«Ցավոք սրտի, Ղարաբաղում ռազմական բախումների վտանգը բավականին բարձր է». Անդրեյ Արեշև

«ԼՂ հակամարտող կողմերը ոչ մի հարց դեռ չեն համաձայնեցրել, և հնարավոր համաձայնեցման նախանշաններ չկան»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ գնահատելով Լավրովի դիտարկումներն այն մասին, որ հակամարտության կողմերը մոտ են կարգավորմանը, ինչպես երբևէ:

Նա ասաց, որ նման հայտարարությունները դիվանագիտական էթիկետի, բանակցային գործընթացի մի մասն են կազմում: Ըստ նրա՝ նման գնահատականներ նախկինում ևս հնչել են, կհնչեն, ինչը բնական է: «Ինչպես հայտնի է, դեռևս ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ վերջին դետալը: Այդ դետալն այս դեպքում համաձայնեցված չէ:

Կողմերի՝ Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի, դիրքորոշումները մնում են հակադրության մեջ: Մասնավորապես, որքանով ես եմ հասկանում, հայկական կողմը կատեգորիկ կերպով դեմ է, հայկական կողմին ձեռնտու չէ ադրբեջանական կողմի ձևակերպումն այն մասին, որ ԼՂ-ն կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի կազմում:

Ահա մի շարք տարաձայնություններից մեկը և գլխավորը: Դեռևս չեմ տեսնում հնարավորություն դրանց հարթեցման համար բանակցային գործընթացի շրջանակում: Ամեն դեպքում, կարծիքների փոխանակումը, նախագահների, ԱԳ նախարարների հանդիպումները մշտապես օգտակար են»,- ասաց Արեշևը:

Անդրադառնալով Փարիզում սպասվելիք հանդիպման հնարավոր արդյունքներին և կանխատեսումներին, թե Փարիզում գուցե հաջողություն արձանագրվի վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցում, նա ասաց, որ շփման գծում վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցը կախված է մի շարք բաղադրիչներից, սկսած ֆինանսականից մինչև աշխարհաքաղաքական:

«Որքանով ես եմ հասկանում, դրանք ամբողջ ծավալով համաձայնեցված չեն, ուստի ասել, թե դրանք կհամաձայնեցվեն տեսանելի ապագայում, այդ թվում՝ սպասվող Փարիզյան բանակցությունների շրջանակում, դժվար է ասել: Բանակցային փուլեր բավականին շատ են եղել, ուստի, ինչպես մենք ենք հասկանում, դրանք որոշակի օգուտներ տվել են, առաջին հերթին՝ այն պատճառով, որ կողմերը բանակցել են միմյանց հետ: Այնինչ մենք գիտենք, որ, ինչպես փորձն է ցույց տվել, այս կամ այն քաղաքական-դիվանագիտական ակցիաները և շփումները նախագահների միջև զուգորդվում են ԼՂ գոտում ռազմական գործողություններով, սադրանքներով, ինչը, իհարկե, կողմերին ավելի է հեռացնում փոխընդունելի պայմանավորվածություններից:

Այնպես որ, ես դեռ չեմ տեսնում նախանշաններ, որոնք թույլ կտային կոտրել այս սցենարը ու հաջողություն գրանցել Փարիզյան հանդիպման ընթացքում»,- նման տեսակետ հայտնեց Արեշևը:

Նա գտնում է, որ, ցավոք սրտի, ռազմական բախումների վտանգը բավականին բարձր է: «Մենք դա տեսել ենք ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձություններով 2016թ., ինձ թվում է, որ կողմերի միջև ռազմատեխնիկական հավասարակշռության վերականգնումն ամենալավ բաղադրատոմսն է այս փուլում ռազմական բախումների էսկալացիայից: Որքանով ես եմ հասկանում հայկական կողմի գործողությունները, այդ թվում՝ ՀՀ ՊՆ-ում կադրային փոփոխությունները, վերադասավորումները, ապրիլյան պատերազմի սխալների վերացման աշխատանքը մեծ ծավալով առաջ է մղվում»,- նշեց Արեշևը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս