Global Peace Index- 2016. Հայաստանը 162 երկրների շարքում 110-րդն է
Ավստրալական Խաղաղության ինստիտուտը (Institute for Economics and Peace) դասակարգել է աշխարհի 162 երկրները՝ ըստ անվտանգության ցուցանիշի:
Ընդհանուր առմամբ՝ Global Peace Index 2016 (Խաղաղասիրության համաշխարհային ինդեքս) անվանումը կրող հետազոտության հեղինակները կարծում են, որ աշխարհը դառնում է ավելի վտանգավոր վայր ապրելու համար:
Զինված հակամարտությունների թիվը, ինչպես նաև ահաբեկչական հարձակումների թիվն սկսել է կտրուկ աճել վերջին տարիներին՝ անցած տարի հասնելով առավելագույնին՝ վերջին 25 տարում:
Եթե 2010թ. գրանցվել էր 31 ռազմական համակարտություն, ապա 2014-ին՝ արդեն 40: Տարբեր հակամարտությունների զոհերի թիվը ևս ավելանում է: Հաշվետու տարում վերջին հակամարտություններից զոհերի թիվը հասել է առավելագույն նշագծին՝ վերջին քառորդ դարի տվյալով:
Ինչպես նշում են Խաղաղության ինստիտուտի փորձագետները, այդ թրենդը կպահպանվի նաև հաջորդ տարի:
Աշխարհի ամենաանվտանգ երկրների առաջատար տասնյակըն ունի այս տեսքը.
Իսլանդիա
Դանիա
Ավստրիա
Նոր Զելանդիա
Պորտուգալիա
Չեխիա
Շվեյցարիա
Կանադա
Ճապոնիա
Սլովենիա
Global Peace Index-ը վարկանշային աղյուսակ կազմելիս հաշվի է առել 23 գործոն, այդ թվում՝ ինչպես ներքին, օրինակ՝ երկրում բռնության և հանցավորության մակարդակը, այնպես էլ արտաքին՝ հարևան երկրների հետ հարաբերություններն ու ռազմական ծախսերի մակարդակը:
Գնահատվում է նաև զինված հակամարտությունների բացակայությունը կամ դրանց մասշտաբը, փախստականների տոկոսը, ներքին տեղահանվածների թիվը երկրում, քաղաքական կայունության մակարդակը, իշխանությունների կողմից մարդու իրավունքների պահպանումը, զինծառայողների և ուժային կառույցների ներկայացուցիչների թիվը խաղաղ բնակիչների համեմատ, զենքի ազատ մատչումը շարքային բնակիչներին:
Հայաստանը զբաղեցրել է վարկանշային աղյուսակի 110-րդ հորիզոնականը, Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը՝ 85-րդ հորիզոնականը, Իրանը՝ 133-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 134-րդում է, Թուրքիան՝ 145-րդում, Ուկրաինան հայտնվել է 156-րդ հորիզոնականում:
Նախորդ տարի Global Peace Index-ը կազմող տնտեսագետների ու սոցիոլոգների միջազգային խմբի ամենամյա զեկույցում նշվում էր, որ 162 երկրների շարքում Հայաստանը գտնվում էր 91-րդ հորիզոնականում:
Ռուսաստանը հայտնվել է ապրելու համար ամենաանվտանգ և խաղաղասեր երկրների ցանկի վերջում՝ 162 երկրների շարքում զբաղեցնելով 151-րդ հորիզոնականը:
Global Peace Index-ի վարկանշային աղյուսակում Ռուսաստանը հայտնվել է Հյուսիսային Կորեայի և Ուկրաինայի միջև և ճանաչվել հետխորհրդային տարածքում առավել վտանգավոր երկիրը:
Global Peace Index-ի վարկածով՝ Ռուսաստանը աշխարհի ամենառազմականացված երեք երկրների թվում է՝ հետ մնալով Իսրայելից և Հյուսիսային Կորեայից: ԱՄՆ-ը հայտնվել է վարկանշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում:
ԱՄՆ-ը հայտնվել է վարկանշային աղյուսակի 94-րդ հորիզոնականում:
Ամենավտանգավոր երկիրը, ինչպես անցած տարի, այս տարի ևս ճանաչվել է Սիրիան, որին հաջորդում են Իրաքն ու Աֆղանստանը:
Աշխարհի ամենավտանգավոր երկրների թվում են նաև Հարավային Սուդանը, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Սոմալին, Սուդանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Պակիստանն ու Հյուսիսային Կորեան:
Աշխարհի ամենավտանգավոր վայրերը Հյուսիսային Աֆրիկան և Մերձավոր Արևելքն են: