«Եթե վաղն ասեն՝ Ադրբեջանն է խախտել, ու կոչով դիմեն Ադրբեջանին, բայց որևէ իրական գործողություն տեղի չունենա, էլ դրանից հետո՝ ի՞նչ…». Թևան Պողոսյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ մինչև բանակցային սեղանի մոտ չլինի Արցախի ներկայացուցիչը, բանակցությունները չեն լինելու արցախյան հիմնախնդիրների լուծմանը միտված:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հունիսի 20-ին նախատեսված երեք նախագահների հանդիպմանը, նա նշեց, որ, թեև տեղեկություններ են տարածվել, թե հանդիպմանը փորձելու են ընդամենը Վիեննայում ձեռք բերված համաձայնության ծրագիրը քննարկել, ու գուցե դա լինի խոսակցության գլխավոր թեման, բայց ըստ նրա՝ քանի որ այնտեղ է լինելու նաև ՌԴ նախագահ Պուտինը, նա փորձելու է ամեն ինչ անել, որ ռուսական շահերն առաջ մղի.
«Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք ոչ թե՝ այդ հանդիպմանը մոտենալ ռուսական շահերի տեսանկյունից, այլ՝ մեր սեփական: Կարող են մտավարժություններով զբաղվել, սցենարներ առաջարկել, հոլիվուդյան սցենարներ գրել, բայց առանց Արցախի՝ խնդիրը չի լուծվելու: Մենք Արցախի բնակչության անվտանգության երաշխավորն ենք, բայց հարցի լուծման համար պետք է գնանք և բոլոր քննարկումները վարենք Արցախի ներկայացուցիչների հետ, նրանց հետ միասին, որ Ադրբեջանը նստի՝ ադրբեջանաղարաբաղյան կոնֆլիկտի շրջանակներում քննարկի հարցերը, թե ինչպիսի լուծումներ են հնարավոր»:
Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանն իրեն լավագույնս կդրսևորի, եթե հանդիպման ժամանակ մանրամասն քննարկի միջադեպերի հետաքննության մեխանիզմների հարցն այն տեսանկյունից, թե ով ինչ պարտավորություններ կամ պարտականություններ ունի, ինչ մեխանիզմներով է դա աշխատելու, ով է դրա համար վճարելու, ովքեր են լինելու հետաքննություն վարողները. «Բացի դրանից, շատ կարևոր է, որ, օրինակ՝ եթե ասվի, թե որ կողմն է խախտել, հետո ի՞նչ է լինելու. ի՞նչ քայլեր են լինելու, ի՞նչ հետևանք, երբ որևէ կողմը խախտի զինադադարը կամ ագրեսիա ցուցաբերի, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու, ի՞նչ վերաբերմունք են համանախագահները ցուցաբերելու»:
Պատգամավորը հիշեցրեց ուկրաինական փորձը. «Երբ այնտեղ խախտումներ են լինում, ու ամբողջ աշխարհն ասում է՝ ռուսական կողմն է խախտում, ինչ-որ մի բան փոխվո՞ւմ է: Եթե մենք մինչ այսօր գրանցել ենք, որ գիտեք՝ տեղի է ունեցել խախտում, կոչով դիմել են երկու կողմին: Հիմա, եթե վաղն ասեն՝ Ադրբեջանն է խախտել, ու կոչով դիմեն Ադրբեջանին, բայց որևէ իրական գործողություն տեղի չունենա, էլ դրանից հետո՝ ի՞նչ: Ես չունեմ վստահություն, որ, օրինակ՝ Կասպրչիկի գրասենյակը 6 հոգուց դարձնեն 800 հոգի, ինչպես Ուկրաինայում, էլի չի լինելու այնպես, ինչպես շատ ուկրաինական զեկույցներում է նշված՝ ԵԱՀԿ-ի մոնիտորներն այդպես էլ չեն կարողանում միանշանակ որոշել, թե որ կողմն է խախտում, բայց կա միտում ընկալելու, որ դա երևի ռուսներն են»: Հիմա պատկերացրեք՝ մեզ մոտ դնեն ու ասեն՝ գիտե՞ք ինչ, մենք չկարողացանք որոշել, թե որ կողմն է խախտել, բայց ունենք միտում՝ ասելու, որ երևի երկու կողմն էլ մեղավոր են. դրանից մեզ մոտ ինչ-որ մի բան փոխվելո՞ւ է: Պետք է այդ խնդիրներն էլ բարձրացվեն, ու հասկանանք, լավ, եթե այս մեխանիզմներն էլ տեղադրվեցին, դրանից հետո՝ ի՞նչ»:
Թ. Պողոսյանն ընդգծեց՝ անկախ նրանից, թե ինչ կպայմանավորվեն հանդիպման ընթացքում, մենք պետք է լավ կատարենք մեր «տնային աշխատանքը»՝ բանակի արդիականացում, բանակում եղած խնդիրների լուծում, և այլն: