«ԳԱԼԱ-ն բավական ձայներ կտանի». Գագիկ Համբարյան

«Քանի որ քաղաքական դաշտը Գյումրիում պարարտ է, ԳԱԼԱ կուսակցությունը բավականին շատ ձայներ կտանի»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Հիշեցնենք, որ Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության մի քանի աշխատակիցներ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ և հիմնել կուսակցություն՝ Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ), որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ երեկ: Նրանց առաջնային նպատակներից է Գյումրու Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը:

Գ. Համբարյանը նկատեց, որ ԳԱԼԱ-ն վաղուց է հայտնի ոչ միայն՝ Գյումրիում, այլև Հայաստանի տարբեր մարզերում՝ որպես հեռուստաընկերություն. «Հիմա այդ լրագրողների խումբը որոշում ընդունեց, որ պետք է նաև իր ազդեցությունն օգտագործի քաղաքական ոլորտում դիվիդենտներ ստանալու և իրենց սեփական ծրագրերն առաջ տանելու համար, ինչը ես ողջունում եմ, քանի որ համարում եմ քաղաքական դաշտն առողջ օրգանիզմ և գտնում եմ, որ այն անպիտան ուժերը, որոնք իրենց գործն արդեն սպառել են, պետք է անցնեն պատմության գիրկը, և ի հայտ գան նոր քաղաքական ուժեր»:

Քաղաքագետի խոսքով՝ բոլորն էլ գիտեն, որ նրանք խիստ ընդդիմադիր են գործող իշխանություններին, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գյումրին ընդդիմադիր քաղաք է», ապա ԳԱԼԱ-ի շանսերը, մոտակա ՏԻՄ ընտրություններում ձայներ տանելու առումով, Գ. Համբարյանը բավական դրական է համարում:

Կարդացեք նաև

«Այս պահի դրությամբ համարում եմ, որ ԳԱԼԱ-ն բավական ձայներ կտանի, ու դա պայմանավորված է նրանով, որ քաղաքական դաշտը Գյումրիում բավական պարարտ է: Գիտեք, որ Գյումրին համարվում էր ԲՀԿ-ի երկրորդ հայրենիքը Կոտայքի մարզից հետո, իսկ Աբովյան քաղաքից հետո երևի թե ամենաշատ ԲՀԿ-ականները Գյումրիում էին, և Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից դուրս մղելուց հետո, պետք է նշեմ, որ ԲՀԿ-ն չկարողացավ վերականգնել իր ուժերը: Այս նոր ընդդիմադիր ուժը կփորձի հիմնականում իր կողմը գրավել ընդդիմադիր կեցվածք ունեցող զանգվածին, նաև նախկին ԲՀԿ-ի կողմնակիցներին, որոնք ունեն հիմնականում ընդդիմադիր կեցվածք»,- կարծում է Գ. Համբարյանը:

Խոսելով այն մասին, թե արդյոք ԳԱԼԱ-ին կհաջողվի՞ դա անել, քաղաքագետը նշեց, որ այստեղ կարևոր է՝ ինչպիսի քաղաքականություն է վարելու կամ ինչ ֆորմատով է մասնակցելու մոտակա քարոզարշավին ԳԱԼԱ կուսակցությունը. «Եթե իրենք շատ լավ հասկանան ընդդիմադիր ընտրազանգվածի սպասելիքները և կարողանան հանդես գալ այդ սպասելիքներին ընդառաջ, հավանականությունը շատ մեծ է, որ բավական մեծ ընտրազանգված կտանեն իրենց հետևից: Այստեղ նաև կարևոր է՝ ընդդիմադիր մյուս ուժերն ինչ ֆորմատով կմասնակցեն այս ընտրություններին, որպեսզի մենք կարողանանք պատկերացում ունենալ՝ ինչ ձայներ կստանա ԳԱԼԱ-ն»:

Հիշեցնենք, որ ԳԱԼԱ-ն արդեն իսկ հայտարարել է, որ «Ժառանգություն», ՀԱԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ բանակցում են՝ ՏԻՄ ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ: Այս առնչությամբ Գ. Համբարյանը նշեց, որ նրանց գլխավոր նպատակը մեկն է՝ իշխանափոխություն. եթե նրանք միավորվեն նույն այդ ծրագրի, նպատակի շուրջ, կարող են գոնե ժամանակավորապես կոալիցիա ստեղծել ընտրություններին մասնակցելու համար. «Ճիշտ է, ծրագրային դրույթներով տարբերություններ կան, բայց այստեղ կարևորը նրանց նպատակն է՝ իշխանափոխությունը: Հիմա եթե նրանք գտնում են, որ այդ նպատակն ավելի կարևոր է, քան նրանց ծրագրային դրույթները, ապա կմիավորվեն, եթե՝ ոչ, ապա պառակտված հանդես կգան, ինչը կնշանակի՝ ընդդիմադիր զանգվածի ձայների փոշիացում»:

Տեսանյութեր

Լրահոս