
Հայ հասարակության 81.3%-ի կարծիքով՝ քառօրյա պատերազմը հրահրվել է Թուրքիայի կողմից. «Գելլափ Ինթերնեյշնլ»

«Գելլափ Ինթերնեյշնլի» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ու նույն ասոցիացիայի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրին «Ապրիլյան քառօրյա պատերազմի հասարակական արձագանքը» թեմայով հետազոտության արդյունքները:
Գ. Դաջունցը նախ՝ ներկայացրեց հետազոտության մեթոդաբանությունը. «Հետազոտության մեթոդը՝ դեմ առ դեմ հարցումներ, հարցումների քանակը՝ 1106, հետազոտության ընտրանքային սխալը՝ ±3%, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ 13.05.2016-24.05.2016, հետազոտության վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները՝ բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն:
Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 33%, մարզերում` 67%»:
Արամ Նավասարդյանն էլ ներկայացրեց հետազոտության արդյունքները.
«Ըստ Ձեզ՝ ներկա պահին որո՞նք են մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները» հարցին հարցվողների
72%-ը պատասխանել է՝ պատերազմական իրավիճակ,
38.4%-ը՝ գործազրկություն,
35.5%-ը՝ աշխատատեղերի խնդիր,
29.9%-ը՝ արտագաղթ,
26.2%-ը՝ աղքատություն,
18.8%-ը՝ գործազրկություն, և այլն:
Հարցադրմանը՝ ինչպես տեղյակ եք՝ապրիլի 1-ի լույս 2‐ի գիշերվանից սկսած՝ ղարաբաղաադրբեջանական առաջնագծի ամբողջ երկայնքով Ադրբեջանը ձեռնարկել է 1994-ի զինադադարից ի վեր ամենամեծ հարձակումը՝ զրահատեխնիկայի, ավիացիայի և հրետանու կիրառմամբ. Ըստ Ձեզ՝ ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի այդ քայլերը, հարցվողների
46.7%-ը պատասխանել է՝ այս իրավիճակն Ադրբեջանին թելադրվում է արտաքին ուժերի կողմից,
32.5%-ն էլ պատասխանել է՝ Ադրբեջանը հրահրում է պատերազմական իրավիճակ, որպեսզի զսպի/քողարկի ներքին խնդիրները:
«Որքանո՞վ եք վստահ, որ այսուհետ ևս ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակն ունակ կլինեն հակահարված հասցնել Ադրբեջանական բանակի գործողություններին» հարցին
հարցվողների 61.4%-ը պատասխանել է, որ լիովին վստահ է,
31.4%-ն էլ՝ ավելի շուտ վստահ է:
«Ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի պատրաստվածությունը, հմտությունը նման լայնածավալ հարձակմանը հակազդելու տեսանկյունից» հարցին հարցվողների
44.3%-ը պատասխանել է՝ ավելի շուտ պատրաստված է,
40.1%-ը՝ լիովին պատրաստված է:
Հարցին՝ «Ըստ Ձեզ՝ ի՞նչ աշխատանքներ պետք է իրականացնել հետագայում նման հարձակումներից առավել պաշտպանված լինելու և անհրաժեշտ պատասխանը տալու համար», հարցվողների.
86.4%-ը պատասխանել է, որ պետք է գնել նոր զինտեխնիկա,
38.1%-ը՝ նվազեցնել կոռուպցիոն դրսևորումները բանակում:
Ձեր կարծիքով՝ որո՞նք են քառօրյա պատերազմը հրահրող երկիրը/երկրները.
Թուրքիա- 81.3%,
Ադրբեջան- 33%,
Ռուսաստանի Դաշնություն- 17.2%,
ԱՄՆ- 14.5%:
Ինչպե՞ս կգնահատեք հետևյալ երկրների պաշտոնական վերաբերմունքը/արձագանքը քառօրյա պատերազﬕ ընթացքում, որտեղ 1-ը նշանակում է՝ լիովին բացասական, 5‐ը՝ լիովին դրական.
Եվրոպական երկրներ- 3.6,
ԱՄՆ- 2.9,
Թուրքիա- 1.5,
Իրան- 3.7,
Վրաստան- 3.2,
Ուկրաինա- 3.5,
Բելառուս- 3.4,
Ղազախստան- 3.3,
ՌԴ- 2.9:
Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ինֆորմացիայի ստացման հիմնական աղբյուրները.
Հեռուստացույց- 85. 1%,
Facebook- 44%,
Շրջապատ- 43.8%,
ՀՀ ՊՆ մամուլի ծառայության քարտուղարի ֆեյսբուքյան էջ- 19.7%,
Լրատվական կայքեր-15.1%,
ՀՀ ՊՆ պաշտոնական վեբ կայք- 7.8%,
ԼՂՀ ՊԲ պաշտոնական վեբ կայք- 5%,
Ռադիո- 3.7%,
Տպագիր մամուլ- 1%:
Որքանո՞վ էր, ըստ Ձեզ՝ վստահելի ՀՀ ՊՆ և պետական այլ մարմինների կողմից տրված պաշտոնական տեղեկատվությունը քառօրյա պատերազմի վերաբերյալ.
Ավելի շուտ վստահելի էր- 55.9%,
Լիովին վստահելի էր- 16.9%,
Ավելի շուտ վստահելի չէր- 20.6%,
Ղազախստանի վարչապետի առաջարկով ապրիլի 8-ին Երևանում նախատեսված ԵԱՏՄ նիստը տեղափոխվեց Մոսկվա: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը.
Լիովին դրական- 1.6%,
Ավելի շուտ դրական- 17%,
Ավելի շուտ բացասական- 28.9%,
Ընդհանրապես բացասական- 28.4%,
Դժվարանում եմ պատասխանել- 24.1%:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ցանկալի է՝ հեռուստատեսությունից, կայքերից և մյուս լրատվատեսակներից օգտվողներն ավելի շատ լինեն. «Նույնիսկ ճիշտ չեմ համարում, որ Ֆեյսբուքից ինֆորմացիա ստացողներն են 44%: Ավելի ճիշտ է, որ լինեն ԶԼՄ տեսակներ, պաշտոնական կայքեր, քան շրջապատ ու Ֆեյսբուք: Այնուամենայնիվ, առողջ դաշտը գերակշռում է»:
Ա. Նավասարդյանն էլ հավելեց, որ մի քանի պատասխանի հնարավորություն է եղել, և մարդիկ միանգամից ինֆորմացիայի մի քանի աղբյուր են նշել: