«Տղանե՛ր, այսպես գնաց` մեզ բոլորիս կսպանեն այդ դիտանցքից, պետք է դիմացի բարձունքը գրավենք»

Մայիսի 17-ին, ժամը 00։50-ի սահմաններում Արցախում զոհված ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Հարությունյանը Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքից էր։ Խաչատուրը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ։ Առաջին կիսամյակն ավարտելուց հետո զորակոչվել էր Զինված ուժեր։ Ամիսներ անց կավարտեր ծառայությունը։ Նա իրենից փոքր քույր ունի։

«Ծնված օրվանից երազանքներ կային. Մահվան օրվանից բոլորը փշրվեցին»

Xachatur (3)

«Խաչատուրս փոքր հասակից առանձնանում էր իր համեստ, հանգիստ բնավորությամբ։ Ոչ մի դժվարությունից չէր փախչում։ Գյուղական կյանք էր, չէր խուսափում ֆիզիկական աշխատանքներից։ Ոչ միայն իմ, այլև համագյուղացիների, համայնքի անդամների խոսքից դուրս չէր գալիս։ Համեստորեն լսում էր։ Առանձնանում էր պարփակվածությամբ։ Իր ներքին խնդրով չէր կիսվում, ուզում էր անձամբ լուծել իր խնդիրը»,- որդու մասին պատմելով` ասում է հայրը` Վարդան Հարությունյանը։

Խաչատուրի հայրը պատմում է, որ դպրոցն ավարտելուց հետո որդին ընդունվել է Տնտեսագիտական համալսարան, սովորել հաշվապահական բաժնում։ Մասնագիտությունը Խաչատուրն էր ընտրել. «Ես մանկավարժություն խորհուրդ տվեցի, ասաց` չէ՛, պա՛պ։ 11-րդ դասարանում էր, կինս հարցրեց` Խաչատո՛ւր ջան, չե՞ս սիրահարվել։ Ասաց` չէ՛, մա՛մ, ես գիտությանն եմ սիրահարվել։ Մայրն ասում էր` ես անհանգստացած եմ, որ չես սիրահարվել։ Ասում էր` մա՛մ, ես սիրահարվել եմ, բայց` գիտությանը։ Շատ էր ձգտում սովորել։ Ամեն ինչ կիսատ մնաց…»։

Xachatur (3) Xachatur (2) Xachatur (5)

Առաջին կիսամյակն ավարտելուց հետո` 2015թ. հունվարի 28-ին, Խաչատուրը բանակ է զորակոչվել։ «Մինչև 6 ամիսը լրանալը շնորհակալական թերթիկ եկավ։ Սերժանտական կուրսերի էր գնացել, սերժանտի կոչմամբ վերադարձել Ջեբրաիլ։ Զանգում էր։ Ազատ ու հանգիստ էր իրեն զգում։ Մեզ էր հանգստացնում` հանգի՛ստ եղեք, ամեն ինչ լավ կլինի»։ Խաչատուրի հայրը պատմում է, որ որդին ծառայությունից երբեք չի դժգոհել, իրեն միշտ հանգստացրել է, ասել, որ ամեն ինչ լավ կլինի։ «Դժվարությունների մասին մենք ոչինչ չենք իմացել, ոչինչ չի ասել։ Հեշտությամբ ու հանգիստ է տարել դժվարությունները»,- ասում է Խաչատուրի հայրը։

Xachatur (1)

Վարդան Հարությունյանի խոսքով` որդին ակտիվ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, ինչի մասին վկայում են մարտական ընկերների, կամավորների պատմությունները. «Պատմում են, որ նա շատ ակտիվ մասնակցել է։ Նույնիսկ այդ չորս օրվա պատերազմի ընթացքում անցել է պաշտպանիչ շերտից այն կողմ, դիտարկել ու հաղորդել, թե ինչ է կատարվում։ Դիտակետն իրեն չի բավականացրել` տեսնելու համար, թե ինչ է կատարվում, պաշտպանիչ շերտն անցել է։ Այսինքն` արհամարհել է մահն ու անցել է։ Ակտիվ մասնակցություն է ունեցել. չի վախեցել ո՛չ մահից, ո՛չ թշնամուց»։

Xachatur (6)

Այդ օրերին 3 օր հարազատները կապ չեն ունեցել Խաչատուրի հետ։

«Ապրիլի 3-ին անհանգստացա, զանգեցի զորամաս, կապվեցի հրամանատարի հետ, ասաց, որ իր հետ ամեն ինչ նորմալ է, երեկոյան ձեզ կզանգի։ Ապրիլի 3-ի երեկոյան միայն խոսել եմ իր հետ։ Հանգիստ էր։ Նույնիսկ այդ ժամանակ չէր ասում։ Մտածում էր, թե մենք չգիտենք։ Ընդհանրապես չի դժգոհել։ Մենք երբեք չենք իմացել` դժվարություններ ունեցե՞լ է, թե՞ ոչ»։ Խաչատուրի հոր խոսքով` որդին որպես գնդացրորդ է ծառայել, որդուն «Կասկա» են անվանել։

Xachatur (4)

Խաչատուրը հրազենային վիրավորում ստացել է մայիսի 17-ին, ժամը 00։50-ի սահմաններում։ Հայրը պատմում է, որ դեպքից մեկ օր առաջ Խաչատուրը վերջին անգամ իր հետ է խոսել։ «Նորից շատ բարձր տրամադրությամբ էր։ Ասաց` պա՛պ, հանգի՛ստ, ոչինչ չկա։ Հանգիստ էր, մեզ էլ հանգստացնում էր, որ ամեն ինչ լավ կլինի։ Այդ օրն իր հետ երկու անգամ եմ խոսել»,- ասում է հայրը` նշելով, որ որդու զոհվելու դեպքը նկարագրելով` ասել են, որ դիտարկման ժամանակ դիպուկահարի կրակոցից որդին զոհվել է։ «Գիշերային դիտարկման ժամանակ սնայպերը խփել էր»,- ասում է Վարդան Հարությունյանը։
Խաչատուրի հայրն ասում է` որդին շատ երազանքներ ուներ. «Ծնված օրվանից երազանքներ կային։ Մահվան օրվանից բոլորը փշրվեցին։ Երազանքն էր` ավարտեր Տնտեսագիտական համալսարանը, ընտանիք կազմեր։ Երազանքները շատ էին։ Ինձ միշտ հույս էր տալիս` պա՛պ ջան, բան չմնաց` 8 ամիս, կգամ, ամեն ինչ լավ կլինի, թեթև կլինի»։

«Շատ գիտակ զինվոր է եղել»

Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտուշ Միքայելյանը Խաչատուրին ճանաչում է մանուկ հասակից։ «Մարդկային մի տեսակ կա` քաղցրարյուն մարդ։ Խաչատուրը հենց այդպիսին էր. խիստ համեստ, հանդուրժող, բայց չէի ասի` խելոք։ Իրոք, շատ համեստ էր։ Ամեն ինչում այդ համեստությունը դրսևորում էր։ Եթե նույնիսկ անկարգություն էլ էր անում, ապա այդ համեստության շեմը չէր անցնում։ Աչքիս առաջ հիմա իր այդ ամոթխած նայվածքն է, երբ դիտողություն էինք անում` մի տեսակ վիզը ծռում ու խեղճացած էր նայում, բայց հասկանում էինք, որ գիտակցված է խեղճանում։ Պարզապես մեծ ցավ կա ամեն մեկիս սրտում։ Անցել է 40 օրը և ավելի, բայց ամեն անգամ հիշելիս` Խաչատուրի կորուստը մի փոքր անբնական է թվում, շատ դառը։ Ցավը չափից մեծ է։ Եթե ես` որպես մարդ, ճիշտ է` ընտանիքին մոտ կանգնած մարդ, այսքան ցավ եմ ապրում, հասկանալի է` որքան մեծ է ծնողների ցավը։ Բայց ամեն դեպքում նաև սփոփվելու, հպարտանալու տեղ կա։ Ես Վարդանին բազմիցս ասել եմ` Խաչատուրն ընկավ, նա չի մահացել, անմահացել է։

Xachatur (4)

Նա պատահական չընկավ. գիտեր, թե ինչ էր անում, ինչպես։ Պատերազմի դաշտում էլ անվախ կռվել է` իմանալով, թե ինչի համար է կռվել։ Ոչ մի անգամ չենք լսել, որ վախկոտության նշան ցույց տա։ Լիլիթը` մայրը, պատմում է` զանգում, ասում էի` տղա՛ ջան, ի՞նչ կլինի, ցա՛վդ տանեմ, մկան ծակ փնտրիր, որ թաքնվես, քեզ ոչինչ չպատահի։ Մայր է, հասկանալի է։ Նույնիսկ մի անգամ ասել է` կասեմ, թող քեզ համար հարմար տեղ գտնեն։ Այնպիսի խոսքերով է սաստել Լիլիթին, թե` ի՞նչ ես ասում, ես այստեղ կանգնած եմ, ընկեր, անուն ունեմ։ Իրոք, անուն ուներ։

Մականուն է ունեցել` «Կասկա» են ասել։ Ամեն մեկին այդպիսի անուն չեն տալիս։ Գտնում եմ, որ պիտի հպարտանանք»։ Դպրոցի տնօրենի խոսքով` Խաչատուրին դիրքերում ճանաչել են` որպես ուշիմ, պահը ճիշտ զգացող զինծառայող, և նրա զոհվելու լուրն իմանալուց հետո զարմացել են. «Շատ գիտակ զինվոր է եղել»։ «Դիտակետում, որտեղ ինքը դիտարկում է իրականացրել, Խաչատուրն առաջին զոհը չէ։ Մի քանիսը զոհվել էին, ինքը տղաներին ասել է` տղանե՛ր, այսպես գնաց` մեզ բոլորիս կսպանեն այդ դիտանցքից, պետք է դիմացի բարձունքը գրավենք։ Բնական է` ինքը դա չէր կարող նախաձեռնել, հատուկ հրաման էր պետք, բայց ինքը ռազմական գործից ահագին հասկացել է, դրսևորել է իրեն։

Xachatur (7) Xachatur (8)

Սրանք մենք հիմնականում պատմելով գիտենք։ Դա էլ մեծ նշանակություն ունի, մարդ սփոփվում է։ Ես Վարդանին ասել եմ` թեկուզ` արցունքն աչքերիդ, գլուխդ բա՛րձր պահիր։ Այսպիսի մարդիկ կյանքում քիչ են լինում։ Խաչատուրը նրանցից մեկն էր»,- ասում է դպրոցի տնօրենը` նշելով, որ Խաչատուրը խիստ ընկերասեր էր։

«Պատահում է, երեխաներ են, չարաճճիություն էին անում։ Ես մտնում և հարցնում էի` ո՞վ է մեղավոր։ Խաչատուրն առաջինը ոտքի էր կանգնում։ Գուցե մեղք էլ չուներ, բայց ոտքի էր կանգնում։ Սա իրականություն է։ Մտածում էր` առաջին հարվածի տակ ինքն ընկնի, ոչ թե ընկերները։ Դպրոցում արգելված է հեռախոս օգտագործել։ Կարգապահական կանոնների մեջ այդ կետն ամրագրված է։ Հիմա բոլորն էլ ունեն, պատահում է` երբեմն բերում են դպրոց։ Ես և փոխտնօրենը երբեմն հանկարծահաս միջոցառում ենք անցկացնում` մտնում ենք դասասենյակ և միանգամից ասում` ում մոտ հեռախոս կա, դրեք սեղանին, միևնույն է` ստուգելու ենք։ Գիտեն` ենթակա են ստուգման, հանում, խելոք դնում են սեղանին։ Մի անգամ էլ Խաչատուրը բռնվեց։

Xachatur (2) Xachatur (1)

Հեռախոսները վերցնում եմ, դնում չհրկիզվող պահարանում, տարեվերջին հանձնում ծնողին։ Լավ գիտեն սրա մասին։ Խաչատուրի քեռին էլ ինձ հետ շատ մոտ է։ Ամաչել էր ինձ ասել, զանգել էր քեռուն, քեռին զանգեց։ Խաչատուրն ասել էր` միայն իմը չվերադարձնի, եթե պետք է տա, թող բոլորինն էլ տա։ Ետ տվեցի հեռախոսները, և Խաչիկի մոտ դա չկրկնվեց։ Այդպիսի մարդ էր, հազա՜ր ափսոս և հազա՜ր փառք Խաչատուրին»։

Դպրոցի տնօրենի խոսքով` մանկավարժական խորհուրդը քննարկել է հարցը, որոշում կայացրել` դպրոցի նախնական զինվորական պատրաստվածության դասասենյակն անվանել Խաչատուր Հարությունյանի անունով։

Տեսանյութեր

Լրահոս