Պապի ուղերձները Հայաստանին ու Հայաստանով

Հռոմի պապի այցն առաջիկա շաբաթում կլինի գլխավոր քաղաքական իրադարձությունը: Մի քանի օր Հայաստանը լինելու է միջազգային լրատվության հետաքրքրության կենտրոնում: Արդեն հայտնի է, որ Ֆրանցիսկոս պապի այցի լուսաբանման համար 600 լրագրող է հավատարմագրվել: Նրանցից 300-ը արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ են:

Հռոմի պապի այցի նկատմամբ մեր՝ հայերիս հետաքրքրությունը, բնականաբար, առաջին հերթին՝ բացատրվում է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում մատուցված պատարագով: Հայ մարդն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում նաև այն, որ հավատի պատարագի Ֆրանցիսկոս պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան ծիսակարգով Եկեղեցու Հայր և Ուսուցիչ հռչակեց Ս. Գրիգոր Նարեկացուն: (1298թ. հաստատված եկեղեցական այդ տիտղոսին առ այսօր արժանացել է ընդամենը 37 մարդ): Հռոմի պապը միայն եկեղեցապետ չէ: Նա նաև Վատիկան պետության ղեկավարն է: Ուստի բոլոր այցերի ընթացքում նրան ընդունում են նաև պետական առաջնորդները:

Արտասահմանյան լրատվամիջոցները հատուկ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Հռոմի պապի այցը տարածաշրջանային չէ՝ պապն այցելում է միայն Հայաստան: Մեր հարևան երկրներ պապական այցը պլանավորված է ավելի ուշ՝ ամռան վերջում: Հոգևոր-եկեղեցական լրատվությանը հետևող լրատվամիջոցների գնահատականով՝ հայաստանյան այցի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը համադրելի է միայն այս տարվա փետրվարին կայացած Հռոմի պապի և Ռուսաց պատրիարքի հանդիպման հետ: Ֆրանցիսկոս պապը հայաստանյան այցի համար ընտրել է մեր երկիր առաջինն այցելած Հովհաննես-Պողոս Բ պապի կարգախոսը՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Հռոմի պապական աթոռի հիմնադիրը համարվում է Պետրոս առաքյալը:

Այս պատճառով պապական աթոռի գահակալներին, ի հարգանս իրենց առաքյալ նախորդի, արգելված է կրել Պետրոս անունը: Համարյա ձևավորման պահից մինչև Վատիկանի 2-րդ ժողովը (1962-65թթ.) Հռոմի պապը ձգտել է քրիստոնեական մյուս եկեղեցիներին պարտադրել ընդունել իր գերագահությունը: Հայ Առաքելական Ս. Եկեղեցու և Հռոմի պապական աթոռի հարաբերությունների պատմությունը գալիս է երկու եկեղեցիների հիմնադրման պահից:

Այդ հարաբերությունները վկայող առաջին պահպանված փաստաթղթերը թվագրվում են 9-րդ դար: Հարաբերությունների սերտացման յուրահատուկ պատմական շրջան սկսվեց 1054թ. եկեղեցական պառակտումից հետո, երբ Հռոմի և Կոստանդնուպոլիսի աթոռները խզեցին կապերը և դավանաբանական ու քաղաքական տարաձայնությունների պատճառով փոխադարձաբար իրար նզովեցին: Այս և Կիլիկիայի հայկական թագավորության գոյության շրջանում Հռոմի պապական աթոռն աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում դարձավ մեր եկեղեցու դաշնակիցը:

Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից հետո քաղաքական իրավիճակի փոփոխությունը հանգեցրեց կապերի թուլացմանը: Վատիկանի երկրորդ ժողովում Հռոմի կաթոլիկ եկեղեցին վերանայեց իր սկզբունքները և ավանդական քրիստոնեական եկեղեցիներին առաջարկեց միացյալ ուժերով դիմակայել ժամանակի մարտահրավերներին: Ձևավորված Էկումենիկ շարժման մեջ իր վաստակն ունեցավ Հայ Առաքելական եկեղեցին: Վազգեն Ա և Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսների օրոք մեր եկեղեցին ակտիվ մասնակցություն ուներ Եկեղեցիների համաշխարհային խորհրդում: Իսկ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համանախագահ է: Վազգեն վեհափառից սկսյալ՝ մեր բոլոր կաթողիկոսներն այցելել են Հռոմ, ինչը վկայում է երկու եկեղեցիների միջև սերտ հարաբերությունների ու համագործակցության մասին:

Հայոց Դարձի 1700-ամյակի հոբելյանական տոնակատարություններից առաջ Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը Մայր Աթոռ Ս. Էջմիածնին նվիրեց Գրիգոր Լուսավորչի մասունք, և ապա՝ ինքն առաջին անգամ ժամանեց Հայաստան՝ իր մասնակցությունը բերելով տոնական ու ծիսական միջոցառումներին: Վատիկանի երկրորդ ժողովում Հռոմի պապական աթոռը պաշտոնապես հրաժարվել էր Ուղղափառ եկեղեցու վրա դրված նզովքից: Բայց միևնույն է, Վատիկանի և Ուղղափառ եկեղեցիների միջև հարաբերությունները մնում են չհարթված:

Մեղմ ասած, չհարթված: 2001թ. մեր եկեղեցին տոնական միջոցառումները պլանավորելիս՝ հաշվի էր առել այս հակասությունը: Ծրագիրը կազմվել էր՝ Հռոմի Կաթոլիկ և Ռուս Ուղղափառ եկեղեցիների շահերը հաշվի առնելով: Հայ Առաքելական եկեղեցու գահակալներին հաջողվել էր 20-րդ դարի երկրորդ կեսին բարեկամական հարաբերություններ պահպանել քրիստոնեական ավանդական ու խոշոր եկեղեցիների հետ՝ դառնալով յուրատեսակ կամուրջ նրանց միջև: Սակայն հոգևոր-եկեղեցական լրատվամիջոցները Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցի մասին գրելիս՝ այն միայն Հայ եկեղեցու պատմական ու ներկա հեղինակությամբ չեն բացատրում:

Ֆրանցիսկոս պապը համացանցի իր անձնական կայքում գրել է, որ այցելելու է արևելյան երկիր Հայաստան, երկիր, որ առաջինն է ստացել Քրիստոսի Ավետարանը: Հռոմի պապի գրության մեջ շատերը քաղաքագիտական ու աշխարհայացքային մեսիջ են տեսնում: Խաղաղությունն ու հանդուրժողականությունը գլխավոր արժեք հայտարարած Ֆրանցիսկոս պապը մի կողմից՝ արևմտյան երկրներին հիշեցնում է Քրիստոնյա Արևելքի մասին: Մյուս կողմից՝ քրիստոնեությունից օտարվող արևմտյան երկրների քաղաքացիներին ակնարկում է քրիստոնեական արմատներին վերադառնալու կարևորության մասին:

Երևի հենց այս ակնարկի արդյունքում է ծնվել «Հայաստան՝ երկիր, որ առաջինն է ստացել Քրիստոսի Ավետարանը» արտահայտությունը: Հիմա այս ձևակերպումն Արևմուտքում քաղաքագիտական ու աշխարհայացքային բոլորովին այլ ընկալում ունի, քան մի քանի տարի առաջ:

Տեսանյութեր

Լրահոս