«ՀՕՊ պայմանագրով մենք իրավունք ենք ստանում առանց ռուսական կողմին տեղյակ պահելու օգտվել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայից, այդ թվում` կործանիչ ավիացիայից». Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկ այս հարցի քննարկման ժամանակ իրենք բացարձակապես այլ բան էին քննարկում, քան ներկայացված է այդ պայմանագրում:
«Ինչ ասես՝ փորձվեց քննարկվել՝ էլ ապրիլյան պատերազմ, փորձվեց մանիպուլացնել հանրությանը, խոսելով այն մասին, որ ապրիլյան պատերազմին ռուսական զենքից զոհեր ենք ունեցել: Իսկ ո՞վ է դա հերքում: Ով է ասել, որ վավերացնելով այս պայմանագիրը, մենք չենք շարունակելու բոլոր ամբիոններից խոսել այն մասին, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին: Ի տարբերություն այն որոշ հոխորտացող պատգամավորների, որոնք միայն այս ամբիոնից են խոսում այդ մասին, ես եղել եմ այն պատգամավորներից մեկը, որ Ռուսաստանի պետդումայում շատ բարձր մակարդակով ասել եմ, որ գործընկերությունը փողի հետ չեն փոխում, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներից միակն է, որ Ադրբեջանին վաճառում է հարձակվողական զենք, որ եթե Ռուաստանը չվաճառի, Ադրբեջանն այդօրինակ զենքը այլ երկրից չի կարող գնել: Բայց ո՞վ է հերքում, որ այս պայմանագիրը վավերացնելով, մենք դադարելու ենք մեր մտահոգությունները հայտնել այդ մասին»,-հայտարարեց ԲՀԿ ղեկավարը:
Նա հորդորեց չփորձել խաղալ հանրության նուրբ լարերի վրա. «Ասում են, որ միայն իրենք են բարձրացնում ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կողմից խոշտանգված զինվորների մասին հարցը: Այդ ո՞վ ասաց, որ միայն դուք եք, դուք ի՞նչ գիտեք՝ մենք ԵԽ ԽՎ-ում ինչ ենք անում: Երբ բրիտանացի պատգամավորը ԵԽ ԽՎ-ում խոսեց այդ մասին, այդ իրե՞նց աշխատանքի արդյունքն է: Այնպես որ, կարծում եմ համեստությունը լավ բան է, և համեստությունից ոչ մեկ երբևէ չի տուժել»:
Ն. Զոհրաբյանը նշեց, որ հասկանում է այն պատգամավորներին, որոնք հստակ իմանալով պայմանագրի փիլիսոփայությունը՝ միտումնավոր խեղաթյուրում են այն. «Մեր այդ գործընկերներն ունեն իրենց քաղաքական շահերը հստակ քաղաքական կենտրոններից: Բայց այս պայմանագիրը մեզ լրացուցիչ հնարավորություն է տալիս ապահովելու, ավելի անվտանգ դարձնելու մեր օդային տարածքը, այս պայմանագիրը մեզ լրացուցիչ հնարավորություն է տալիս ՀՀ-ում տեղակայված ռուսական արսենալը օգտագվործել մեկ հրահանգով, որից հետո նոր ռուսական կողմին տեղյակ պահել, հիմա դա լա՞վ է, թե՞՝ վատ:
Այս պայմանագրով մենք առավել անվտանգ ենք դարձնում մեր օդային տարածքը, և իրավունք ենք ստանում առանց ռուսական կողմին տեղյակ պահելու օգտվել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայից, այդ թվում կործանիչ ավիացիայից»: