«Այսօրվա աշխարհում տարածքներն այնքան կարևոր չեն, որքան հասարակությունը, օրենքի գերիշխանությունը և գործարար լավ մթնոլորտը». «Ամերիկայի Ձայն»
Հունիսի վերջին Պետերբուրգում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հավանաբար քննարկվելու է ոչ թե խաղաղ պայմանագիրը, այլ՝ ներկա իրավիճակում խաղաղության ապահովման միջոցները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը.
«Կարծում եմ, ապրիլի 2-ին եւ հաջորդ օրերին տեղի ունեցածից հետո շատ ավելի դժվար է բանակցել: Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու է հայկական կողմը ցնցված տեղի ունեցածով»:
Էվանսի խոսքով, նախագահների առաջիկա հանդիպումն այնուամենայնիվ հույս է ներշնչում.
«Առաջնորդներից երկուսն էլ խելացի եւ պատասխանատու մարդիկ են, եւ եթե նրանք հոգ են տանում իրենց մարդկանց մասին, ապա պետք է բանակցեն եւ փորձեն նվազեցնել հետագա բռնությունների հնարավորությունը»:
Ջոն Էվանսն ընդգծում է, որ ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական աշխատանքին, եւ ապագայում նման իրավիճակը պետք է բացառվի:
Բելառուսում եւ Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քենեթ Յալովիցի կարծիքով, ապրիլյան պատերազմը լուրջ վտանգ էր հանդիսանում ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ տարածաշրջանում գլոբալ խաղացողների համար.
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը կարող է շատ վտանգավոր լինել, կարող է իր մեջ ներքաշել Թուրքիան, Ռուսաստանը եւ նույնիսկ Իրանը: Դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը փաստորեն պատերազմի մեջ կհայտնվեր Ռուսաստանի հետ»:
Յալովիցի խոսքով, Վաշինգտոնից բավականին բարդ է պարզել, թե ով էր հրահրել ապրիլյան պատերազմը: Միեւնույն ժամանակ, նա ավելացնում է.
«Չեմ սիրում մեղադրանքներ հնչեցնել, սակայն կարծես թե տրամաբանական է թվում, որ դա կփորձեին անել ադրբեջանցիները»:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Ջոն Էվանսն ընդգծում է, որ բանակցություններն անհրաժեշտ է կենտրոնացնել հենց մարդկանց անվտանգության ապահովման, այլ ոչ այնքան՝ տարածքների վրա: Այդ մոտեցման դեպքում, կողմերը կարող են քննարկել ինչպես Ղարաբաղի բնակչության, այդնես էլ՝ ադրբեջանցի տեղահանվածների ճակատագիրը.
«Այսօրվա աշխարհում տարածքներն այնքան կարեւոր չեն, որքան հասարակությունը, օրենքի գերիշխանությունը եւ գործարար լավ մթնոլորտը»: