Բաժիններ՝

«Ինձ շատ է հետաքրքրում ձեր ազգային երաժշտությունը. ռիթմի առումով այն շատ բարդ է, իսկ մեղեդայնության հարցում՝ արտակարգ»

Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը մոտենում է ավարտին, բայց մինչ այդ «Արմենպրես»-ը զրուցել է ժյուրիի անդամներից ևս մեկի հետ: Այս տարի նրանց թվում են համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժորներ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից և այլն: «Արմենպրեսի» թղթակիցը զրուցել է դիրիժոր և Լոնդոնի «Ֆիլհարմոնիա» նվագախմբի գործադիր տնօրեն Դևիդ Ուելթոնի հետ:

Պարոն Ուելթոն, Դուք առաջին անգամ եք Հայաստանում. ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

-Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է, ես իսկապես վայելում եմ ժամանակն այստեղ, ես էլ ինձ հետ բերել եմ լոնդոնյան անձրևները: Մարդիկ շատ բարեհամբույր են: Մենք այցելել ենք վանքեր, այնտեղ շատ հետաքրքիր էր, բայց ամենից շատ ես տպավորված եմ պատկերասրահով ու թանգարաններով` հատկապես Պատմության և Կոմիտասի թանգարաններով:

-Իսկ ի՞նչն եք ամենից շատ հավանել այստեղ:

Կարդացեք նաև

– Անկեղծ ասած`ես հիացած եմ պետական երիտասարդական նվագախումբով. այն ուղղակի հիասքանչ է, իսկ երաժիշտները շատ գեղեցիկ են նվագում: Ցանկացած մրցության մեջ շատ բան կախված է նվագախմբից, դուք շատ բախտավոր եք, որ այն այսքան լավն է: Ես նաև կարծում եմ, որ Երևանի օպերային թատրոնի շենքը շատ գեղեցիկ է ու պատկերավոր, այն շատ լավ վայրում է. մոտակայքով անցնելիս անհնար է չնկատել այն: Իմ կարծիքով` ամեն ինչ շատ հարմավետ կահավորված է և ակուստիկան ևս շատ լավն է:

-Ի՞նչ կասեք Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցների մասին:

-Նախ նշեմ, որ նրանց մակարդակն իսկապես շատ բարձր է: Ես շատ այլ մրցույթներում ևս մասնակցել եմ իբրև ժյուրիի անդամ և կարող եմ վստահաբար ասել, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իսկապես բարձրաստիճան է: Ես տեսել եմ նաև դիրիժորական բազմաթիվ մրցույթներ, ու բոլորը շատ տարբեր էին, որովհետև քաղաքներն են տարբեր: Միանման չեն նաև նվագախմբերը, ուստի կարծում եմ, որ այս մրցույթն էլ առանձնահատուկ է: Ըստ իս՝ այս մրցույթի բոլոր պայմանները մասնակիցների համար հնարավորինս ձեռնտու են:

-Իսկ ի՞նչն է այս մրցույթում առանձնահատուկ:

-Կարծում եմ` նվագախումբը: Այն մրցույթին հաղորդում է ինտենսիվություն, խորություն և հսկայական ոգևորություն: Նվագախմբի անդամներն իսկապես վայելում են այն, ինչով զբաղվում են, իսկ դա դիրիժորի համար մեծագույն նշանակություն ունեցող գործոն է:

– Այս օրերի ընթացքում ինչ-որ նոր բան իմացա՞ք հայկական մշակույթի մասին:

-Իհարկե, շատ բան: Ես շատ բացեր լրացրի՝ այցելելով Կոմիտասի թանագարան-ինստիտուտը: Հայաստանը շատ երաժշտական երկիր է: Մենք շատ հայ ընկերներ ունենք Լոնդոնում. Սերգեյ Սմբատյանը աշխարտել է «Ֆիլհարմոնիա» նվագախմբի հետ 2011թ.՝ երկու շատ կարևոր համերգների շրջանակում, ուստի մենք արդեն գիտեինք, թե որքան տաղանդավոր երաժիշտներ կան Հայաստանում: Ես առավոտյան լսել եմ Կոնսերվատորիայում պարապող երաժիշտների նվագն ու կարող եմ ասել, որ երաժշտական ուսուցման ծրագիրը հիանալի է: Բացի այդ` ինձ շատ է հետաքրքրում ձեր ազգային երաժշտությունը. ռիթմի առումով այն շատ բարդ է, իսկ մեղեդայության հարցում՝ արտակարգ:

-Ի՞նչ կուզեիք տեսնել Երևանում, որ դեռ չեք տեսել:

-Ավելի շատ պատկերասրահներ ու թանգարաններ, նաև հայկական պարը: Կուզեի ճամփորդել երկրով, բայց ցավոք, ես պետք է Լոնդոն վերադառնամ հունիսի 15-ին: Բայց ես խոստացել եմ կնոջս, որ արձակուրդներին մենք միասին կգանք Հայաստան: Ուզում եմ նաև մի բան ավելացնել. որքան շատ երաժշտական կապեր ունենաք աշխարհով մեկ, այնքան ավելի կվայելեք այս հիանալի երաժշտական ավանդույթները, որ ունեք, և մենք նույնպես դրանցից հաճույք կստանանք: Մենք ծագումով հայ հիանալի կոմպոզիտորների ենք ճանաչում, ովքեր աշխարհի տաբեր բեմեր բարձրանալով՝ փոխանցում են ձեր ավանդույթները, դա նաև մ եզ է հաճելի:

Հարցազրույցը` Լուսինե Ղազարյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս