«Նոր սադրանքները սարերի հետևում չեն». Expert-ի անդրադարձը՝ սանկտպետերբուրգյան հանդիպմանը
Expert ամսագրի հատուկ թղթակից Գևորգ Միրզայանն անդրադարձել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպմանը՝ ծավալուն հոդված հրապարակելով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Փոխզիջման համար տեղ չկա
Հոդվածագիրը գրում է, որ ՌԴ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո եռակողմ ձևաչափով փակ հանդիպում ունեցավ վերջիններիս հետ: Բնականաբար, Ալիևն ու Սարգսյանը միմյանց ձեռք չսեղմեցին ապրիլյան իրադարձություններից հետո:
Հանդիպման արդյունքներով հայտարարվեց ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահները հաստատել են, որ հավատարիմ են մնալու Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի նորմալացմանը, ու համաձայնել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը:
«Բացի այն, որ մենք կոնկրետ քայլեր ենք նախանշել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ, նախագահները համաձայնեցրել են եռակողմ հայտարարություն, որտեղ հաստատում են իրենց հավատարմությունը շփման գծում իրավիճակի նորմալացմանը, պարունակվում է նրանց համաձայնությունը՝ ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը, որը գործում է հակամարտության գոտում, և կողմ են արտահայտվել պայմանների ստեղծմանը, որպեսզի հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններում կայուն առաջընթաց գրանցվի»,- ասել էր նա:
Այլ կերպ ասած՝ կողմերը ոչ մի բանի մասին չեն պայմանավորվել, կարծում է հոդվածագիրը: Բոլոր մեղսունակ քաղաքական գործիչների կարծիքով՝ նրանք չէին էլ կարող պայմանավորվել:
Ղարաբաղյան հարցը լուծելը չափազանց դժվար է, իսկ կարճաժամկետ հեռանկարում՝ անհնար:
Հայերը վերահսկում են նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքի մեծ մասը և չեն պլանավորում այն փոխանցել Բաքվի վերահսկողությանը: Հոնկոնգյան սցենարն այստեղ չի անցնի: Բոլորը հիանալի հասկանում են, որ հաշվի առնելով Ադրբեջանում պաշտամունքի հասնող ատելության մթնոլորտը հայերի նկատմամբ, այս դեպքում հայկական բնակչությանը կամ կսպանեն, կամ կստիպեն լքել իրենց տները:
Փախստական ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նույնպես չափազանց քիչ հավանական է ոչ միայն՝ այն պատճառով, որ նրանք ստիպված պետք է վերադարձնեն սեփականությունը: Հայ բնակչության շրջանում նույնպես քարոզվում է ատելության մթնոլորտ հարևանների նկատմամբ (և արկերը, որոնք շարունակ ընկնում են ԼՂՀ-ի վրա, միայն դրանք թեժացնում են), այդ պատճառով էլ այդ փախստականների անվտանգությունը ոչ ոք չի կարող երաշխավորել, անգամ այն դեպքում, եթե յուրաքանչյուրին անվտանգության նպատակով զինվոր տրամադրվի:
Խաղաղության միակ շանսն Ադրբեջանի և ԼՂՀ-ի համաձայնությունն է «ճանաչում՝ տարածքների դիմաց» ձևակերպմանը: Դրա շրջանակում Բաքուն կճանաչի նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը (դրա համար այնտեղ կանցկացվի, օրինակ, հանրաքվե), իսկ դրա դիմաց՝ հայերն ադրբեջանցիներին կվերադարձնեն նախկին «Անվտանգության գոտու» տարածքների մեծ մասը՝ թողնելով միայն տարածություն Հայաստանի հետ ցամաքային կամրջի ստեղծման համար:
Սակայն ո´չ Ադրբեջանը, ո´չ ԼՂՀ-ն և նրանց ներկայացնող Հայաստանը նման փոխզիջման պատրաստ չեն:
Անգամ ռուս պաշտոնյաները կոչ էին անում բոլորին ինչ-որ առաջընթաց չսպասել: Նրանց խոսքով՝ Մոսկվան պարզապես ցանկանում է «ապահովագրվել» ռազմական գործողությունների վերսկսումից ու ապրիլյան վիճակի կրկնությունից: Այդ ժամանակ դրա հետևանքով լուրջ խնդիրներ ստեղծվեցին նաև Ռուսաստանի համար: Մոսկվան երկու կողմից ենթարկվեց լուրջ ճնշման՝ ադրբեջանցիները Մոսկվային մեղադրեցին՝ ստատուս-քվոն պահպանելու փորձերի, իսկ հայերը քննադատեցին Մոսկվային նրա համար, որ ՌԴ-ն հրապարակավ, ինչպես հարկն է, չի արձագանքել ադրբեջանական սադրանքին: Ու Կրեմլը շահագրգռված էր, որ այդ սադրանքներն այլևս չլինեն:
Նոր սադրանքները սարերի հետևում չեն
Առաջին հայացքից՝ Ալիևին բարդ չէ համոզել: Ադրբեջանի նախագահը խելացի մարդ է ու հիանալի հասկանում է, որ ներկայիս իրավիճակում բլից-կրիգի շանս չունի: Հայաստանի վրա հարձակումը կհանգեցնի ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման:
Հարձակումը բացառապես Ղարաբաղի վրա նույնպես անհեռանկարային է ոչ միայն այն պատճառով, որ ադրբեջանական բանակի սպառազինությունները չեն բավականացնի: Կրեմլը երաշխավորում է ԼՂՀ-ի դե ֆակտո անկախությունը:
Այո, այդ երաշխիքները չեն բարձրաձայնվում, ու Մոսկվան ֆորմալ առումով ճանաչում է Բաքվի ինքնիշխանությունը ԼՂՀ տարածքի նկատմամբ, սակայն ադրբեջանական իշխանությունները չեն շտապում վերականգնել իրական ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ: Օսիայի օրինակը լավ է յուրացվել:
Սակայն ուժային որոշումից հրաժարվել Ալիևը չի կարող: Առաջին հերթին՝ այն պատճառով, որ դեէսկալացիան անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ բոլոր կողմերը հետագայում ևս կպահպանեն ստատուս-քվոն:
Էսկալացիայի կուրսի ևս մեկ պատճառ է բնակչության ցանկությունը բավարարելը: Հակահայկական քարոզչության տասնամյակները հանգեցրել են նրան, որ այսօր բնակչության մեծ մասը ոչ միայն դեմ է հարցի տարածքային փոխզիջումային տարբերակին, այլ մարդիկ նախագահից պահանջում են ուժային լուծում:
Պահանջում են այնքան ուժեղ, որ դրանից հրաժարումը կարող է կասկածի տակ դնել ներկայիս իշխանության լեգիտիմությունը:
Հենց այդ պատճառով էլ Ալիևին հարկավոր է ի ցույց դնել ակտիվություն, որը կարտահայտվի շարունակական կրակոցներով ու անգամ լոկալ օպերացիաներով, ինչպիսին ապրիլյանն էր:
Ու քանի որ խաղաքարտին ադրբեջանական ռեժիմի պահպանումն է, Իլհամ Ալիևին Մոսկվան չի կարող հանգստացնել: Դա նշանակում է, որ նոր սադրանքները սարերի հետևում չեն:
Թարգմանությունը՝ ԿԱՐՄԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ