Ինչի հաշվին է լցվում բյուջեն
Այս տարվա մայիսի սկզբին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր նաև հարկերի հավաքագրմանը։ Նա նշել էր, որ ապրիլ ամսին Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է մոտ 100 մլրդ դրամ գումար:
«Նման բան մեր երկրի պատմության մեջ չի եղել: Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հիմնական հարկատուները գրեթե շահույթ չեն ստացել ու շահութահարկ չեն վճարել, գունավոր մետաղների գնի անկման և այլ պատճառներով, բա էդ ովքե՞ր են վճարել»,- ասել էր նա՝ ավելացնելով, որ էլի տեղ կա հավաքելու, և էլի են հավաքելու։
Որոշ ժամանակ անց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ճշգրտել էր այդ թիվը՝ նշելով, որ ապրիլին հավաքվել է 97.1 մլրդ դրամի հարկ։ 97.1 միլիարդը, ճիշտ է, 100 մլրդ չէ, ու կոնկրետ Հայաստանի հարկային մուտքերի կտրվածքով ամսական 3 մլրդ հարկը մեծ գումար է՝ այդպես կլորացնելու համար։
Սակայն 97.1 մլրդ-ը նույնպես աննախադեպ ցուցանիշ է։ Օրինակի համար նշենք, որ 2015 թվականի ապրիլին հավաքագրվել էր շուրջ 91.4 մլրդ դրամ։ Ընդ որում, հատկապես ներմուծման կրճատման պարագայում՝ հարկային մուտքերի աճը կրկնակի է կարևորվում։
«Ովքե՞ր են վճարել» հարցին այն ժամանակ պաշտոնական վիճակագրության օգնությամբ հնարավոր չէր պատասխանել. ապրիլ ամսվա մանրամասն ցուցանիշները դեռ հրապարակված չէին։ Սակայն այն ժամանակ դա մատուցվեց և ընկալվեց հետևյալ կերպ՝ շուրջ 5.7 մլրդ դրամի հարկերի աճը ապահովվել է ստվերի դեմ պայքարի հաշվին։
Իհարկե, պաշտոնական վիճակագրությունը կոնկրետ չի նշում՝ ովքեր են վճարել, սակայն մանրամասնում է՝ որ հարկատեսակի գծով որքան է վճարվել։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին կառավարության կազմում տեղի ունեցավ լուրջ կառուցվածքային և կադրային փոփոխություն՝ Պետական եկամուտների կոմիտեն առանձնացավ Ֆինանսների նախարարությունից, և դրա ղեկավար նշանակվեց նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանը։ Այսինքն՝ «աննախադեպ աճը» գրանցվել էր հենց ՊԵԿ նորանշանակ փոխնախագահի օրոք։
Ավելին, մարտի վերջին խոսակցություններ ծավալվեցին, որ Թուրքիայից, Չինաստանից և ԱՄԷ-ից ապրանք ներմուծողները լուրջ խնդիրների առաջ են կանգնել։ Լուրեր էին շրջանառվում, որ նոր պետի գալով՝ խաղի կանոններ են փոխվել, «պապկաներով» մաքսազերծման գործընթացը կանգնեցվել է, և բոլորին ստիպում են, ինչպես հարկն է՝ վճարել հարկերը։
Մի խոսքով, այս ամենը միասին տպավորություն ստեղծեցին, որ ՊԵԿ-ը ստվերի դեմ լուրջ պայքար է սկսել (որն առավել ընդգծված է մաքսային համակարգում), և հենց դրա հաշվին էլ բյուջեն լցվել է։ Ու ենթադրվում էր, որ հարկերի աճը գրանցված կլինի հիմնականում ներմուծման ոլորտի օլիգարխների հաշվին։
Հիմա արդեն հասանելի են հարկերի տվյալները։ Բերված աղյուսակում մենք համադրել ենք 2016 և 2015 թվականների ապրիլ ամիսների ցուցանիշները։
Դրանց համաձայն՝ ավելացված արժեքի հարկի հավաքագրումն ավելացել է 481 մլն դրամով կամ 1.6%-ով (2016 թվականի ապրիլին հավաքագրվել է 30.1 մլրդ դրամի ԱԱՀ)։
Հաշվի առնելով ներմուծման ծավալների անկումը՝ ԱԱՀ-ի այս ավելացումը քիչ չէ։ Սակայն դա չէ «հարկային թռիչքի» հիմնական պատճառը։
Ինչպես տեսնում եք՝ հարկերի աճի մեջ ամենակարևոր տեղը զբաղեցնում են բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանման համար վճարները։ Այս տարվա ապրիլին հավաքագրվել է 4.3 մլրդ դրամի բնապահպանական վճար՝ 2015 թվականի ապրիլի 1.1 մլրդ դրամի դիմաց։ Այս գծով բյուջեի մուտքերն աճել են 3.2 մլրդ դրամով կամ 4 անգամ։ Իսկ բնապահպանական վճարը վճարում են հիմնականում հանքարդյունաբերական ընկերությունները։
Բացարձակ առումով՝ զգալի աճ է գրանցել նաև եկամտային հարկի հավաքագրումը։ 2015 թվականի ապրիլի համեմատ հավաքվել է 1.6 մլրդ դրամով (կամ 6.8%-ով) շատ եկամտային հարկ (շուրջ 25.7 մլրդ դրամ)։
Ակցիզային հարկը նույնպես զգալի աճ է գրանցել՝ 929.1 մլն դրամ կամ 29.8% (ապրիլին հավաքագրվել է ավելի քան 4 մլրդ դրամի ակցիզային հարկ)։
Ահա սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք հարկային թռիչք են ապահովել 2016 թվականի ապրիլին՝ հանքարդյունաբերողներ, վարձու աշխատողներ, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների բիզնեսով զբաղվողներ։
Ի տարբերություն դրանց՝ կան հարկատեսակներ, որոնք ոչ միայն չեն նպաստել հարկերի աճին, այլ հակառակը՝ նվազեցրել են այն։ Ամենից շատ հարկային պատկերին խանգարել է մաքսատուրքը։ 2016-ի ապրիլին մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 4.55 մլրդ դրամ, ինչը 615 մլն դրամով կամ 12%-ով զիջում է նախորդ տարվա ապրիլի ցուցանիշին։ Սա հենց Եվրասիական տնտեսական միության «օգուտներից» է, ինչի մասին ասում էր ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը։
Մաքսային տուրքերից բացի, նվազել են այլ հարկատեսակների գծով մուտքերը ևս։ Պետտուրքերը նվազել են 71.1 մլն դրամով կամ 3.3%-ով, շահութահարկը՝ 124.3 մլն դրամով կամ 0.6%-ով, այլ հարկերը՝ 236.1 մլն դրամով կամ 8.8%-ով։
Ահա սա է ապրիլ ամսվա հարկային մուտքերի պատկերը։
Ինչ վերաբերում է ընդհանուր՝ 2016թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածին, ապա այս ընթացքում հավաքագրվել է 328.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Դա 4.37 մլրդ դրամով կամ 1.3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ուշագրավն այն է, որ 4 ամսվա մուտքերի առումով՝ ԱԱՀ-ի հավաքագրումը զգալի անկում ունի։ 2016-ի հունվար-ապրիլին հավաքագրվել է 116.7 մլրդ դրամի ԱԱՀ, որը 9.7 մլրդ դրամով կամ 7.7%-ով քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ 2016 թվականի առաջին չորս ամիսներին հարկերի համեստ աճն ապահովվել է եկամտային հարկի և շահութահարկի հաշվին։
Այսպես, հաշվետու ժամանակահատվածում հավաքագրվել է 97.5 մլրդ դրամի եկամտային հարկ (2016-ի հունվար ապրիլին՝ 91.9 մլրդ դրամ), 45.8 մլրդ դրամի շահութահարկ (2015-ի հունվար-ապրիլին՝ 40.9 մլրդ դրամ) և 16.5 մլրդ դրամի մաքսատուրք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13.5 մլրդ դրամի դիմաց)։