«Կերթա՝ տատիկ էլ կպահե, գործ կենե, էրեխա էլ կպահե, հեչ գոռոզ չէ հարսս, ճիշտ է` ավարտած աղջիկ է, գրագետ, բայց կերթա». հացի ու կեցության անվերջ պայքար
asparez.am. Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի ծուռ ու մուռ, ոլոր-մոլոր, փոշոտ ճանապարհը տանում է հերթական անօթեւան ընտանիքի քանդված ու կիսախարխուլ տնակ: Տնակի բակի երկար պարանից կախված են գույնզգույն շորեր, հագուստ… Փայտյա հին, փոքր պատուհաններից ներս նշմարվում է տնակի պատերի խոնավության հետքն ու բորբոսը: Կիսամութ սենյակում 4-ամյա Անժելան աշխույժ շարժվում է ու մերթ ընդ մերթ գունավոր մատիտով գծեր քաշում թղթի վրա. ասում են` նկարել շատ է սիրում…
Խրիմյան Հայրիկ 237/379 տնակում տիկին Անժիկն իր հարսի ու 4-ամյա թոռնուհու հետ ապրում է արդեն 2 տարի` վարձով. թեպետ ամենամսյա վարձը չնչին է` 5000 դրամ, այնուհանդերձ, ընտանիքը դժվարությամբ է այն վճարում: Ընտանիքի միակ եկամուտը ընտանեկան նպաստն է ու կենսաթոշակը. էլեկտրաէներգիայի, ջրի, գազի լիցքավորման ընդհանուր ծախսերը գրեթե հավասար են պետության տրամադրած ամենամսյա օգնությանը. վերջում մնում է մի քանի դրամ, ավելի ճշիտ՝ մի քանի կոպեկ…
54-ամյա տիկին Անժիկի միակ թոռնուհին` Անժելան, հաճախում է անվճար մանկապարտեզ, հազիվ մի կերպ տրանսպորտի գումարն են կարողանում հայթայթել. հարսը հիմնական աշխատանք չունի:
-Կերթա տատիկ էլ կպահե, գործ կենե, էրեխա էլ կպահե, հեչ գոռոզ չէ հարսս, ճիշտ է` ավարտած աղջիկ է, գրագետ, բայց կերթա, տները շուշա էլ կսրբե, տատիկի համար էլ ճաշ կեփե, գուքա…,-26-ամյա հարսի առօրյան նկարագրելով` պատմում է տիկին Անժիկն ու բողոքվում առողջական վիճակից:
Ասում է` օրերով ստիպված պառկում է, չի կարողանում շարժվել, այդ օրերին հարսը չի կարողանում տնակից դուրս գալ, մնում է երեխայի մոտ: Այդ օրերին գումարի պակաս ավելի են նկատում, բայց ինչ անեն` այլ ճար չունեն:
Տիկին Անժիկի ընտանիքը 1988-ի երկրաշարժի հետեւանքով Գյումրիում կորցրել է բնակարան, ապա, որպես բնակարանի փոխահատուցում, ստացել բնակարանի գնման վկայական, քիչ գումարի պատճառով քաղաքից հեռու են տուն գնել, բայց վաճառել են, որպեսզի մեկնեն արտերկիր` ՌԴ, որտեղ որոշ ժամանակ անց մահանում էտիկին Անժիկի 24-ամյա միակ զավակը` որդին: Հարսի եւ 2-ամյա թոռնուհու հետ տիկին Անժիկը ստիպված հեռանում է Ռուսաստանից ու վերադառնում Գյումրի եւ վարձում այս տնակը, որտեղ ապրում են արդեն 2 տարի:
Տիկին Անժիկի 81-ամյա մայրն ապրում է Երեւանի ծերանոցում, սոցիալական պայմանների պատճառով դուստրը մորը չի կարող տեղափոխել տնակ. ասում է` պայմաններ չունենք, հացի խնդիր կա, ես ինչ անեմ, չեմ կարող:
-Ինչով կարող են, խնդրում եմ, թող օգնեն մեզ, այլեւս չենք կարող այսպես, էրեխու հետ դուրս գուքանք քաղաք, կըսե տատիկ` սա եմ ուզում, նա եմ ուզում, չգիտեմ ինչ անեմ… էն վիճակին ենք հասել, որ սեփական տնակ չունենք, ես թոռիս մասին օր ու գիշեր կմտածեմ, չեք պատկերացնի` ինչքան, գլխներիս էլ տղամարդ չկա. 3 կնիկմարդ, մեկն էլ ծերանոցում. էս է մեր վիճակը…,-եզրափակում է տիկին Անժիկը: