ԼՂ հիմնախնդրի կարգավորումը փակուղում է մնացել Իլհամ Ալիևի պատճառով. Վլադիմիր Կազիմիրով. tert.am
tert.am-ը զրուցել է 1992–1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ
– Անընդհատ խոսվում է հիմնախնդրի «փաթեթային» լուծման մասին. հայ քաղաքագիտական հանրությունը լուծման այս տարբերակին բուռն է արձագանքում։ Ձեր դիտարկմամբ՝ ո՞րն է հիմնախնդրի լուծման տարբերակը, արդյո՞ք իրատեսական է խնդրի լուծման այդ տարբերակը՝ հաշվի առնելով կողմերի հնչեցրած այսօրվա պահանջներն ու ցանկությունները:
– Իրականում հնարավոր է ինչպես «փաթեթային», այնպես էլ «փուլային» կարգավորումը, բայց «փուլային» կարգավորումը պահանջում է հուսալիություն, կողմերի հավատարմություն՝ պարտավորությունների ստանձնման դեպքում, իսկ այս հիմնախնդրի պարագայում դա ակնհայտ պակասում է: Հանրահայտ է, որ կողմերից մեկը ամբողջությամբ անտեսել և ամեն անգամ վիճարկում է պաշտոնապես ընդունած իր պարտավորվածությունները: Բացի այդ, «փուլային» կարգավորման դեպքում կարևոր է գործողությունների հերթականությունն ու հաջորդականությունը:
Շատ ափսոս, որ անգամ քաղաքագետներն ու փորձառու լրագրողները չգիտեն և չեն հիշում այն կարևոր փաստաթուղթը, որի հիման վրա 1994 թվականի մայիսի 12-ից Ղարաբաղի շուրջ ձեռք է բերվել հաշտություն: Դա այդ տարվա ապրիլի 15-ի ԱՊՀ երկրների ղեկավարությունների Խորհրդի հայտարարությունն է: Այդ հայտարարության հետ համաձայն էին ԱՊՀ-ի բոլոր 15 երկրները, ներառյալ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները: Այնտեղ առաջին անգամ շատ խիստ ձևով (ավելի խիստ, քան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերում- Վլադիմիր Կազիմիրով) պահանջ կար ոչ միայն կրակի դադարեցման, այլ նաև՝ դրա հուսալի ապահովման: Հետո գալիս է բանալի միտքը. «Առանց դրա հնարավոր չէ վերացնել առճակատման ողբերգական հետևանքները»: Այսինքն՝ նախ ամբողջությամբ բացառել ռազմական գործողությունների վերականգնումը և հետո միայն ազատել ինչ-որ տարածքներ, վերադարձնել այնտեղ փախստականներին և տեղանված անձանց և այլն:
Բայց ինչպե՞ս է խնդիրները բարձրացնում Բաքուն. նախ՝ ազատագրել գրավյալ տարածքները, բայց՝ ոչ հստակ պարտավորվածություններով հրաժարվել ռազմական միջոցներով խնդիրը լուծելուց: Դա հեռու է կարգավորման այն հեռանկարից, որը տեսնում էին նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, և ընդհանրապես ԱՊՀ երկրների ղեկավարները: Միայն միամիտը կարող էր ուշադրություն դարձնել նրա ժառանգի փաստարկներին: Հենց դա է պատճառը, որ այս հիմնախնդրի լուծումը փակուղում մնացել: Մինչև կողմերը չպայմանավորվեն ուժ չկիրառելու մասին, դժվար թե ձեռք բերվի երկխոսությունների համար անհրաժեշտ ճկունությունը: Իսկ առանց երկխոսությունների՝ կարգավորման գնալ հնարավոր չէ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: