«Սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբերի վերջ կարելի է սպասել հակառակորդի կողմից ակտիվ գործողությունների». Վովա Վարդանով

Օգոստոս ամսին սահմանին լարվածություն չի լինի, փոխարենը հակառակորդը կակտիվանա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կանխատեսում արեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

«Օգոստոսին ու հուլիսի կեսերին լարվածություն առաջանում էր, որովհետև այդ ժամանակ մերձկասպյան թուրքերի մոտ հատուկ ստորաբաժանումների դասընթացներ էին ավարտվում: Այդ դասընթացներն անցնում էին Թուրքիայի Հանրապետության տարածքում, և սնայպերական կուրսերի ավարտին բոլոր շրջանավարտները Հայաստանի սահմանների վրա ապացուցում էին իրենց մասնագետ լինելը, ու կրակելով հայ զինվորներին և խաղաղ բնակիչներին՝ ստանում էին որակավորում: Կարճ ասած՝ օգոստոսին ես ոչինչ չեմ սպասում, բայց ես սպասում եմ սեպտեմբերին և հոկտեմբերին»,- նշեց նա՝ պարզաբանելով, որ, եթե տարին տեղումնառատ չլիներ, ու հողը հագեցած չլիներ խոնավությունով, կարելի էր պնդել, որ աշխուժության մեծ հավանականություն կլինի հոկտեմբերին:

«Թուրքերը լավ հնարավորություն են ստանում՝ ճանկռելու ձևերով առաջխաղացումներ ունենալու: Ապրիլյան պատերազմին շատերի համար զարմանալի էր, թե ոնց եղավ, որ թուրքը վերցրեց դիրքերն ու առաջխաղացման հնարավորություն ստանալով՝ առաջ չգնաց: Ինքը դա չարեց, որովհետև պլանավորել էր փոքր հարձակումներով, ճանկռելով առաջ գալ: Ճանկռելու տակտիկան իրենք նորից կփորձեն կիրառել, որը, ի դեպ, մենք էլ ենք անում, ուղղակի՝ առանց զոհերի: Սեպտեմբերին, եթե կարողանան այդ բանն անել ու լավ վերլուծեն ապրիլյան իրենց հաջողություններն ու անհաջողությունները, հետևություններ անեն, մի քիչ ավելի խելամիտ կմոտենան ճանկռելու տակտիկային: Սեպտեմբերին իրենք կարող են աշխուժանալ, ու խոնավ հողը թույլ չի տա, որ մենք ի պատասխան՝ ինչ-որ գործողություններ անենք: Իսկ եթե մենք անմիտ նետվենք առաջ՝ ցեխի մեջ տեխնիկան կթաղվի, մարդիկ դժվար են ցեխի մեջ տեղաշարժվում, ու դառնում ես խոցելի հակառակորդի ցանկացած հրաձիգի համար: Կարճ ասած՝ հաշվի առնելով խոնավ տարին, սեպտեմբերի կեսերին կարելի է սպասել 6-7 օրվա աշխուժության»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ եթե հուլիսի կեսերից ու օգոստոսին եղանակը չորային լինի, ապա հակառակորդի գործողությունները կհետաձգվեն մինչև հոկտեմբեր. «Հոկտեմբերի աշխուժացումը նույն հետևանքներին կարող է բերել, որովհետև այդ ժամանակ էլ է հողը խոնավ, ու պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմը մեծ կորուստներ կունենա: Այսինքն՝ սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբերի վերջ կարելի է սպասել հակառակորդի կողմից ակտիվ գործողությունների»:

Հարցին՝ այսքանն իմանալով՝ ի՞նչ պետք է անի հայկական կողմը, նա պատասխանեց.

«Կարծում եմ՝ մեր հրամանատարությունը որոշակի հետևություններ արել է ապրիլյան պատերազմից, ինչը ցույց տվեցին նաև որոշակի փոփոխությունները ՊՆ անձնակազմում: Այդ փոփոխությունների արդյունքում ինչ-որ բաներ կանենք, երևի կնախապատրաստվենք, որ թույլ չտանք թուրքի առաջխաղացումը»:

Տեսանյութեր

Լրահոս