«Նահանջի հրաման են տալիս, բայց ինքը չի նահանջում, չի համակերպվում. Մենակ-մենակ կրակի դեմ կանգնած՝ կռիվ է տալիս»

Արցախում զոհված Սաշա Գալստյանն Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր։ Նա ծառայում էր Ջեբրաիլում։ Բանակ էր զորակոչվել 2014թ. հունվարին։ Սովորում էր «Հայբուսակ» համալսարանում, ուզում էր բժիշկ դառնալ։ Սաշան երկու քույր ունի։ Սաշայի մոր՝ տիկին Սոֆիի խոսքով, Սաշան ծառայության հետ կապված բողոք երբևէ չի ունեցել, միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է։

«Մա՛մ, գալու եմ, չկասկածե՛ս, անպայման գալու եմ»

«Շատ խելացի էր, խելոք, մեծ մարդու նման՝ լուռ, հանգիստ, համեստ, շատ հյուրասեր։ Քաղցր շատ էր սիրում, բայց իր մի կոնֆետը կտար ուրիշին։ Մինչև իր քույրերը կոնֆետ չուտեին, ինքը չէր ուտի»,- որդու մանկության տարիները հիշելով՝ ասում է մայրը՝ տիկին Սոֆին։ Սաշան ընտանիքի ավագ զավակն էր, երկու քույր ունի։ «Ասում էինք՝ քույրերի պահապան հրեշտակն է»,- ասում է Սաշայի մայրը՝ նշելով, որ որդին մտածում էր մեծ մարդու նման։

Sasha (13) Sasha (7) Sasha (12)

«Ընկերներն ասում են՝ մենք կյանքում այնքան ենք զգալու իր պակասը, Սաշան մեզ սթափեցնողն էր, եթե ձայնը մի փոքր բարձրացներ, բոլորս զգաստանում էինք։ Ասում են՝ մեզ միշտ ասում էր՝ ձեզ տղամարդու պե՛ս պահեք, լրջացե՛ք։ Բոլորին խորհուրդ էր տալիս։ Բոլորն ունեն իրենց պատմությունները, թե ինչպես է Սաշան նրանց հանել հոգեպես ծանր վիճակներից։ Սաշայի մի խոսքը բավական էր։ Ինքն էլ իր կյանքով կենդանի օրինակ էր՝ իր սովորելով։ Մտնում էր ծնողի դրության մեջ. թաքուն աշխատում էր։ Ընկերուհի ուներ, այդ պատրվակով տանից դուրս էր գալիս, հանդիպում ու գնում մեքենա լվանալու։ Մենք դրա մասին չենք իմացել»,- ասում է Սաշայի մայրը՝ նշելով, որ Սաշան «Կարմիր դիպլոմով» ավարտել է բժշկական քոլեջը, ապա ընդունվել է «Հայբուսակ» համալսարան։

Բժշկի մասնագիտությունը Սաշան էր ընտրել։ Դեռ 4-րդ դասարանում նա շարադրության մեջ գրել էր, որ ուզում է բժիշկ դառնալ, օգնել մարդկանց։ Մայրն ասում է՝ ամեն անգամ սպիտակ խալաթ հագած բժիշկների տեսնելիս՝ նրա մոտ բժիշկ դառնալու ցանկություն է առաջացել։

Sasha (15) Sasha (16)

«Երբ մեծացավ, հայրը հարցրեց, թե ինչ է որոշել։ Ասաց՝ պա՛պ, ուզում եմ բժիշկ դառնալ։ Հայրն ասաց՝ Սա՛շ, պայման ունենք՝ կա՛մ դառնում ես կատարյալ բժիշկ, կա՛մ չես դառնում։ Չշտապեց։ Երկար ժամանակ մտածեց, ասաց՝ պա՛պ, որոշել եմ՝ բժիշկ եմ դառնալու,- ասում է Սաշայի մայրը՝ հավելելով, որ որդին իրեն նախապես քննությունների օրերը չէր ասում,- Պարապում էր։ Ստուգման գրքույկը բերում էր, ցույց տալիս, ասում էր՝ մա՛մ ջան, դու պիտի միայն ուրախանաս, չպիտի մտածես»։

Սաշան բանակ էր զորակոչվել 2014թ. հունվարի 14-ին։ Բանակ էր գնացել բարձր, մարտական տրամադրությամբ։ «Ասում էր՝ մա՛մ ջան, աչքերդ փակես-բացես՝ կողքիդ եմ։ Կարող էր զորամասում մնալ, բայց ասում էր՝ դիրքերում լավ է, ես դիրքեր եմ գնում, տղերքին պետք եմ։ Հարցնում էինք՝ ի՞նչ ուղարկենք, ասում էր՝ տղերքի համար՝ դեղ։ Քննիչը, ով գործը կազմել էր, ասաց՝ Սաշայի բոլոր գրպաններում ջերմաչափեր էին, դեղեր, ցավազրկողներ։ Նվիրվում էր, ուրիշի ցավով ապրում։ Անունը «քայլող ջիգյար» էին դրել»,- ասում է մայրը։

Ծառայության ընթացքում էլ ծնողների հարցերին ի պատասխան՝ միշտ ասել է, որ ոչնչի կարիք չունի, ամեն ինչ լավ է։ «Մեզ հանգստացնում էր, բայց դեպքեր են եղել, մեզ բացարձակապես ոչինչ չի ասել։ Իր զոհվելուց հետո եմ իմանում։ Միշտ ասում էր՝ մա՛մ, գալու եմ, չկասկածե՛ս, անպայման գալու եմ, մտքովդ այլ բաներ չանցնեն։ Ես իր խոսքին էի հավատում, մտածում՝ իմ երեխան տղամարդ է, իր խոսքի տերը, ինչ էլ լինի, իրեն կպաշտպանի, բայց հայրենիքը գերադասեց ընտանիքից, սիրած աղջկանից։ Արեց բոլորի համար։ Բոլորն իրեն որպես լավ մարդ էին ճանաչում։ Չկա մեկը, ում Սաշան վատ բան արած լինի։ Շատ խելացի էր։ Ասում էր՝ մա՛մ, իդեալական ընտանիք եմ ունենալու, ինչպես դու ու հայրս եք սիրով ընտանիք, այդպիսի ընտանիք էլ ես եմ ունենալու։ Մեզ համար շատ դժվար է։ Երբ պատկերացնում ենք՝ կգա հունվարը, Սաշան չի գա…»։

Sasha (8) Sasha (9) Sasha (11)

Տիկին Սոֆիի խոսքով՝ որդուն դժվարությամբ է բանակ ճանապարհել. «Դժվարությամբ ճանապարհեցի իրեն։ Սաշան չթողեց զինկոմիսարիատ գնամ։ Ասաց՝ մա՛մ, չնեղանա՛ս, այստեղից ինձ ճանապարհի՛ր, ես չեմ ուզում այնտեղ քո արցունքները տեսնել, ես ուրախ գնում եմ։ Ուրախ գնաց։ Չթողեց անգամ երդմնակալությանը գնայինք։ Ասաց՝ ինչպես հայրս է ծառայել՝ պապս չի իմացել, թե որտեղ է ծառայել, այդպես էլ ես պիտի ծառայեմ»։

«Նահանջի հրաման են տալիս, բայց ինքը չի նահանջում, չի համակերպվում»

Տիկին Սոֆին ասում է՝ որդու զոհվելուց ժամեր առաջ խոսել է Սաշայի հետ. «Ապրիլի 1-ի գիշերը՝ ժամը մոտ 1-ին, խոսեցի։ Շատ ուրախ, բարձր տրամադրությամբ զանգեց։ Ընտանիքի բոլոր անդամների հետ ուզեց խոսել։ Ապրիլի 4-ին ընկերուհու ծնունդն էր։

Sasha (14)

Ասաց՝ ի՞նչ ենք անելու Լիլիիս համար, մի խորհո՛ւրդ տուր, 18-ամյակն է, չափահաս է դառնում։ Ասացի՝ բալե՛ս, իր հասակի 18 վարդ կգնենք, սրտիկի ձևով տուփ, շոկոլադ կլցնեմ, նվերի համար էլ կմտածենք, երբ վաղը զանգես, կորոշենք, կանենք։ Դա իր վերջին զանգն էր։ Այդ օրն ասաց՝ ուզում եմ խոսել մուկիս հետ։ Փոքր քրոջը մուկ էր ասում։ Ասացի՝ քնած է, ասաց՝ արթնացրո՛ւ։ Նման բան չի եղել, որ Սաշն ասի՝ քնից արթնացրեք, որ խոսեմ։ Քրոջն ասաց՝ գիտես, չէ՞, ինչքան եմ քեզ սիրում, քո՛ւրս։ Բոլորի հետ խոսեց։ Երկու ժամ հետո արդեն սկսվել էր…»։

Sasha (6)

Խոսելով որդու զոհվելու հանգամանքների մասին՝ մայրն ասում է՝ Սաշան հրահանգ է ստացել կրակ բացել զենքից. «Ասում են՝ սկսել է կրակել առանց դադարի։ Բավական երկար ժամանակ դիրքը պահում է։ Նահանջի հրաման են տալիս, բայց Սաշան չի նահանջում, չի համակերպվում։ Մենակ-մենակ կրակի դեմ կանգնած՝ կռիվ է տալիս։ Երկու լիցք արդեն դատարկած է լինում։ Երրորդը լիցքավորելու ժամանակ արդեն դիպուկահարն իր տեղն իմացած է լինում։ Ասում են՝ այդ զենքից չի կարելի երկար ժամանակ կրակ վարել։ Այդ զենքին չի տիրապետել։ Իր զենքն ուրիշ է եղել, պարզապես ինքը չի համակերպվել։ Գիտակցելով՝ գերադասել է զոհել իր կյանքը, զոհել հանուն հայրենիքի»։

Sasha (2)

Ապրիլի 2-ին, երբ արդեն իմացել է, որ պատերազմ է սկսվել, տիկին Սոֆին զանգահարել է այն հեռախոսահամարին, որից որդին վերջին անգամ զանգել էր։ «Երեխաներից մեկը պատասխանեց, հարցրի՝ բալե՛ս, Սաշն ո՞ւր է, ասաց՝ Սաշն ինձ մոտ չէ։ Հարցրի՝ ճի՞շտ է, որ այդտեղ կռիվ է, ասաց՝ չէ, ա՛յ մեր, ամեն օր էլ կան կրակոցներ, մի՛ անհանգստացեք։ Չասաց, որ Սաշն արդեն չկա։ Բոլորը նույն բանն էին ասում՝ ասեք՝ չանհանգստանան, Սաշն այնպիսի տեղում է, որ կապ չկա, չի կարող զանգել։ Վատ կանխազգացում ունեի, բոլորն ասում էին՝ այդպիսի բաներ մի՛ մտածիր»։

Sasha (5) Sasha (4) Sasha (10)

Sasha (3)

«Ապրիլի 7-ի առավոտյան ամուսնուս ասացի՝ իմ երեխան շատ ուշադիր է, ինչ էլ լինի, գետնի տակից էլ հեռախոս կճարի, կզանգի, կասի՝ մա՛մ ջան, տոնդ շնորհավոր։ Ամբողջ օրն անցավ, չզանգեց։ Գիշերը հեռախոսը կողքիս, համակարգչի դիմաց նստած էի։ Մտածում էի՝ կարող է նկարած լինեն, գոնե մի պահ երեխուս դեմքը տեսնեմ, հանգստանամ»,- ասում է Սաշայի մայրը՝ նշելով, որ այդ օրն իրենց տեղեկացրել են որդու զոհվելու մասին։ Սաշան բազմաթիվ նպատակներ ուներ, պլաններ. «Ասում էր՝ մա՛մ ջան, իմ սեփական կլինիկան եմ ունենալու։ Ես համոզված եմ՝ անելու էր»։

Տեսանյութեր

Լրահոս