«Էս ազվերեննի կերածներին հանգստացրեք, հա, թե չէ ես կհանգստացնեմ». Վարդան Այվազյանը` Հրանտ Բագրատյանի մասին
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քվեարկությունից առաջ վիճաբանություն տեղի ունեցավ: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկեց հետաձգել որոշման նախագծի քվեարկությունը, որովհետև այս փուլում խոշորացումն արդարացված չէ, խոշոր համայնքներին հակադրում են փոքր համայնքներին, օրինակ` Կողբն ու Բերդավանը, Մեղրու տարածաշրջանի 15 համայնքներ միավորում են և ռազմավարական դիրք ունեցող Մեղրու տարածաշրջանը միայն մեկ համայնք են դարձնում: Նա հայտարարեց, որ անձամբ դեմ է քվեարկելու:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքն էլ մտահոգություն է հայտնել՝ Կողբի ու Բերդավանի միացման հետ կապված, երեկ քննարկել են բնակիչների, համայնքի ղեկավարների ու կառավարության հետ, և գոնե այդ երկու համայնքը մեկ համայնքում չեն միանա: Պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ խոսել է բերդավանցիների հետ, այժմ մտադիր են Չարդախլու գյուղի հետ միացնել, որին բնակիչները նույնպես համաձայն չեն: Նա հետաքրքրվեց, թե այլ ի՞նչ տարբերակ կա: Շարմազանովը տեղեկացրեց, որ Բերդը միանալու է Նոյեմբերյան համայնքին:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դիտարկմամբ` Սահմանադրության համաձայն՝ ԱԺ-ն այս օրենքն ընդունելիս պետք է պլենար նիստում լսի այդ համայնքների բնակիչներին: Պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով` նման օրենք հայտնվում է հայոց պատմությունը չիմանալու պատճառով: Նա հայտարարեց, որ գյուղ դատարկել չի կարելի, Հայաստանը Եվրոպա չէ, որ ինդուստրիալիզացնի գյուղը: Ըստ նրա` եթե գյուղում կա 10 մարդ, այնտեղ պետք է լինի դպրոց. «Էրդողանը 23 մլրդ դոլար փող է տալիս գյուղերին դոտացիայի տեսքով, ուսուցիչների աշխատավարձն իր աշխատավարձի չափ է սահմանել, մարդիկ հասկանում են, որ դա ստրատեգիական նշանակություն ունի: Չի կարելի երկու կոպեկի համար գյուղ վերացնել»:
Բագրատյանի կարծիքով` գյուղերին պետք չէ հարցնել, եթե անգամ համաձայն են խոշորացման, էնքան նեղն են, որ մտածում են՝ խոշորանան, վիճակ կփոխվի:
Նա նշեց, որ դա տարաբնակեցում է՝ պատմականորեն ձևակերպված.
«Գնացեք, կանգնեք կողքներին, զենք տվեք ձեռքներ, եթե ուզում են կռվել»:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի հայտարարությունը, թե կխոսեն ամեն ինչից, բացի բուն օրենքի բուն բովանդակությունից, վրդովեցրեց Բագրատյանին, և նա տեղից հակադարձում էր Այվազյանին:
«Հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, այ քեզ բան: Վունդերկինդ, հանգիստ նստի տեղդ»,- իր հերթին՝ պատասխանեց Այվազյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց ընդմիջմանը խոսել` «հիմա վախտը չի»:
Հ.Բագրատյանը շարունակում էր դժգոհել և Այվազյանին հրավիրում էր միջանցք: «Էս ազվերեննի կերածներին հանգստացրեք, հա, թե չէ ես կհանգստացնեմ»,- ասաց Այվազյանը:
Բագրատյանն էլ ավելի վրդովվեց ու քննարկում էր, թե ով ում կհանգստացնի, երբ Այվազյանն «արի՛, արա՛» ասելով՝ տեղից բարձրացավ: «Նստի՛, ամո՛թ ա, Վարդա՛ն, հե՛տ արի, ամո՛թ ա»,- միջամտեց Շարմազանովը: Վերջապես պատգամավորներին խաղաղեցրեցին, և Գ.Սահակյանը հայտարարեց քվեարկության արդյունքները. 58 կողմ, 23 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց: