«Ապրիլյան պատերազմի հերոսական փուլն ավարտվել է». հոգեբան
Հոգեբան Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմի հերոսական փուլն ավարտվել է: Այսօրվա ասուլիսին նա նշեց, որ հերոսականության փուլը մոտավորապես տևում է 40 օր, և այդ փուլում, որպես կանոն, մարդիկ սիրում են իրար օգնել, երկրորդ պլան է մղվում մարդու սեփական շահը, և ընդհանուր շահը դառնում է ավելի այժմեական. «Այդ փուլին հաջորդում է նոր փուլ, որտեղ յուրաքանչյուրը սկսում է ավելի խորությամբ դառնալ սեփական շահի պաշտպանը: Այդ ժամանակ անապահովության զգացողությունն ապագայի նկատմամբ դառնում է ավելի արդիական, ու մարդն ավելի շատ կենտրոնանում է ինքն իր վրա»:
Ըստ Խ. Գասպարյանի՝ այս փուլում եսակենտրոնությունն է շարժիչ ուժը. «Հոգեբանական տեսությունների մեջ նկատվում է, որ տրավմային իրադրությունը անմիջապես գլուխ չի բարձրացնում այն ժամանակ, երբ մարդն ապրում է տրավման: Երբեմն բավական ժամանակ է պետք, որպեսզի այդ տրավմայի նկատմամբ ունենանք ռեակցիաներ: Ապրիլին քիչ դեպքեր եղան, երբ միանգամից արձագանքեցին տրավմային, մյուս դեպքերում դա ավելի ուշ է դրսևորվում: Հերոսական փուլում յուրաքանչյուրն իրեն կարևոր է զգում, և կարծես կեղծ պատկերացում է ձևավորվում, որ այդ ուշադրությունը կշարունակվի նաև հետագայում: Երեկ առիթ եմ ունեցել հանդիպելու ամպուտացված մի զինվորականի, ով մինչև հիմա դեռևս խնդիրներ ունի՝ կապված բյուրոկրատիայի հետ:
Նրանից որոշակի ստատուս են պահանջում՝ պրոտեզավորելու համար: Իր պայթյունը մոտավորապես ապրիլի կեսերին է եղել, ոտքը կորցրել է: Մենք հիմա քննարկում ենք նրան օգնելու հարցը: Դրանք փոքրիկ հարցեր են, բայց առաջացնում են հասարակության մեջ գնահատված չլինելու, ազգին անիմաստ ծառայելու զգացում: Նա շատ հայրենասեր մարդ է, անուն չտամ, և չի պատրաստվում դա հայտարարել, բայց բավական է իր ընտանիքի, շրջապատի ինֆորմացիան այն մասին, որ այդ մարդը գնաց, ոտքը կորցրեց, ու հիմա նույնիսկ պրոթեզավորման համար ստատուս չեն տալիս, արդեն բացասական է»:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի արդյունքում զոհված զինվորների ընտանիքների վիճակին, Խ. Գասպարյանն ասաց, որ վշտի հոգեբանության մեջ առանձնացվում է մի քանի փուլ.
«Առաջինը շոկի կամ անսպասելիության փուլն է, երբ մարդուն տեղեկացնում են պատահածի վերաբերյալ: Դա տևում է ամենաշատը 2 ժամ: Եթե տևի երկար, նշանակում է, որ պետք է անմիջապես հոգեկան առողջության մասնագետ հրավիրել: Այդ ժամանակ մարդու հույզերը բթանում են, ու ինքն ուզում է մարսել պատահածը՝ ինչքանով է դա հնարավոր: Երկրորդ փուլը կոչվում է հերքման փուլ, որը տևում է մեկ ամիս, երբեմն՝ ավելի երկար: Հերքման դեպքում չենք հավատում, մեզ թվում է՝ այդ մարդը դեռ ծառայության մեջ է, մի օր գալու է: Հերքման փուլին հաջորդում է կարոտի, խղճահարության զգացումը: Սկսում ենք կարոտել, խղճալ ու, միևնույն ժամանակ՝ մարդու մոտ կարող է առաջանալ մեղավորության զգացում: Երբեմն մեր վշտի ամենակարևոր բաղադրիչն այն է, որ մենք մեզ մեղավոր ենք զգում, մեզ թվում է՝ ինչ-որ բան պետք է անեինք, բայց չենք արել, և այլն: Մեր կարծիքով՝ մեզնից կախված, բայց իրականում՝ չկախված, խնդիրների վրա ենք կենտրոնանում: Բացի դրանից՝ կարող է լինել նաև բարկության փուլ: Բարկությունը կարող է լինել տարբեր ուղղություններով. մի դեպքում՝ քաղաքական գործիչների, հրամանատարության, ընտանիքի անդամներից մեկի դեմ, բժիշկների ուղղությամբ, կամ հենց այն անձի ուղղությամբ, որին կորցրել ենք»:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն էլ նշեց, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիան մի քանի կազմակերպությունների հետ համատեղ պատրաստակամ է մարտական գործողությունների մասնակից զորամասերից զորացրված բոլոր քաղաքացիներին ապահովել անվճար հոգեբանական օգնություն: