«Վերջապես իրականացավ վաղեմի երազանքս»
Պարուսույց և հաղորդավարուհի Վարդուհի Ալեքսանյանը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ մի քանի ամիս ղեկավարում էր «Grand Stage Dance» պարի դպրոցը։ Մեզ հետ զրույցում Վարդուհին նշեց, որ վաղուց էր նախատեսում ամառն անցկացնել հայրենիքում, սակայն նախատեսածից շատ ավելի վաղ վերադարձավ՝ մտերիմ ընկերուհու՝ հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի հարսանեկան արարողությանը ներկա գտնվելու համար։
– Վարդուհի, ինչպե՞ս որոշեցիք մեկնել ԱՄՆ, և ո՞րն էր առիթը։
– Վերջին տարիների ընթացքում հաճախ էի լինում ԱՄՆ-ում, բայց վերջին այցս եղավ ճակատագրական։ Գաղափարը՝ ստեղծել պարարվեստի դպրոց, ունեի դեռ վաղուց։ Իմ անձի և իմ գործունեության նկատմամբ շատ պատասխանատու մարդ եմ, հատկապես բացել և ղեկավարել պարարվեստի դպրոց՝ մեծ պատասխանատվություն է երիտասարդ սերնդի նկատմամբ։ Ես համարում եմ, որ յուրաքանչյուր մասնագետ նախ՝ պետք է կայանա իր գործում, ստանա համապատասխան կրթություն, տիրապետի մարդու անատոմիական կառուցվածքին, անգամ աշակերտի հոգեբանությանը, և նոր միայն մտածի դպրոց հիմնելու մասին։
– Ի՞նչը Ձեզ վստահություն հաղորդեց՝ պարի դպրոց բացելու համար։
– Քսան տարվա ընթացքում պարարվեստում ձեռքբերումներից հետո, թե՛ որպես պարուհի և թե՛ որպես պարուսույց, որոշեցի ավելի գիտականորեն մոտենալ մանկավարժական հմտություններին։ Գրելով երկու ուսումնական ձեռնարկ, պաշտպանելով գիտությունների թեկնածուական աստիճանը, հասկացա, որ թե՛ մասնագիտորեն, թե՛ հոգեպես պատրաստ եմ կատարողական արվեստի դպրոց բացելուն։ Այո, վերջապես իրականացավ վաղեմի երազանքս։ Լոս Անջելեսի պարարվեստի դաշտն ինձ համար նոր հեռանար է և, միևնույն ժամանակ, մարտահրավեր։ Արդեն 8 ամիս է, ինչ գործում է դպրոցը, որտեղ կրթվում է շուրջ 150 աշակերտ։
– Եվ միանգամից անցում՝ «վայրէջք» կատարենք Երևանում։ Ինչո՞ւ եք վերադարձել։
– Ամառային հանգիստս պլանավորում էի անցկացնել հայրենիքում, ընտանեկան ջերմ միջավայրում, սակայն ընկերուհուս՝ հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի ամուսնության մասին լուրն ինձ ավելի շուտ բերեց հայրենիք։ Ուղղակի չէի կարող ներկա չգտնվել այդ գեղեցիկ արարողությանը։
– Ծաղկեփունջը պատահաբար Դո՞ւք չեք բռնել։
– Այնքան գեղեցիկ և գունեղ էր ամեն ինչ, որ աղջիկներն առանց ծաղիկ չմնացին։ Բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն այդ օրը ծաղիկներով էին։
– Ծաղկեփունջն առիթ դարձնելով՝ անցում կատարենք կանացի անկյուններ։ Ե՞րբ եք Դուք պատրաստվում նետել հարսանեկան Ձեր ծաղկեփունջը։
– Իրականում չեմ սիրում բարձրաձայնել անձնական կյանքիս վերաբերյալ։ Կարող եմ ասել միայն, որ դեռ չեմ բռնել իմ ծաղկեփունջը՝ դեռ չեմ ընտրել ապագա ամուսնուս։
– Գաղտնիք չէ, որ արվեստի բնագավառում գործող կինը շատ հաճախ ընտրության առջև է կանգնում՝ անձնական կյանք կամ բեմական գործունեություն։ Կան, իհարկե, երջանիկ բացառություններ։ Ինչպիսի՞ն է «դրությունը» Ձեզ մոտ։
– Ինձ համար ողջունելի է, երբ կինը կայացած է՝ ունի ստեղծագործական առողջ միտք, կազմակերպչական ջիղ, այն կարող է միայն օգնել թե՛ աշխատանքային, թե՛ անձնական կյանքում։ Խելացի է և հաջողակ է այն կինը, որ համատեղում է երկուսը մեկում։
– Ի՞նչ է Ձեզ համար կանացի երջանկությունը, ինչը, հատկապես կանայք, սիրում են միմյանց մաղթել՝ ուրախ առիթների ժամանակ։
– Սիրել և սիրված լինել, լինել հասկացված։
– Վերադառնանք դպրոցին։ Ո՞ւմ աջակցությամբ եք կարողացել հիմնել պարի դպրոցը։
– Ես և մտերիմ ընկերուհիս՝ հաղորդավարուհի Դինա Ավետիսյանը, բավականին կարճ ժամանակահատվածում կարողացանք իրականացնել պարի դպրոց ստեղծելու գաղափարը։ Գուցե անհավանական հնչի, բայց երբ համախմբվեցինք գաղափարի շուրջ, ընդամենը մեկ ամիս հետո արդեն ունեինք գովազդը, դպրոցի անունը և տարածքը, որը վերանորոգման փուլում էր։ Դպրոցի գեղագիտական կողմն ամբողջությամբ ես և Դինան ենք մտածել և իրականացրել՝ սկսած վարագույր կարելուց։ Շատ թանկ եմ գնահատում այդ երկու քրտնաջան ամիսները։ Երբ հետադարձ հայացք եմ նետում, անհնար է թվում այն, ինչ կարողացանք անել այդ երկու ամիսների ընթացքում։ Դա հնարավոր դարձավ՝ շնորհիվ իմ և Դինայի համատեղ աշխատանքի։
– Կարո՞ղ եք համեմատություններ տանել Երևանում և ԱՄՆ-ում աշխատելու առավելությունների և թերությունների միջև։
– Ասեմ, որ առաջին օրվանից ինձ դուր է եկել կարգապահությունն ու այն, որ օրենքը հավասար է բոլորի համար։ Թերություն՝ որպես այդպիսին, չեմ կարող մտաբերել, քանի որ ինձ համար կյանքում ամենակարևորն աշխատասիրությունն ու հավատն է։ Այնպես, ինչպես աշխատել եմ հայրենիքում, այժմ նույն ռիթմով և մի քիչ էլ ավելի պատասխանատվությամբ աշխատում եմ ԱՄՆ-ում։ Կարող եմ ասել, որ ամենանրբանկատ հանդիսատեսը հենց Միացյալ Նահանգների մեր հայրենակիցներն են։ Տեսակով լավատես եմ, և գուցե դա է պատճառը, որ չեմ նկատում թերությունները։
– Ի՞նչ հետաքրքիր նախագծեր եք ձեռնարկել։
– «Կատարողական արվեստի դպրոցում» պարբերաբար իրականացնում ենք նոր նախագծեր, վերջին շրջանում, բացի պարային ներկայացումներից, միջազգային մրցույթներին մասնակցելուց՝ անհամեստ չհնչի, բայց նաև հաղթելուց, մեր դպրոցում իրականացնում ենք նաև նկարչության դասեր։ Բացել ենք տիկնիկային թատերական խմբակ, որտեղ երեխաները ծանոթանում են հայկական հեքիաթների և իրենց սիրելի հերոսների հետ։ Հունիս ամսվա սկզբից նաև գործում է երեխաների համար շատ սիրելի «Նարնջագույն Փղիկը», որտեղ երեխաները զարգանում են՝ զվարճանալով։ Առջևում ունենք վերապատրաստման դասընթացներ հայ մասնագետների հետ, և մի քանի նախագծեր մինչ տարեվերջ կներկայացնենք ձեր դատին։