«ԼՂՀ-ն ինքը պետք է հայտնի՝ իր կարգավիճակի և միջազգային ճանաչման համար ինչի՞ է պատրաստ գնալ». ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է՝ ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունը պետք է առաջարկությամբ հանդես գա, որ թբիլիսյան հանդիպման նման հանդիպում ՀՀ-ում էլ անցկացվի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԼՂՀ հարցի կարգավորմանը՝ Ա. Դավթյանը նշեց, որ որքան էլ տարբեր կողմերից ԼՂՀ հարցի շուտափույթ լուծում գտնելու մասին հայտարարություններ արվեն, ինքը չի հավատում շուտափույթ լուծմանը:

«Կարծում եմ՝ արաբաղյան հակամարտությունն ունի մեկ կարևոր խնդիր, դա ԼՂՀ միջազգային ճանաչման կարգավիճակի հարցն է, քանի դեռ կարգավիճակի հարցը չի լուծվել, նշանակում է՝ ԼՂՀ խնդիրը չի լուծվել: Տրամաբանությունը հուշում է, որ, եթե գնալ լուծման, ապա պետք է առաջին հերթին՝ դրվի կարգավիճակի հարցը: Ղարաբաղցիները պետք է ասեն՝ ինչ զիջումների են իրենք պատրաստ, որից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը: Մինչև ԼՂՀ-ն չվերադառնա բանակցային սեղանի շուրջ, խնդիրը լուծում չունի: Այս պահին ԼՂՀ-ն ինքը պետք է հայտնի իր դիրքորոշումը՝ ինքն ինչի է պատրաստ գնալ իր կարգավիճակի և միջազգային ճանաչման համար: Խոսել շուտափույթ լուծումների մասին՝ երևակայական է: Հաշվի առնելով նաև ապրիլան պատերազմը՝ մենք այնքան ենք հետ շպրտվել բուն խնդրի կարգավորումից»,- նշեց Ա. Դավթյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ կարծիք հայտնեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմը որևէ կերպ անհետևանք չի կարող լինել. «Դա անհնար է, որ ձև անենք՝ ոչինչ չի եղել, ու գնանք իրար հետ խոսելու: Շատ կոշտ գնահատականներ պետք է տալ: Շատ կոշտ, ամեն ինչ պետք է իր անուններով կոչել: Ես դա երկու շաբաթ առաջ և՛ Ստրասբուրգում եմ ասել, և՛ Թբիլիսիում»:

Կարդացեք նաև

Մ. Մելքումյանը նույնպես կարծում է՝ ամենակարևորը Ղարաբաղին բանակցային սեղանին վերադարձնելն է: Նա նաև գտնում է, որ պետք է հստակ գնահատականներ և դիրքորոշում հնչեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին:

168.am-ի դիտարկմանը, թե՝ երկուսդ էլ նշում եք, որ ամենակարևոր խնդիրներից մեկը ԼՂՀ-ն բանակցային սեղանի շուրջ բերելն է, բայց թե՛ Վիեննայի, թե՛ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում մենք ականատես եղանք, որ գոնե հրապարակային մակարդակում Հայաստանը չբարձրացրեց այդ հարցը՝ Մ. Մելքումյանը պատասխանեց, որ ամեն ինչ պետք է հասունանա:

«Երբ Թբիլիսիում քառակողմ հանդիպում եղավ, առաջինը մենք առաջարկեցինք, որ ԼՂՀ ներկայացուցիչն էլ մասնակցի. շատ հակադարձումներ եղան: Այսինքն՝ մեզ որոշակի ժամանակ է պետք, բայց պետք է կոշտ դրվի, մենք պետք է դա փոքր քայլերով, միլիմետրերով անենք»,- նշեց Մ. Մելքումյանը:

Ա. Դավթյանն էլ ասաց, որ ոչ թե միլիմետրեր, այլև մետրեր արդեն իսկ արվել են: Նա նկատեց, որ Վիեննայի փաստաթղթում արդեն իսկ նշվում է, որ հավատարիմ են մնում 1995 թվականի պայմանագրին. «Սրանք ընդամենը հանդիպումներ են, դեռ այդ հանդիպումները պետք է վերածվեն բանակցությունների, դեռ չկա բանակցություն»:

Անդրադառնալով Բարաք Օբամա-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցին, որի ընթացքում քննարկվել է նաև ԼՂՀ հարցը՝ Ա. Դավթյանը նշեց՝ դա նշանակում է, որ անհիմն են այն խոսակցությունները, թե Ռուսաստանը միայնակ է ուզում լուծել այդ հարցը:

Տեսանյութեր

Լրահոս