
«Եթե հարսը իրավունք չուներ խոսելու սկեսրայրի հետ, ապա տոնին ջրելու ժամանակ կարող էր ջուր ցանել նրա վրա՝ որպես օրվա խորհուրդ»

Հին հայկական ընտանիքներում Վարդավառի տոնին բոլոր անդամներն ունեին իրենց պարտականությունները, հայկական տարբեր գավառներում տոնը ծիսական առանձնահատկություններ ուներ ու տարբերվող արարողակարգ: Տոնի խորհրդի մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին`ընդգծելով, որ ոչ բոլոր ազգերի մոտ է, որ 1700 տարի քրիստոնեական ու ժողովրդական տոները և ծեսերը չեն կորցրել իրենց իմաստն ու արդիականությունը, գոյատևել են կողք կողքի: «Տարբեր գավառներում տարբեր ծիսական տիկնիկներ են պատրաստել և երգելով գովերգել: Նախկինում Վարդավառի ժամանակ առավոտյան պետք է զոհաբերություն անեին, գառ մորթեին, դրանից հետո գնային եկեղեցի պատարագի. այն ժամանակ թե երիտասարդը, թե տարեցը, թե երեխան գիտեր իր անելիքը, առաքելությունը: Հիմա չգիտեն, հիմա առավոտյան արթնանում վազում են աշխատանքի, ժամանակ չի մնում երբևիցե տոնի մասին մտածելու: Հնում յուրաքանչյուր ծեսի ժամանակ պարտավորվածություն կար թե՛ տան հարսի, թե՛ մամիկի, թե՛ տան տղամարդու վրա»,- ասաց ազգագրագետը:
Գրիգոր Լուսավորիչը, ըստ իր կոնդակի, ժողովրդական տոները միացրեց եկեղեցական տոներին, սակայն, Ագուլեցու համոզմամբ, եկեղեցին ավելի լավ է դրանք տոնում, քան ժողովուրդը: «Ժողովուրդը մշակույթով է հարուստ, եկեղեցին՝ իր արարողակարգով: Եթե կարողանանք այս երկուսը միացնել շատ հարուստ հոգևոր ազգ կլինենք: Մենք ասում ենք ոչ միայն Վարդավառ, այլ նաև Պայծառակերպության տոն»,-ասաց նա` պատմելով, թե ինչպես է առաջացել Պայծառակերպության տոնը, որը եկել է նախաքրիստոնեական ժամանակաշրջանից:
Լուսիկ Ագուլեցու խոսքով` ծեսի մեջ շատ կարևոր է հասկանալ դրա էությունը: Օրինակ՝ Վարդավառի մեջ հանդես է գալիս Աստղիկի կերպարը: Երիտասարդները սիրում էին Աստղիկի կերպարը, քանի որ նա Վահագնի տարփուհին էր և բոլորի համար սիրո օրինակ էր ծառայում: «Գաղափարական առումով ջուրը համարվում է աստվածային, քանի որ երբ Հիսուսը ծնվում է, նրան ջրով օրհնում են: Աստվածային ջրով օծվել նշանակում է մաքրազերծվել: Ծիսակատարություններում եղել է ազատության գաղափարը: Եթե հարսը իրավունք չուներ խոսելու սկեսրայրի հետ, ապա տոնին ջրելու ժամանակ կարող էր ջուր ցանել նրա վրա՝ որպես օրվա խորհուրդ»,- նշեց ազգագրագետը:
Նա ցավով հավելեց, որ այս ամենը 20-րդ դարից հետո վերացել է: Ինչպես նաև վերացել է տիկնիկ պատրաստելու գաղափարը: Նրա խոսքով` հիմա դա չեն անում, քանի որ դրա իմաստը չեն հասկանում: