«Թուրքիայում փողոց դուրս եկած ժողովրդի մեջ կային իսլամիստների խմբավորումներ». Թուրքագետ

Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունը կունենան նաև տարածաշրջանի վրա: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով երեկ Թուրքիայում զինվորականների կողմից հեղաշրջման փորձի և դրա տապալման մասին:

Մեր զրուցակցի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը երկիրը կանգնեցրել է շատ ծանր իրադրության առջև՝ և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության բնագավառներում:

«Արտաքին քաղաքականության բնագավառում Թուրքիան իր արկածախնդիր քաղաքականության հետևանքով հայտնվել էր աշխարհաքաղաքական ծանր պարտության շեմի առջև, դրա համար փորձեցին դուրս գալ այդ իրավիճակից՝ Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելով: Երկրի ներսում նույնպես շատ ճգնաժամային իրադրություն էր. ըստ էության քրդական ապստամբական շարժումը շարունակվում է, չեն կարողանում դրան վերջ տալ: Մյուս կողմից էլ՝ հասարակության մեջ տեսնում ենք, որ բևեռացումը տարբեր հայացքներ ունեցող ուժերի միջև ուժեղանում է, և բանակի մի հատվածը որոշեց այդ իրադրությանը վերջ տալ և իսլամականներին, իսլամիստներին, որոնց ներկայացնում է Էրդողանը, հեռացնել իշխանությունից: Բայց տեսանք, որ բանակը միասնական չգործեց»,- նշեց թուրքագետը:

Նա նկատեց, որ ինքը տարիներ շարունակ ասել է՝ այն, որ մինչև հիմա Թուրքիայում չէր եղել հեղաշրջում, պատճառն այն է, որ Թուրքիայի բանակը միասնական չէ, ինչպես առաջ էր, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ բանակում մեծ թիվ են կազմում իսլամիստական հայացքներ ունեցող սպաները, որոնք չէին ենթարկվի հրամաններին.

«Մենք տեսանք, որ այդպես էլ եղավ: Մյուս հանգամանքն էլ, որ հեղաշրջման փորձը հաջողության չհասավ, այն էր, որ մի կողմից Էրդողանը պահպանում է իր խարիզմատիկ լիդեր լինելու հանգամանքը՝ իր հետևից տանում է մեծ թվով կողմնակիցներ, որոնք իրեն ձայն էին տվել անցյալ տարվա նոյեմբերի ընտրություններին: Մենք նաև տեսնում ենք, որ Թուրքիայում փողոցներ են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ, և պետք է հաշվի առնել, որ նրանց թվում, բացի սովորական քաղաքացիներից, որոնք աջակցում են Էրդողանին, կան նաև Էրդողանի կուսակցության կողմից ստեղծված և ղեկավարվող տարբեր ոչ ֆորմալ խմբավորումներ»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ փողոց դուրս եկած ժողովրդի մեջ կային իսլամիստների խմբավորումներ, որոնք կարևոր դեր խաղացին, դրա համար էլ հեղաշրջումը հաջողություն չունեցավ:

Ռ. Սաֆրաստյանը հեղաշրջման փորձի մեջ արտաքին որևէ ուժի միջամտություն չի տեսնում: «Քանի որ այս հեղաշրջումը միասնական չէր, տեսանք, որ զինվորականությունը Թուրքիայում պառակտվեց. մեծ մասը, որ չպաշտպանեց՝ բարձրագույն զինվորականներն են, որոնք սերտ կապեր ունեն իրենց զինակից գործընկերների հետ Ամերիկայում: Չեմ կարծում, որ սա լիներ նախապես պայմանավորված»:

Թուրքագետը Ռուսաստանի միջամտությունը նույնպես բացառեց՝ շեշտելով, որ թուրքական բանակը ՆԱՏՕ-ի բանակ է, ՆԱՏՕ-ի մաս է կազմում, «թուրքական բանակը ռուսների հետ չի կարող հաղորդակցվել»:

Ռ. Սաֆրաստյանը կարծում է՝ այս իրադարձություններն իրենց ազդեցությունը կունենան նաև տարածաշրջանի վրա, որովհետև Թուրքիան, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, ՆԱՏՕ-ի կարևոր բանակ ունեցող երկրներից մեկը, մտնում է նորագույն պատմության ամենածանր փուլը. «Սա ճգնաժամային փուլ է, հեղաշրջման փորձերը հենց այնպես չեն: Կարծում եմ՝ Թուրքիայում ճգնաժամի սրացման փուլը դեռ երկար կտևի: Դա նաև տարածաշրջանում իր ազդեցությունը կունենա, և Սիրիայում էլ կունենա այդ ազդեցությունը: Կարծում եմ՝ այն դժգոհությունը, որ կա Թուրքիայում Էրդողանի քաղաքականությունից, կշարունակվի, և դա կազդի նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա»:

Տեսանյութեր

Լրահոս