«Այսօր դժվար է գտնել այնպիսի երկիր, որտեղ հանքարդյունաբերության մեջ ներդրումներ անելը կարող է գրավիչ համարվել»
Մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 8-ին, Համաշխարհային բանկը հանդիսավոր կերպով ներկայացրեց «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում-Հայաստան» զեկույցը։ Այն պատրաստվել է ՀՀ կառավարության խնդրանքով. կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին՝ իրականացնելու հանքարդյունաբերության հետ կապված հիմնական սոցիալական ու բնապահպանական մարտահրավերների և ապագա հնարավորությունների գնահատում։ Ինչպես նշվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ և բանախոսների ելույթներում՝ այս գնահատումը պետք է օգնի ընդերքի մասին ռազմավարության ձևավորմանը, որտեղ կարտացոլվի լավագույն միջազգային փորձը։ Զեկույցը բավականին ծավալուն է և դրանում կան բավական ուշագրավ հատվածներ։
Օրինակ, դրանում նշվում է, որ չնայած այսօրվա դժվարություններին՝ հանքարդյունաբերական շուկան վաղ թե ուշ բարելավվելու է, բացվելու են նոր ներդրումային հնարավորություններ, և Հայաստանը պետք է պատրաստ լինի՝ այդ հնարավորությունները ձեռքից բաց չթողնելու համար։ Մյուս կողմից՝ մեր երկրում շատերի մոտ ընկալում կա, որ հանքերն իրենց քանակով «կլանել են» երկիրը, և նոր հանքերի կարիք չկա։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում 2015 թվականի դրությամբ կար 27 հանք, որոնցից 14-ը գործող են, մնացածը հետախուզության փուլում գտնվող նախագծեր են։ 27 հանքը շատ չէ. Հայաստանի նման փոքր երկրի համար։ Համաշխարհային բանկի Հանքարդյունաբերության հարցերով գլխավոր մասնագետ Կիրստեն Հունդը կարծում է՝ ոչ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իր չափերով Հայաստանի հետ համադրելի շատ երկրներում հանքերի թիվը կրկնակի շատ է։ «Բացի այդ, բացառությամբ Զանգեզուրի, մնացած հանքերը փոքր են, և կան նաև շատ փոքր հանքեր»,- ասաց նա։
Ի դեպ, ՀԲ զեկույցի համաձայն, ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված հիմնական մտահոգությունը հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից մեծ կախվածությունն է (նշվում է, որ ԶՊՄԿ-ի շրջանառության բաժինը 2010-2014 թթ. կազմել է բոլոր ակտիվ հանքարդյունահանող ընկերությունների շրջանառության շուրջ 60 տոկոսը)։ Այսինքն, այստեղ ունենք կենտրոնացվածության բարձր մակարդակ։ Տկն Հունդի համոզմամբ՝ այս առումով իրավիճակը որոշակիորեն կարող է փոխել «Լիդիան» ընկերության («Գեոթիմ» ՓԲԸ սեփականատեր) կողմից շահագործվելիք Ամուլսարի ոսկու հանքավայրը։ Սակայն, ամեն դեպքում, մտահոգություններ դեռ կան։
«Երբ նայում ենք, թե այսօր քանի ընկերություններ են հետախուզական աշխատանքներ տանում, տեսնում ենք, որ դրանք շատ քիչ են։ Այնպես որ, առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում՝ «Լիդիանից» բացի, այլ նոր նախագծեր չեն նշմարվում։ Սա այն հարցերից մեկն է, որի վրա հրավիրել ենք ՀՀ կառավարության ուշադրությունը»,- ասաց ՀԲ ներկայացուցիչը։
ՀԲ զեկույցում հատուկ նշվում է, որ ջանքեր պետք է գործադրվեն՝ միջազգային, կայացած ընկերությունների ներգրավելու համար։ Սակայն, մանավանդ այսօր, դա այնքան էլ հեշտ գործ չէ (ոչ միայն Հայաստանի համար)։ «Հաշվի առնելով մետաղների գների շարունակվող անկումը՝ այսօր դժվար է գտնել այնպիսի երկիր, որտեղ հանքարդյունաբերության մեջ ներդրումներ անելը կարող է գրավիչ համարվել։ Սակայն, չնայած դրան՝ այս պահին Հայաստանը պետք է մշակի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականություն՝ ինքն իր համար որոշի՝ ինչպես է տեսնում այս ոլորտի պատկերն առաջիկայում, կոնկրետ որ ուղղություններն է ցանկանում զարգացնել, ինչ չափանիշներ են գործելու, և այլն։ Իսկ ներդրումների ներգրավման համար պետք է կատարվեն հետազոտություններ՝ ինչ ունենք և ինչ է կատարվում, ու այդ ամենը պետք է հասանելի դարձնել, որովհետև հետազոտությունն ինքնին դեռ չի նշանակում՝ ներդրում»,- համոզված է մեր զրուցակիցը։
Միջազգային նոր ընկերությունների մուտքը կարևորվում է ոչ միայն՝ տնտեսական, այլ նաև՝ նոր մշակույթի, ավելի բարձր չափանիշների, լավագույն փորձի ու պատասխանատու գործելաոճի ներդրման տեսանկյունից։ Կ. Հունդի խոսքերով՝ հին հանքերը երկար տարիներ գործում են խաղի հին կանոններով, և իրավիճակը կարելի է հիմնարար կերպով բարելավել նորեկների միջոցով։ Մենք հետաքրքրվեցինք՝ հայաստանյան 27 հանքերից կա՞ գոնե մեկը, որը պատասխանատու հանքարդյունաբերություն է իրականացնում։
ՀԲ ներկայացուցիչն այսպես պատասխանեց. «Եթե դիտարկում ենք սոցիալական, բնապահպանական և տնտեսական կայունության տեսանկյունից, ապա կարծում եմ, Հայաստանում դժվար է գտնել ընկերություն, որը բավարարում է միաժամանակ այս երեք սկզբունքներին։ Այդ մասին նշվում է նաև զեկույցում»։ Այսինքն՝ մեկը տնտեսական առումով համապատասխանում է, բայց սոցիալական առումով՝ ոչ։ Կամ՝ սոցիալական ու տնտեսական առումով նորմալ է, սակայն խնդիրներ կան բնապահպանության մասով։
Նա չհամաձայնեց այն ձևակերպմանը, որ արդեն գործող հանքերը պատասխանատու, իդեալականին մոտ հանքարդյունաբերություն իրականացնելու տեսանկյունից անհույս են։ Սակայն ավելացրեց. «Նրանք գործում են հին տեխնոլոգիաներով։ Այսինքն, նրանք արդիականացման կարիք ունեն՝ ավելի արդյունավետ դառնալու և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար»։
Իրավիճակը բարելավելու տեսանկյունից ՀԲ ներկայացուցիչը կարևորեց նաև տեղեկատվության թափանցիկությունը, որը վերաբերում է թե՛ կառավարությանը, թե՛ ընկերություններին։
Օրինակ՝ զեկույցում նշված էր, որ հանքարդյունաբերական ընկերություններից միայն «Դանդի Փրիշս Մեթալզի» ֆինանսական հաշվետվություններն է հնարավոր եղել առցանց ստանալ՝ նրանց կայքի միջոցով։ Տկն Հունդը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ընկերություններից տվյալներ ստանալու հարցում մեծ դժվարությունների են հանդիպել։ Կարևորվում էր նաև շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության՝ հ/կ-ների մասնակցությունը հանքարդյունաբերության խնդիրներին։ Թե՛ զեկույցում, թե՛ առանձին զրույցներում շեշտվում է, որ անհրաժեշտ է նոր մակարդակի բերել եռակողմ երկխոսությունը՝ կառավարության, ընկերությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև։
Մյուս կողմից, նույն զեկույցում հ/կ-ների մասով ասվում էր, որ դրանց նկատմամբ հասարակական վստահության մակարդակը շատ ցածր է։ Նշվում էր, որ հետազոտություններից մեկի համաձայն՝ հայաստանյան հ/կ-ների ղեկավարների 43 տոկոսը կարծում է, որ հանրությունն ինչ-որ չափով վստահում է հ/կ-ներին, բայց իրականում այդ ցուցանիշն ընդամենը 15% է։ «Հ/կ-ները գերագնահատում են իրենց նկատմամբ հասարակական վստահությունը»,- եզրակացրել էին ՀԲ փորձագետները։ Ո՞րն է դրա պատճառը։ Այս հարցին ի պատասխան՝ տկն Հունդը նշեց, որ վստահության հարցն իրականում ավելի լայն է և միայն հ/կ-ներին չի վերաբերում։ «Ընդհանրապես, շահագրգիռ կողմերի փոխադարձ վստահությունը միմյանց նկատմամբ Հայաստանում շատ ցածր է։ երկխոսության մակարդակը հանքարդյունաբերողների և քաղաքացիական հասարակության, քաղհասարակության և կառավարության, և ընդհանուր առմամբ՝ այս երեքի միջև չափազանց թույլ է։ Կարծես յուրաքանչյուրն իր անկյունում նստած լինի, և հենց դրանից էլ ծագում է վստահության պակասը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ճիշտ է՝ խնդիրները (հատկապես՝ բնապահպանական) երբեմն շատ սուր են դրված, սակայն կողմերը պետք է գոնե սկսեն իսկապես խոսել միմյանց հետ։
Փաստորեն՝ Համաշխարհային բանկը մի կողմից՝ խորհուրդ է տալիս ջանքեր գործադրել ու նոր օտարերկրյա ընկերությունների ներգրավել հանքարդյունաբերության ոլորտում և ակտիվացնել շփումը հասարակական սեկտորի հետ։ Մյուս կողմից՝ բնապահպանական խնդիրներով զբաղվող հ/կ-ներից շատերն ընդհանրապես դեմ են օտարերկրացիներին և գտնում են, որ հանքերը պետք է պետականացվեն, քանի որ, նրանց համոզմամբ, մասնավոր ընկերությունը չի կարող պատասխանատու հանքարդյունաբերություն իրականացնել։
«Չեմ կարծում, որ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից կառավարությունն ավելի արդյունավետ է, քան մասնավոր ընկերությունը»,- այս դիտարկմանն ի պատասխան՝ նշեց Կ. Հունդը։ «Իհարկե, մենք իրավասու չենք ասել՝ ով ինչ պետք է անի, կամ չպետք է անի։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ միջազգային տեսանկյունից՝ ընկերություններն ունեն արդյունավետ ու պատասխանատու հանքարդյունաբերություն իրականացնելու համար անհրաժեշտ հմտությունները, որոնք պարտադիր չէ, որ կառավարություններն ունենան՝ որպես տնտեսական օպերատորներ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նորմալ հանքարդյունաբերություն ունենալու համար պետք է լավ օրենսդրություն, այդ օրենքների կիրարկում և պատասխանատու ընկերություններ։