճառք՝ հասարակության բոլոր շերտերի համար։ Քանի որ մեր գործընկերները հիմնականում ՓՄՁ ներկայացուցիչներ են և աշխատում են շրջհարկով, ձևավորել ենք մի այնպիսի պայմանագրային փաստաթուղթ, որ պարտադրված այլ հարկային դաշտ չանցնեն: Տարածքները տնտեսվարողներին տրամադրվել են այն սկզբունքով, որ կարողանան կայանալ, ու նրանց ծախսերը բաշխվել են մասնակից բոլոր գործընկերների մեջ ու խորհրդանշական գումար է, որը չենք ուզում մանրամասնել։ Նկատի ենք ունեցել այն հանգամանքը, որ սպասարկման նվազագույն ծախսերը չազդեն վաճառքի գների վրա: Այդ ծախսերի հիմնական մեծ բեռը վերցրել ենք մեզ վրա»։

Tashir (2)

Armenian Brands նախագծի պատասխանատու Մարիաննա Քաբաբյանն էլ հավելեց, որ քննարկումների արդյունքում նորաձևության ոլորտի ներկայացուցիչների հետ եկել են այն կարծիքի, որ ցանկալի է ունենալ բաց ճակատով ու պայմանական պատերով տարածքներ, այսինքն՝ Concept store ֆորմատն են որդեգրել. «Դա թույլ կտա ավելի բաց ու ազատ առևտուր կազմակերպել այդ հատվածում: Ներկայացված է հագուստի մոդելավորողներ Վահան Խաչատրյանի, Անահիտ Սիմոնյանի, Ալիսա Հարությունյանի, Գայանե Մարտիրոսյանի և սկսնակ դիզայներների արտադրանքը: Մենք փորձում ենք բոլորին մեկ հատվածով ներկայացնել, որպեսզի կայացածներն ավելի լայնացնեն իրենց արտադրության ու սպառման ծավալները, իսկ նորերին հնարավորություն է ընձեռվում կայացած դիզայներների կողքին ներկայանալով՝ շուկա գրավել: Ունենք կոշիկ արտադրող տեղական ընկերություններ, ներկայացվելու են Սյունիքի կանանց ձեռքի աշխատանքները, կներկայացվեն կանացի պայուսակներ, և այլն: Իրավահավասարության շրջանակներում ներկայանալու են թե՛ կին, թե՛ տղամարդ մոդելավորող-ձեռներեցները՝ ներկայացնելով թե՛ կանացի, թե՛ տղամարդու աքսեսուարներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս