Լեոնարդո դի Կապրիոն`ամենաազդեցիկ մարդկանց տասնյակում
Walt Disney ընկերության նախագահ Ռոբերտ Այգերը, The Hollywood Reporter հանդեսի վարկածի համաձայն, գլխավորել է զվարճալիքների ինդուստրիայի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը:
Տասներորդ հորիզոնականում հայտնվել է դերասան, պրոդյուսեր, հասարակական գործիչ եւ «Օսկար» մրցանակի դափնեկիր Լեոնարդո դի Կապրիոն: «Հնարավոր է՝ նա հին կոփվածքի կինոաստղերից վերջինն է, ով դեռ կարող է ինքնուրույն ոչ սերիական կինո նկարահանել: «Փրկվածը» գործնականում դարձել է մեկ դերասանի ֆիլմ, բայց նրան հաջողվել է 532 մլն դոլար հավաքել ամբողջ աշխարհում, եւ դա, ամենից առաջ, 41-ամյա դի Կապրիոյի վաստակն է,- պարզաբանում են լրագրողները:- Նա նաեւ շատ բան է անում որպես մեկենաս՝ հատուկ ուշադրություն հատկացնելով աշխարհի բնապահպանական խնդիրներին»:
Ինչ վերաբերում է «հարյուրակի» առաջատարին, ապա, ինչպես գրում է հրատարակությունը, «65-ամյա Բոբ Այգերը կարող է զվարճալիքների ինդուստրիայում ամենաազդեցիկ մարդը համարվել աշխարհի խոշորագույն մեդիա-ընկերության իմաստուն կառավարման համար»: Այգերը Walt Disney-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է 2005 թվականից:
Պատվավոր վարկանիշի երկրորդ տեղում միանգամից երեք ձեռնարկատարեր են, որոնց կապում են սերտ ազգակցական հարաբերությունները: Դա Մերդոկի ընտանիքն է՝ ընտանիքի հայր, մեդիամագնատ, 21st Century Fox ընկերության համանախագահ 85-ամյա Ռուփերթ Մերդոկը, ինչպես նաեւ նրա երկու որդիները՝ Լահլանը եւ Ջեյմսը, որոնց նա աստիճանաբար տալիս Է մեդիաբիզնեսի կառավարման լծակները: «Մերդոկի կայսրության ընդարձակությունը եւ բազմազանությունը Լահլանին եւ Ջեյմսին դարձնում են զանգվածային լրատվամիջոցների առավել ազդեցիկ ղեկավարները,- պարզաբանում է հրատարակությունը:- Նրանց վերջին քայլերի թվում են National Geographic բրենդի ձեռքբերումը եւ այն հատուկ ուշադրությունը, որը նրանք սկսել են հատկացնել հեռուստատեսային լսարանի ուսումնասիրությանը»:
Ամենաազդեցիկ անձանց վարկանիշում երրորդ տեղն զբաղեցնում է CBS Corp. մեդիահոլդինգի ղեկավար Լեսլի Մունվսը: «Նրա կառավարման ներքո կորպորացիայի բաժնետոմսերը միայն այս տարի թանկացել են 12 տոկոսով, իսկ հեռուստա- եւ ռադիոցանցի հեռուստատեսային լսարանն ընդարձակվել Է մի ամբողջ շարք հիթ-ծրագրերի շնորհիվ»,- պարզաբանում է The Hollywood Reporter-ը: Պատվավոր «տասնյակում» են նաեւ NBC Universal հեռարձակող ընկերության ղեկավար Սթիվ Բուրքը եւ Walt Disney ստուդիայի ղեկավար Ալան Հոռնը:
Զվարճալիքների ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանց հարյուրյակում հրատարակությունը նշում է նաեւ ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգին, Ջեյմս Քեմերոնին եւ Մարտին Սքորսեզեին, հեռուստահաղորդավար եւ հասարակական գործիչ Օփրա Ուինֆրիին, դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսին, դերասաններ Բրեդ Փիթին եւ Ռոբերտ-Դաունի կրտսերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: