Արթիկցիները՝ իրենց տրված գումարների մասին. «Այդպիսի ընտանիք չկա, որ իր վնասի հատուցումից գոհ լինի, բոլորը դժգոհ են»

«Իմ տունն ամբողջապես քայքայված է, չկա, պարոն վարչապետն անձամբ եղել է իմ տան դեմը կանգնած, ասել է՝ ստեղ բնակվել հնարավոր չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Արթիկ քաղաքի բնակիչ Լյովա Մողրոյանը՝ խոսելով հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած հեղեղումների և դրանց հետևանքների մասին:

Նրա ասում է՝ 70 տարեկան, ինֆարկտ տարած մարդ է, 2 օր քնել է իր տան տանիքում. «Ասել եմ՝ մենակ ինձ բնակարանով ապահովեք, ինձ ոչ ապրուստ է պետք, ոչ մի բան էլ աչքիս չի երևա, հիմա 4 հատ թոռ ունեմ, եկող տարի 2-ին բանակ պետք է ուղարկեմ, ես ի՞նչ խղճով ճամփեմ բանակ: Ես չգիտեմ՝ էդ էրեխեքի դարդն ինչպես քաշեմ, ամեն մեկին տարել՝ մի տեղ թողել եմ, այսպես մոլորված ման կգամ: Հենց այս պահին էլ էլի ջուրը ձորից լցվում է շենքիս նկուղը: Տունը փուլ չի եկել, պատերը կանգնած են, 1 մետր 30 սանտիմետր ջուր է լցվել: Գնահատել են՝ 1 միլիոն 900 հազար փող են տվել: Ինձ էդ փողը պետք չէ, ինձ իմ տունն է պետք: Առանց ամաչելու՝ ասեմ, ախպորս շորերն եմ հագել, եկել եմ Երևան»: Լյովա Մողրոյանը համոզված է՝ իր վնասն իրեն հատկացված գումարից շատ է:

Արթիկի մեկ այլ բնակիչ՝ Դուսյա Հարությունյանն էլ հայտարարեց՝ գոհ է, որ ողջ է մնացել. «Հենց առաջինը դիմել եմ քաղաքապետին, անմիջապես փրկարար ջոկատն ուղարկել է, ինձ տանից հանել է: Ես խորին շնորհակալություն եմ հայտնում, որ կենդանի եմ մնացել, վարչապետը տուն է խոստացել, քաղաքապետն այստեղ ի՞նչ մեղավոր է: Ինձ հատկացրել են 1 միլիոն 800 հազար: Սաղ տունս՝ մեբելով էլ, ամբողջ ունեցածքով էլ, մնացել է ցեխի տակ»:

Քաղաքապետ Արսեն Աբրահամյանն էլ նշեց, որ կարևորագույն ձեռքբերումն այն է, որ աղետի հետևանքով զոհեր չեն եղել. «Այնինչ, փակված մանկապարտեզում մենք կարող է ունենայինք 23 երեխաներ, որոնք մասնակցում էին հանդեսին: Քանի որ ջրի անընդհատ հոսք կար, վարչապետի խոսքը երևի նրա մասին էր, որ, եթե տներն ընդհանրապես փլուզվեն, այդ դեպքում մարդկանց բնակարաններ կտրամադրվեն, բայց քանի որ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ շենքերը բնակվելու համար պիտանի են և ընդամենը վնասված են, այդ ջուրը քաշվելուց, վերանորոգելուց հետո կարելի է բնակվել այդ տներում: Խոստումն աջակցության տեսքով արդեն կատարվել է»:

Դիտարկմանը, թե երեկ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ հաշվարկել են և յուրաքանչյուր բնակարանի համար պետք է հատկացնեն 4 միլիոն 600 հազար դրամ, ինչի՞ մասին էր խոսքը, Արթիկի քաղաքապետը պարզաբանեց, որ նախարարն ասել է՝ մինչև այդքան գումարը. «Այսինքն՝ կա բնակիչ, որ ստացել է այդքան: Այս ամբողջ գործընթացը տեսանկարահանված է, ու այդ ամբողջը շատ օբյեկտիվ է կատարվել: 4 միլիոն 600 հազարը ստացել է մեկ հոգի՝ Բիչախչյան Ռուբենը»:

Արթիկցի Արտավազդ Կարախանյանն էլ ասաց, որ հատուցված գումարն իր կրած վնասներին համարժեք չէր. «Հրաժարվում եմ այդ գումարից: Սելաֆը եկել է հենց իմ տան մոտով, խփել է գոմը, անասունները տարել է, ընդամենը փրկվել է 11 խոզ: Ունեցել եմ 2 մայր խոզ՝ խոճկորներով, 1200 թև ճուտ, 9 հատ հորթ եմ ունեցել, վնասի հատուցումը կազմել է 655 հազար դրամ: Խնդրում եմ, պարոն քաղաքապետը թող մեկնաբանի դա: Այստեղ ներկա գտնվել ցանկացողները շատ էին, մեզ լիազորել են իրենց անունից խոսել՝ այսօր այդպիսի ընտանիք չկա, որ իր վնասի հատուցումից գոհ լինի, բոլորը դժգոհ են»:

Քաղաքապետն ասաց, որ անասնագլխաքանակի վերաբերյալ հանձնաժողովն արձանագրել է այն անասնագլխաքանակը, որ ինքը տեսել է իրա աչքերով տվյալ պահին անշնչացած:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արթուր Սողոմոնյանը էլ պարզաբանեց, որ հատկացված գումարները ոչ թե փոխհատուցում էին, այլ օժանդակություն, դրա համար գուցե որոշ դեպքերում համարժեք չեն եղել վնասների չափին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս